
Միջպետական գանգատներից հրաժարվելը, խաղաղության խաչմերուկներում դեգերելը, գերիների հարցը օրակարգից դուրս թողնելը որևէ կերպ չեն մոտեցնում խոստացված խաղաղությունը․ Շաքե Իսայան

ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մասնակցում էինք մի պանելային հանդիպում-քննարկման՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։
Բանախոսները Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն էին։
Քննարկման ժամանակ ներկայացվեց ռազմագերիների վերաբերյալ գործերի ընթացիկ վիճակը, նրանց պահման անմարդկային պայմանները, գործընթացի տոտալ անվերահսկելիությունը որևէ միջազգային անկախ կառույցի կողմից: Քննարկման առանցքն էր՝ ի՞նչ անելիքներ ունեն Հայաստանի Հանրապետությունը և հայ հանրությունը նրանց վերադարձնելու համար:
Պարզ է, միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը բնավ այս խնդրի լուծումը չէ, այն որևէ խնդրի լուծում չէ, ավելին՝ մի հսկա բացասական ժառանգություն է Հայաստանի ու հայերի ապագա սերունդներին:
Ու երեկվանից այս միտքը ինձ հանգիստ չի տալիս, որ գերիների հարցում աննահանջ մեկ միասնական օրակարգ թելադրելու փոխարեն, քննարկում ենք, թե միջպետական գանգատներից հրաժարվելուց հետո ի՞նչ գործիքակազմ կարելի է կիրառել՝ ռազմագերիներին հետ պահանջելու օրինական հիմք ունենալու համար:
Հասկանալի է, հարկավոր է ռեալիստ լինել, ուղիներ փնտրել, որովհետև իշխանությունը կարծես թե վճռական է գանգատներից հրաժարվելու իր որոշման մեջ, սակայն դա չի փոխում այն փաստը, որ հայ ռազմագերիների ներկայիս վիճակը յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի անձնական ամոթը պետք է լինի:
Մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Ութ տասնյակ հայեր ենթարկվել են բռնի անհետացման։ Կան մարդկային ճակատագրեր, որոնք տակավին գտնվում են անհայտության մեջ: Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց մի մասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում կեղծ քրեական գործեր են հարուցվել և անցկացվում են շինծու դատավարություններ։
Բաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար: Միջպետական գանգատներից հրաժարվելը, խաղաղության խաչմերուկներում դեգերելը, գերիների հարցը պետական օրակարգից դուրս թողնելը որևէ կերպ չեն մոտեցնում խոստացված խաղաղությունը…»