
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50.000 այցելու

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում ավելի քան վեց ամիս Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը՝ բերված Բրիտանական թանգարանից, ունեցել է 55 հազար 837 այցելու։
Ցուցադրության կազմակերպիչների համոզմամբ՝ բացառիկ ցուցահանդեսը մեծացրել է թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել միջազգային հետագա համագործակցությունների դյուրին իրագործմանն ու փոխել Հայաստանի մշակութային միջավայրը։Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվել են կրթական ծրագրեր, իրականացվել է բանախոսությունների շարք միջազգային մասնագետների մասնակցությամբ, 160-ից ավելի արձագանքներ ԶԼՄ-ներում, նոր հուշանվերային տեսականի, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքն ու ընթացքի մեջ է հայերենի պատրաստումը։
Նա շեշտեց, որ ցուցահանդեսից գոյացած միջոցներով թանգարանը փակել է բոլոր ծախսերը և կարողացել է ձեռք բերել սերվերային նոր համակարգ, որի միջոցով կսկսի թվայնացման աշխատանքներ իրականացնել։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահեցրեց՝ ցուցադրությունն ազդել է հանրության՝ թանգարաններ այցելությունների վրա։
«2024 թվականի առաջին եռամսյակում թանգարաններն ունեցել են 161 հազար այցելու, իսկ այս եռամսյակում՝ 177 հազար այցելու, այնինչ երկրում զբոսաշրջության մի փոքր անկում կա»,-ասաց նա։Փոխնախարարն էական համարեց այն, որ այս ցուցադրությունը դռներ է բացել Հայաստանի համար, քանի որ միջազգային կառույցների հետ բանակցություններն առավել հեշտացել են, վստահությունը մեծացել է։
«Մենք նշում ենք, որ նման լուրջ համագործակցություն ենք ունեցել Բրիտանական թանգարանի հետ։ Դա մեր առաջ դռներ է բացում։ Այդ համագործակացության փաստը հաշվի առնելով՝ այլ հեղինակավոր թանգարաններն առավել պատրաստակամ են դառնում»,-նշեց Քոչարյանը։
Ցուցադրությունը կազմակերպելիս որդեգրել են անվտանգության և լոգիստիկ նոր կանոններ, ինչի շնորհիվ երկիրն ավելի ուժեղ է դիրքավորվել միջազգային համագործակցությունների կոնտեքստում։
Քոչարյանը շեշտեց, որ բազմաթիվ այլ հետաքրքիր ցուցադրությունների պայմանավորվածություններ են ձեռք բերել ոչ միայն Հայաստանի պատմության, այլև Չարենցի անվան գրականության և արվեստի, Երվանդ Քոչարի, Ռուսական թանգարանների, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ։ Շուտով Ֆրանսիայում հայ իմպրեսիոնիստների գործերն են ցուցադրվելու, Բեռլինի թանգարանի հետ ևս պայմանավորվածություն կա։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերի հավաստիացմամբ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցահանդեսն առանձնահատուկ հնարավորություն է Հայաստանի ժողովրդին կապվելու իր մշակութային ժառանգության հետ, իսկ ամբողջ աշխարհից այցելուների համար այն շատ լավ առիթ է ավելի լավ ճանաչելու Հայաստանն ու Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը։
«Բրիտանական թանգարանը հայտնի է իր հարուստ հավաքածուներով և այդ հարստությունը ներկայացնում է ամբողջ աշխարհին. ամեն տարի ավելի քան 5 հազար նմուշ ժամանակավոր ցուցադրության է ուղարկվում տարբեր երկրներ, և թանգարանը դառնում է մշակութային փոխանակումների, երկխոսության և փոխըմբռնման օղակ»,-ընդգծեց նա։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը խոստովանեց, որ երկար են նախապատրաստվել ցուցադրությանը, որը հատուկ նշանակություն ունի իրենց համար, քանի որ իրենց մեկամյա կառույցի առաջին նախագծերից էր՝ միտված Հայաստանի զարգացմանը, Հայաստանում միջավայր փոխելուն և երկրի հանրահռչակմանը։ Ըստ նրա՝ ցուցադրությունը պատվով կատարել է իր առաքելությունը։Հայկական դիցարանի պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք ավելի քան մեկ դար ցուցադրվում են Բրիտանական թանգարանում, Հայաստանի պատմության թանգարան բերվեցին նախորդ տարվա սեպտեմբերին։
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձի օրը։
Պատմական Հայաստանի տարածքում գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանի հատվածները՝ բրոնզաձույլ գլուխը և ձեռքը, ցուցադրության գլխավոր նմուշներն էին, սակայն ցուցահանդեսի շրջանակում այցելուները կարող էին ծանոթանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեկ տասնյակից ավելի ուշագրավ և հետաքրքիր առարկաների, որոնք նույնպես կրում են մայրության խորհուրդը: