«Եթե անծանոթ մեկը հաղորդագրություն է ուղարկում՝ WhatsApp-ով, Viber-ով, Telegram-ով, չարժե բացել, փորձում են վիրուսներ տարածել». փորձագետ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին համացանցում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվություններին, մանրամասն պարզաբանեց, թե հատկապես ինչպես է այն դրսևորվում, և նաև ինչպես կարելի է խուսափել դրանից:
«1. Ադրբեջանցիների կողմից կոտրված հաշիվներն են՝ ֆեյսբուքյան պրոֆիլներ, էջեր: Մեծ էջեր ունեն, ընդ որում՝ դա հիմա չի արվել, այլ ամիսների ու տարիների ընթացքում կուտակել են այդ ռեսուրսը, հիմա օգտագործում և տեղադրում են իբր հայաստանցիների անունից, իբր պաշտոնական տեղեկատվություն, և այլն: Մեծ հաշվով, սա հիմա մեծ տարածում չի ստանում, որովհետև մարդիկ դարձել են զգուշավոր:
2. Փորձերն են՝ օգտագործել անհայտ աղբյուրները: Օրինակ՝ «Տելեգրամ» ալիքներ կան, որոնք, ոչ գիտես՝ տերն ով է, երբ է հայտնվել, այնտեղ ինչ-որ բան տեղադրվում է, հետո տարվում է մամուլ՝ հղում տալով, և տարածվում է:
3. Մյուս լուրջ պրոբլեմը՝ վերջին 1-2 օրվա խնդիրն է՝ ձայնային հաղորդագրություններ՝ Ֆեյսբուքի մեսենջերում, երբ մարդիկ շատ արագ իրար ուղարկում են, և ինչ անհեթեթություն ասես, որ չի տարածվում: Օրինակ՝ երեկ, ինչ-որ մեկը մտավորականի ձայնով հայտնում էր՝ «կամպուդրները անջատեք գիշերը ժամը 12-ին, որովհետև ռադիացիա է սկսվելու մինչև ժամը 4-ը: Անհեթեթություն է, բայց մարդկանց մոտ վախեր կար, և սկսում են տարածել:
4. Հաղորդագրություններ կան, որ մենք այս ենք գրավել, այն ենք գրավել, մարդկանց մոտ ինչ-որ կեղծ ակնկալիքներ են ձևավորվում: Չեմ ուզում ասել, որ այս ամբողջը ադրբեջանցիք են անում: Մեր մտավորականների ներուժը ներքին էլի քիչ չի արտադրելու անհեթեթություններ, նույն ձայնային հաղորդագրությունները հիշեցնեմ, ոնց բերեցին իմբիրի գնաճի Հայաստանում»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ պետք է մի կարևոր բան ֆիքսել, երբ ձայնային հաղորդագրությունը ստանում ենք մեսենջերով, փաստացի չգիտենք, թե ով է աղբյուրը.
«Աղբյուրն այն մարդը չէ, որ ձեզ ուղարկել է, ինքն ուղղակի վերահասցեավորողն է, երկրորդը դուք չեք տեսնում, թե ով է խոսում: Այնպես որ, նման բաները պետք է թարգել տարածել»:
Մարտիրոսյանի խոսքով՝ հաջորդ խնդիրը մեր վախերն են, նա օրինակ բերեց «Հայաստան համահայկական հիմնադրամի» ուղարկած հաղորդագրությունները, երբ մարդիկ առանց ճշտելու՝ տարածում էին, թե իբր դա ադրբեջանցի հակերների հերթական քայլն է.
«Երեկվանից «Հայաստան համահայկական հիմնադրամը» փորձում է գումար հավաքել sms-ների միջոցով, ինչ-որ մարդիկ տեղադրում են՝ մի բացեք, մի ուղարկեք, ադրբեջանական հակերներն են: Չափազանց զգուշավորությունն էլ լավ բան չի, երբ իրեն ինչ-որ մեկը նամակ է գրում, այդ մարդու մոտ ինսուլտ է լինում, վախենում է նույնիսկ բացի այդ նամակը, որովհետև կարող է ադրբեջանական հակերներն իրեն վերացնեն»:
Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի՝ անծանոթ հեռախոսահամարներից ստացված զանգերի վրա, երբ առանց ճշտելու, թե ով է այդ մարդը, համացանցում գրառումներ են անում՝ նշելով այդ համարը, թե այդ համարին չպատասխանել, քանի որ ադրբեջանական հակերներն են:
«Առաջինը՝ դա պետք է ստուգել, երկրորդը՝ պետք չէ մարդկանց ահաբեկել, երրորդն էլ, եթե դուք նման գրառում եք տեսել, պետք չէ միանգամից տարածել: Մի հատ իմացեք՝ այդ գրողն ո՞վ է, եթե ինքը բջջային կապի մասնագետ է, ԱԱԾ աշխատակից է, կարելի է ենթադրել, որ մի բան գիտի, եթե այդ մարդը պարզապես հասարակ մի քաղաքացի է, որն ուղղակի իր վախերից ելնելով՝ ենթադրել է, պետք չէ տարածել»,- պարզաբանեց մեդիափորձագետը:
Նրա խոսքով՝ անծանոթ համարից հեռախոսազանգերին կարող են պատասխանել, սակայն հետ զանգել պետք չէ, քանի որ հնարավոր է՝ գումար կորզեն, իսկ sms-ների դեպքում, եթե հղում կա, այդ հղումները չբացել:
«Եթե անծանոթ մեկը ձեզ հաղորդագրություն է ուղարկում՝ WhatsApp-ով, Viber-ով, Telegram-ով, չարժե բացել, 99 տոկոսով դա փորձ է լինելու՝ խաբել և կորզել գաղտնաբառեր, ապատեղեկատվություն տարածել, նաև փորձում են այդ ձևով վիրուսներ տարածել: Այս պահին հիմնականում սա է, ինչպես նաև երեկվանից սկսած ադրբեջանցիներն ակտիվորեն սկսել են մարդկանց մեկնաբանություններում կամ մեսենջերով ուղարկել են տեսանյութեր, որոնք իրենց ՊՆ-ն է հրապարակում, հիմնական իմաստը հոգեբանական ճնշումն է, որովհետև այնտեղ ռազմական տեխնիկայի ոչնչացում է ներկայացված կամ մահացած զինվորներ: Այս դեպքերում, եթե նյարդերից թույլ եք՝ հաստատ չարժե մտնել և նայել տեսանյութերը կամ նկարները, բայց կարելի է բողոքել սոցիալական ցանցին, մեծ քանակի բողոքները թույլ կտան վերացնել այդ գրառումը»,- ասաց Մարտիրոսյանը: