
Լուծարել Հայաստանը. Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ սա է անում. Հրանտ Միքայելյան
Ապրիլի 11-ին Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը, ինչից պարզ դարձավ, որ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ լուրջ առաջընթաց չկա, ավելին՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ սահմանի բացման հարցը կապել ադրբեջանական պահանջների կատարման հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, խոսելով Անթալիայում կայացած հանդիպման մասին, նշեց՝ ո՛չ այդ հանդիպումը, ո՛չ որևէ այլ հանդիպում գետնի վրա չեն կարող իրողություն փոխել, ավելին՝ Հայաստանը՝ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում կանգնած է փակուղում։
«Այդ երկու երկրները Սահմանադրության փոփոխություն են պահանջում, իսկ Թուրքիան նոր պատրվակ է գտել, որ հայ-թուրքական սահմանը չբացի. գիտեն՝ Փաշինյանը շանս չունի Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով Հայաստանում Սահմանադրություն փոխել, բայց նոր Սահմանադրություն են պահանջում։ Որքան հնարավոր է՝ Թուրքիան չի բացելու հայ-թուրքական սահմանը՝ դա որպես լծակ օգտագործելով Հայաստանի Հանրապետության դեմ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ ընդգծելով՝ փակուղային վիճակ է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, թեև, եղած բանակցություններն էլ ի վիճակի չեն եղել կանխել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան։
«Այս իշխանությունները գնում է Թուրքիայի հետ ինտեգրացիայի՝ ալյանսի։ Թուրքիայի համար կամուրջ են ուզում դառնալ՝ պանթուրանական միջանցքն իրականություն դարձնելու համար։ Այդ նպատակով է, որ ռուսական ալյանսները մշտապես քննադատվում են այս իշխանության կողմից։
Այս մարդիկ Հայաստանը դարձրել են Թուրքիայի կլիենտ։ Հայաստանի իշխանությունը դա անելու արդյունքում է, որ ամեն անգամ, երբ Հայաստանում իշխանությունը փոխելու հարց է դրվում, ստանում է թուրքական կողմի աջակցությունը։
Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանը կանգնեցնում է լուծարման եզրին։ Նա կեղծ երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին, թե Հայաստանը կա՛մ պետք է պայքարի, կա՛մ կործանվի։ Մինչդեռ, կործանման է տանում հենց նրա վարած քաղաքականությունը։ Պատերազմը լինելու է՝ անկախ Փաշինյանի արած զիջումներից, ավելին՝ այդ զիջումները նաև Թուրքիայի քաղաքականությունը չեն փոխելու մեր նկատմամբ։ Փաշինյանը հանձնում է Հայաստանի տարածքները, որ փոխի Թուրքիայի քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը երբեք չի փոխվելու»,- շեշտեց Միքայելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։