Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հորդորել է բարձրաձայնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին: Նա իր հետևորդներին կոչ է արել աշխարհին իրազեկել կատարվող իրադարձությունների մասին և մասնակցել համազգային դրամահավաքին՝ աջակցելով վերաբնակեցված և իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին ու զինվորներին:
«Սիրելի՛ ընկերներ, այլ պարագայում ես կխոսեի իմ երաժշտություն միջոցով, բայց վերջին ողբերգական իրադարձությունները ստիպում են ինձ բողոքի ձայն բարձրացնել և ուղիղ դիմել ոչ այնքան որպես երաժիշտ, որքան որպես հայ։ Սեպտեմբերի 27-ից սկսած իմ հայրենի Հայաստանը տառապում է Ադրբեջանի հասցրած պատերազմի պատճառով, որը հակառակորդը իրականացնում է դաշնակից Թուրքիայի հետ համատեղ։ Թուրքիան Ադրբեջանին բացահայտ կերպով սատարել է՝ տրամադրելով ռազմական տեխնիկա, սիրիացի վարձկաններ և միջազգային ահաբեկիչներ»,- «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է երաժիշտը:
Նա ընդգծել է, որ այսօր հրետակոծում են գյուղեր, քաղաքներ՝ թիրախավորելով Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչությանը։
«Կարևոր է գիտակցել, որ հայերը երկու բռնապետ և ագրեսիվ առաջնորդների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի ղեկավարած պատերազմի մեջ են։ Մենք բախվում և պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, պայքարում ենք տարածաշրջանի կայունության և մեր հայրենիքի և գոյության պաշտպանության համար: Առ այսօր միջազգային և քաղաքական միջամտությունը գրեթե անտեսանելի է։ Ադրբեջանը և Թուրքիան հայտնի են իրենց բռնապետական ռեժիմով, դաժանությամբ և քարոզչական գործողություններով։ Թվում է, թե ավելի քան հարյուր տարի անց Թուրքիան վճռական է տրամադրված շարունակելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»,-պատմել է Սերգեյ Խաչատրյանն ու շեշտել, որ սա ոչ միայն սպառնալիք է հայերի համար, այլև համաշխարհային սպառնալիք, քանի որ աշխարհը գործ ունի միջազգային ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հետ:
Նա ցավով է նշել, որ միջազգային հանրությունը շարունակում է պասիվ մնալ, այնինչ օրեցօր զոհերի թիվն աճում է, իսկ քաղաքները՝ փոշիանում։
Ջութակահարը խոստովանել է, որ մեծ հաշվով այլևս հույս չի դնում այսօրվա քաղաքական գործիչների վրա, քանի որ նրանք քաղաքական շահը գերադասում են արդարությունից, մարդկային իրավունքներից ու արժեքներից: Խաչատրյանը հույսը դնում է անհատների վրա և նշում, որ յուրաքանչյուր անձ տեղեկացնելու և արդարության ձայն բարձրացնելու ուժ և պատասխանատվություն ունի։
«Հնարավորինս շատ բարձրաձայնեք այս պատերազմի մասին։ Ադրբեջանական և թուրքական կառավարությունները ներգրավված են կեղծ լուրեր և քարոզչություն տարածելու գործում՝ աշխարհը շեղելով այն իրական հանգամանքից, թե ինչ է իրականում տեղի է ունենում Արցախում և Հայաստանում: Հավասարապես կարևոր է նաև այն օգնությունը, որ մենք կարող ենք կատարել արտասահմանից։ Նվիրատվությունների միջոցով մենք կարող ենք աջակցել վերաբնակեցված և իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին, ընտանիքի անդամներ կորցրած երեխաներին, զինվորներին, որոնք բժշկական, սննդի, հագուստի և այլնի կարիք ունեն։ Ճակատագրական այս պահին Հայաստանն ունի ձեր օգնության կարիքը։ Չկա առավել ուժեղ շարժառիթ, քան ազգի գոյությունը պաշտպանելն է և հայրենի հողի համար կռվելը։ Ահա թե ինչու եմ համոզված, որ մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում: Հազթելու ենք»,-գրել է Սերգեյ Խաչատրյանը:
Երաժիշտը հավելել է, որ մարդիկ կարող են հիմնախնդրի մանրամասներին և զարգացմանը հետևյալ պաշտոնական աղբյուրներով և նվիրատվություն կատարել https://www.himnadram.org/en հասցեով: