
Փոփոխվել է դպրոցի տնօրենի նշանակման ընթացակարգը. ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է նոր կարգավորումները

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխությունների վերաբերյալ։ Ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում, ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 363-Ն որոշմամբ հաստատվել են նոր պահանջներ՝ վերաբերող տնօրենի ընտրության գործընթացին։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ին՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Որոշման 37.1 կետի համաձայն՝ հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը կարող է նշանակվել դպրոցի տնօրենի պաշտոնում 5 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի։
Այս դրույթը կիրառվում է ապրիլի 4-ին տեղի ունեցած հարցազրույցների և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։38.1 ենթակետով սահմանվել է, որ այն հավակնորդները, ովքեր ունեն դպրոցի զարգացման ծրագրի դրական եզրակացություն, սակայն հարցազրույցի փուլը չեն հաղթահարել երկու անգամ, պարտավոր են հայտարարվող նոր մրցույթին մասնակցելու համար ներկայացնել նոր զարգացման ծրագիր։ Այս պահանջը տարածվում է ապրիլի 4-ից հետո հայտարարված բոլոր մրցույթների վրա։