
Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ՌԴ–ն «պետք է գործի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի առաջիկա հանդիպման ֆոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար «Ռուսաստանը պետք է գործի»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը պետք է սկսի գործել։ Չափազանց շատ՝ շաբաթական հազարավոր մարդիկ են զոհվում սարսափելի և անիմաստ պատերազմում: Պատերազմ, որը երբեք չպետք է տեղի ունենար և տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ այսօր կկայանա Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկելու է ուկրաինական կարգավորումը։
Պեսկովի խոսքով՝ այս հանդիպումը ՌԴ-ի համար հնարավորություն է` Թրամփին փոխանցելու ռուսաստանյան դիրքորոշման տարրերն ու մտահոգությունները:
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»:
Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը 30 տարի շարունակ փորձել է ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվել Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան՝ բախվել է կա՛մ ցինիկ խաբեության ու ստի, կա՛մ ճնշման ու շանտաժի փորձերի, իսկ դաշինքը, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում է՝ մոտենալով ՌԴ սահմաններին: