
Թուրքիայում 25.000 բաժանորդի դեմ դատական գործ է հարուցվել կոմունալ պարտքերը չվճարելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Բեքիր Բաշեվիրգենը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարից հետաքրքրվել է, թե 2024-ին որքան բաժանորդի կոմունալ ծառայություն է կասեցվել պարտքերը չվճարելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարար Ալփարսալան Բայրաքթարը հարցմանն ի պատասխան նշել է, որ նախորդ տարվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց ունեցած պարտքերի պատճառով կասեցվել է 148.000 բաժանորդի էլեկտրաէներգիայի և 206.415 բաժանորդի բնական գազի ծառայությունները։
Ըստ նախարարի՝ 25.000 բաժանորդների նկատմամբ էլ դատական գործ է հարուցվել՝ պարտքերը չվճարելու պատճառով։
CHP-ական պատգամավորը նշել է, որ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով տասնյակ հազարավոր տնային տնտեսություններ չեն կարողանում վճարել իրենց պարտքերը և ներքաշվում են դատական գործընթացի մեջ։