Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ հիմնադիր անդամ հանդիսացող Հայաստանը, որը նույնիսկ Նիկոլի տգետ կառավարության օրոք տնտեսական օգուտներ է ունեցել ԵԱՏՄ-ից, ի՞նչ հաշվարկներով է պատրաստվում մերձենալ Եվրոպայի հետ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեթոդաբար թուլացնում է եվրոպական տնտեսությունը, որի արդյունքում, ըստ մասնագետների՝ Եվրոպային սպառնում է միլիարդավոր դոլարների կորուստներ։ Գլոբալ փոփոխությունների և առևտրային պատերազմների նման զարգացումները շարունակվելու պարագայում, ԵՄ-ի տնտեսությունն ապահովագրելու շատ տարբերակներ չկան։ Դրանցից մեկը, գուցե նաև ամենաարդյունավետն ու հավանականը Ռուսաստանին դիմելն է՝ նորմալ առեւտրային հարաբերություններին վերադառնալու առաջարկով։ Այլապես՝ շատերն են պնդում, որ ԵՄ-ՌԴ սրված հակադրության ձգձգումը, վաղ թե ուշ կարող է հանգեցնել եվրոպական տարածաշրջանում, ավելի մեծ պատերազմի։

Վերջին օրերին, Դոնալդ Թրամփն ըստ էության մաքսատուրքերի սկագնային «պատերազմ» է հայտարարել աշխարհին։ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը կարծես թե ռազմա-քաղաքական առճակատումից անցում է կատարում դեպի գլոբալ տնտեսական մրցակցության դաշտ։ Եվ այս քաղաքականությունը, անկնհայտ ամերիկյան պրոտեկցիոնիզմի դրսևորում է, տնտեսական գործիքակազմ, որը, երկար ժամանակ չէր կիրառվում։

Թրամփի գործողությունների հետեւանքներն առավել մանրամասն կգնահատեն տնտեսագետները, երբ պարզ լինեն յուրաքանչյուր երկրի նկատմամբ սահմանված ներկրման տոկոսադրույթները։ Որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի տեսանելի լինի, թե ինչպես են դրանք ազդելու ԱՄՆ-ի և աշխարհի տնտեսությունների վրա։

ԵՄ անդամակցության գործընթաց սկսած (ինչը Նիկոլի հերթական վտանգավոր բլեֆն է) կառավարիչների փոխարեն, արժե մտածել նոր իրողություններում եվրոպական տնտեսության ճակատագրի մասին, քանի որ, որոշակի ժամանակ հետո այն ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու նաև մեր երկրի տնտեսական քաղաքականության վրա։

Ենթադրվում է, որ ավելացված մաքսատուրքերից խուսափելու համար ավելի ու ավելի շատ գործարաններ Եվրոպական տարածաշրջանից կտեղափոխեն ԱՄՆ: Սա, անշուշտ, կհանգեցնի Եվրոպայում տնտեսական զգալի ռեսուրսների ու աշխատատեղերի կորստի, և հետևաբար՝ սոցիալական բարեկեցության, տեխնոլոգիական զարգացման, ժողովրդավարական ազատությունների և տնտեսական հզորությունների համաեվրոպական մոդելի փլուզմանը: Այն կարող է նաև էապես թուլացնել Եվրոպայի դերը համաշխարհային քաղաքականության մեջ՝ կախվածության մեջ դնելով ամերիկյան և ռուսական քաղաքականություններից։

Մինչ այդ ԵՄ տնտեսության վրա արդեն իսկ բացասական ազդեցություն են թողեր 2020թ․ համաճարակը, «կանաչ տնտեսություն» ստեղծելու նպատակով եվրոպական արդյունաբերության և գյուղատնտեսության վրա դրված սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ու էներգետիկ ռեսուրսներից «հրաժարումը»։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմը և դրա արդյունքում հայտարարված սանկցիաները զգալի տնտեսական վնասներ են հասցրել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ տնտեսությանը, ապա ավելի հավանական տարբերակ՝ քան Ռուսաստան-Եվրոպա «պարտադրված» համագործակցությունն է՝ դժվար է տեսնել։ Հատկապես, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց իր բարձր մակարդակի դիմադրողականությունը։

Այստեղից հարց․ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և որոշմամբ ԵԱՏՄ հիմնադիր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, որը նույնիսկ Նիկոլի տգետ կառավարության օրոք զգալի տնտեսական օգուտներ է ունեցել ԵԱՏՄ-ից, ի՞նչ հաշվարկներով է պատրաստվում ավելի մերձենալ Եվրոպայի հետ, որի պրոբլեմներն այսօր բազմակի անգամ ավելին են, քան 2017թ-ին, երբ Հայաստանը ստորագրում էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հատկապես, որ այդ համաձայնագրի գլխավոր մեխն այն էր, որ ԵՄ անդամ երկրները, Արցախյան կարգավորման հարցում պաշտոնապես հանձնառություն էին վերցնում նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման հարցում։

Պետք է արձանագրել, որ գործող կառավարիչների արտաքին քաղաքականությունը ոչ միայն հենված է դավադիր տգիտության վրա, այլ նաև դարձել է ամբողջովին մերկ»։

Տեսանյութեր

Լրահոս