
Փաշինյանի ընտրությունը. մեղսունա՞կ, թե՞ անմեղսունակ երկրի ղեկավարի պատասխանատվությունն է կրելու

2018 թվականի իշխանափոխությունից հետո 168.am-ը բազմիցս գրել է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում գերագույն հրամանատարի գործառույթներին, ռազմական գործին առնչվող տարրական նրբություններին ու գիտելիքներին, այն կարողություններին, որոնք պիտի ունենա հատկապես պատերազմող երկրի գերագույն հրամանատարը:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չի էլ փորձել կրթվել կամ ինքնակրթվել՝ ելնելով զբաղեցրած կարգավիճակից, և նախընտրել է «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր» կամ ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց դրանց ամբողջովին ծանոթանալու և հասկանալու՝ արդարանալով, թե վարչապետը պարտավոր չէ փորձագետ լինել և հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած…
Եվ սա հանգեցրել է նրան, որ առաջին անգամ 2020 թվականի պատերազմի մեկնարկից հետո է Փաշինյանն իմացել, որ բանակում սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր է եղել, այլ հարց է՝ որքանո՞վ է դա իրականությանը համապատասխանել: Դա հանգեցրել է նաև նրան, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հրամանատարներից ստացված հրամանները չի հասկացել ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմականապես: Գուցե զարմացել է դրանց բովանդակությունից, և այդ իմաստով է ասել, գուցե «մասնագիտորեն» չի հասկացել դրանց բովանդակությունը: Բայց միևնույն է՝ երկու դեպքում էլ խնդիր կա:
Ավելորդ է նշել այն մասին, որ պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ է հրապարակել, ինչի մասին ևս 168.am-ն ուսումնասիրությունների շարք է ներկայացրել։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան, որից, հնարավոր է՝ հակառակորդն օգտվել է, իսկ դրանից առաջ էլ ֆեյսբուքյան իր էջում նույն օպերացիայի մասին գրառումներ էր կատարել՝ հուշելով դրանց բնույթը, ընդ որում՝ մի քանի անգամ խմբագրելով նույն գրառումը։ Դիտավորությո՞ւն, թե՞ չիմացություն: Երկու դեպքում էլ գործ ունենք աբսուրդային և վտանգավոր իրավիճակի հետ:
Փաշինյանի չիմացությունների կամ դիտավորյալ չիմացությունների շարքը կարող ենք շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով:
Ի դեպ, պատերազմի օրերի հակահարվածի հայտնի և ձախողված օպերացիայի պլանը հենց Փաշինյանն է հաստատել, դարձյալ չհասկանալո՞վ… Եթե անգամ ընդունենք՝ այդպես է, ապա դա Նիկոլ Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից 44-օրյա պատերազմում կրած պարտության, մի քանի հազար զոհերի, տարածքային կորուստների, հետպատերազմյան որոշումների, տարածքային ու մարդկային կորուստների համար: Այսինքն, կառավարության նիստին անմեղ դեմքով թեկուզև սոցիալ-տնտեսական խնդիրների համատեքստում խոստովանել, որ՝ «7 տարի ինքն ու իր կառավարությունը մնացել են առաջին դասարանում և տգետ են», դա չի կարող, այսպես ասած, մեղմացուցիչ հանգամանք դիտվել կամ անմեղ խոստովանություն, քանի որ այդ «չիմացության» համար շատ թանկ գին ենք վճարել:
Պատկերացնո՞ւմ եք՝ դպրոցում նույն դասարանում մի քանի տարի մնացած, հետո մի կերպ ավարտած և վիրահատություն չիմացող բժիշկը տարիներ շարունակ մահվան ելքով վիրահատություններ անի, հետո ինչ-որ պահի վերջապես գա այն եզրահանգման, որ, ամեն դեպքում, վիրահատել չգիտի, տգետ է այդ հարցում, դրանից նա դադարելո՞ւ է համարվել հանցագործ:
Նիկոլ Փաշինյանը նման բժիշկին կվստահե՞ր իր առողջությունը, ով գիտակցելով, որ բավարար գիտելիքներ չունի, համառորեն չի ցանկանում դադարեցնել վիրահատությունները:
Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն ու իր կառավարությունը գիտելիքի պակաս ունեն, ձախողել են, բայց շարունակում են «վիրահատել» ՀՀ զինված ուժերն ու պետությունը:
Չմոռանանք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հենց այս նույն հիմնավորմամբ էին պահանջում Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը՝ նշելով, որ՝ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Բայց Գլխավոր շտաբի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը որակեց ռազմական հեղաշրջման փորձ, և այսօր, ըստ էության, նույն բանն ինքն է ասում:
Բայց ամենացավալին այն է, որ այսօր Փաշինյանը «7 տարի առաջին դասարանում մնացած է համարում», ըստ էության, նաև Զինված ուժերի ղեկավարությանը, որի կազմում կան մարդիկ, որոնք 2021-ի փետրվարին հրապարակավ Փաշինյանին համարել էին ճգնաժամային իրավիճակներում գտնվող երկիրը կառավարելու անկարող ղեկավար:
Այս համատեքստում հարկ է հավելել, որ ապրիլի 3-ի կառավարության նիստում նա հորդորել էր բանակում տիրող իրավիճակի և արձանագրվող մահվան դեպքերի համար չհարձակվել պաշտպանության նախարարի և նախարարության վրա, ու հանկարծ՝ մեկ շաբաթ հետո իր կառավարության անդամներին որակում է տալիս՝ «7 տարի նույն դասարանում մնացած և տգետ»:
Նման հայտարարությունից հետո, եթե, օրինակ, իր թիմակից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով գուցե ռազմական գործի հետ կապված գիտելիքի և հմտությունների պակաս ունի, բայց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում է սովորել, Երևանում ստացել պատմության մագիստրոսի աստիճան, հետո ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում, ավելի ուշ դասավանդել «Քվանտ» վարժարանում, փողոցում հանդիպի իր երբեմնի աշակերտների՞ն, էլ չենք ասում՝ իր անմիջական ենթակաների հետ աշխատելու փաստը:
Այն, որ ՀՀ զինված ուժերի զարգացում չի ապահովվել, այն, որ բանակի մարտունակությունը հետ է շպրտվել, դա փաստ է: Բայց արդյո՞ք սրա մասին պետք է խոսի այս ամենի պատասխանատուն, ով միտք չունի հեռանալու, և այս դեպքում արդեն գործ ենք ունենում պետության և բանակի թիկունքին ոչ անզգույշ «կրակոցի» հետ:
Այնպես որ՝ Փաշինյանի հնարավոր արդարացումը չի կարող արդարացի դիտարկվել նաև ռազմական այն գործերի հարուցման համատեքստում՝ հիմնավորմամբ, թե կառավարությունում կամ դրանից դուրս խորհրդակցությունների ժամանակ այս կամ այն քննիչը, իրավապահ կամ ուժային համակարգի այս կամ ղեկավարը սխալ է զեկուցել, «նստել է ականջին», որ հրթիռներն անպիտան են եղել, հրանոթի արկերը պիտանի չեն եղել, «Իսկանդերը» 10 տոկոս է կրակել, և այլն:
Ի վերջո, եթե նույնիսկ այդպես է եղել, ապա գործ ենք ունեցել այդ զեկույցների և Փաշինյանի քաղաքական շահերի համընկնման հետ, դեռ չենք ասում հակադիր փաստարկների առկայության մասին:
Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, ով փորձում է պատերազմական պարտությունների, մարդկային ու տարածքային կորուստների, երկիրը վտանգավոր անվտանգային և աշխարհաքաղաքական եզրագծին հասցնելու պատասխանատվությունը «ծածկել» չիմացության ներքո, պետք է իր համար որոշի՝ մեղսունա՞կ է ինքը, դիտավորյա՞լ է երկիրը տարել ռազմական, անվտանգային, քաղաքական պարտության, թե՞ ինքն իրեն համարում է իրապես «7 տարի առաջին դասարանում մնացած», այսինքն՝ քաղաքականապես «անմեղսունակ», քանի որ այս դեպքում պետք է անուժ ճանաչել իր հնարավոր բոլոր գրավոր և բանավոր պայմանավորվածությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
Երկու դեպքում էլ գործ ունենք պատասխանատվության և բարդ իրավիճակի հետ, բայց մի բան փաստ է՝ չես կարող խոստովանել, որ թեկուզ չիմացության պատճառով երկիրը կործանել ես, բայց շարունակես մնալ այդ նույն «դպրոցական աթոռին» նստած:
Կրկնում ենք, այս դեպքում գործ ենք ունենում դիտավորության և ծրագրված գործողությունների պլանի հետ, հատկապես, երբ մի առիթով Փաշինյանը խոստովանել է, որ՝ «44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է», և, որ այնքան ինֆորմացիա ունի պատերազմի մասին, «որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»: