
«Չեք կարող գուշակել՝ դա ադրբեջանական ֆե՞յք է, թե՞ Արսեն Թորոսյանը, դա Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի ԱԳՆ-ն է ասում». Նարե Սիմոնյան
«Արցախցիների հանդեպ ատելության խոսք է տարածվում, որն ուղղված է նրան, որ կարճաժամկետ հատվածում՝ արցախցիները չպայքարեն, հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից, երկարաժամկետ հատվածում՝ անընդհատ զգալով այդ ճնշումները՝ մեկուսանան, գուցե այլ խնդիրներ ևս հաշվի առնելով՝ թողնեն հեռանան մայր հայրենիքից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը՝ շեշտելով՝ բաց նամակով դիմել են ԶԼՄ ներկայացուցիչներին՝ խնդրելով նյութերի մեկնաբանություններից հեռացնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ տարածվող ատելության խոսքը:
«Արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են անում Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, կարող եմ շատ երկար թվարկել շարքը: Այս դրսևորումների արտահայտումն իրական կյանքում շատ մեծ է, շատ մեծ է ազդեցությունն արցախցիների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա»,- նշեց նա:
Նարե Սիմոնյանի խոսքով՝ երկարաժամկետ հատվածում այս ատելության քարոզի հետևանքները շատ աղետալի կլինեն՝ ներազգային թշնամանքից մինչև արցախցիների արտագաղթ Մայր հայրենիքից. «Այս իշխանություններն ամեն ինչ անելու են և՛ արցախցիների տարբեր խմբերից, և՛ ազգային տարբեր կառույցներից հնարավորինս արագ ազատվելու համար: Երբեմն ասում են՝ այս ամենի մեջ կան ներառված ադրբեջանական ֆեյքեր, այո, այդպես է: Բայց ամբողջ զավեշտը և ողբերգությունն այն է, որ եթե չտեսնեք՝ ով է այդ տեքստի հեղինակը, դուք չեք կարող գուշակել՝ դա ադրբեջանական ֆե՞յք է, թե՞ Արսեն Թորոսյանը: Եվ այդպես՝ տարբեր մակարդակներում: Տեսնելով հայտարարություն՝ առանց իմանալու հեղինակին՝ չեք կարող գուշակել՝ դա Ալիևի՞ խոսքն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Եվ ոչ միայն խոսքերով, այլ նաև արարքներով: Այս պահին թիրախն արցախցիներն են, արցախցիների նկատմամբ է ակտիվ հակաքարոզ տարվում, բայց տարբեր բնագավառներում նույն իրավիճակն է»:
Իրավապաշտպանը շեշտեց՝ Արցախի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունն էլ նույն տրամաբանության մեջ է. «Եթե չիմանայինք՝ ով է այդ հայտարարության հեղինակը, կարելի էր մտածել, որ դա Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն է: Արցախի կեղծ լուծարման հրամանագիրը, որը, չկա որևէ մասնագետ, որ չֆիքսի՝ դա կեղծ է, որը նույնիսկ կեղծ լինելով՝ Արցախի նախագահի կողմից չեղարկվել է, դա ավելի շատ օգտագործում են արցախցիների իրավունքների դեմ ՀՀ գործող իշխանությունները, քան ադրբեջանական իշխանությունները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում