«Միջպետական գանգատ ներկայացնելու սցենարները քննարկման փուլում են». Եղիշե Կիրակոսյան
«Երեկ երեկոյան մենք արդեն տեղեկացրինք, որ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում ավելի վաղ ՀՀ-ի կողմից ներկայացված՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Իհարկե, հետևյալ բովանդակությամբ է կայացվել որոշումը, որը, կարծում եմ, ակնկալելի էր նաև մեզ համար, երբ մենք դիմում էինք ՄԻԵԴ պետության անունից՝ նաև հաշվի առնելով իրավիճակի սրությունը, լայնամասշտաբ բնույթը: Որոշման մեջ կոչ է արվում թե Ադրբեջանին, նաև Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ»,- միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ երեկ կայացված որոշմանը:
Նա նշեց, որ Եվրոպական դատարանի որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը հնարավորինս շուտ պետք է տեղեկացնեն դատարանին ձեռնարկված միջոցների մասին, որոնք ուղղված են Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ապահովելուն:
«Եթե ընդհանուր նայենք, կարծում եմ, այն տեքստը, որը դրված էր Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման մեջ, ակնկալելի էր: Նախ նշեմ, որ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա Դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է, սա թվով 3-րդն է, և բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է բոլոր կողմերին էլ, այսինքն՝ և այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը, և նրան, ում դեմ է դիմումը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ սա բոլոր դեպքերում հաջողություն է, որովհետև նախ բավարարվել է ՀՀ-ի կողմից ներկայացված դիմումը, ապա ՀՀ-ի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է կայացվել որոշումը:
Նրա խոսքով՝ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել դիմումն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն կամ տեղեկատվություն ստանալու համար, որը սովորաբար 39-րդ կանոնի հիման վրա կայացված որոշումների ժամանակ արվում է:
«Կարծում եմ, սա բավարար է՝ եզրակացնելու համար, որ մեր ներկայացրած ապացույցները հիմնավոր են եղել: Իմիջիայլոց, երբ մենք կիրակի օրը երեկոյան Դատարան ներկայացրեցինք դիմումը, դրան հաջորդող օրերին՝ երկուշաբթի և երեկ, մենք ներկայացրել ենք ապացույցներ՝ ի հավելումն ներկայացրած դիմումի, որով մենք ցույց ենք տվել ընթացիկ իրավիճակը, նաև կոնկրետ դեպքերում շեշտադրումներ անելով կոնկրետ դեպքերին՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, ՀՀ սահմանների ռմբակոծությանը»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ առաջիկա օրերին ներկայացնելու են նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումները ու կսպասեն Ադրբեջանի արձագանքին:
«Կարծում ենք, որ բեռը շատ ավելի շատ ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ միջպետական գանգատ ներկայացնելու սցենարները քննարկման փուլում են: