«Սա խոսքի ազատության դեմ ուղղված ամենաուղիղ քայլն է». «Մեդիա պաշտպանի» ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակի նախագծի մասին
Այսօր «Խոսքի ազատության դեմ ճնշումները թեմայով» կլոր սեղան քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանն անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամի փոխարեն սահմանել 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ նախկին 2 մլն դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ տուգանք՝ ասաց, որ այս խստացումների տակ հաշվարկներ չկան:
«Որևէ ձև հիմնավորում չի տրվում՝ ինչո՞ւ այդ խստացումներն այս պահին պետք է լինեն, կամ ինչո՞ւ հենց 5 մլն դրամ, որևէ հաշվարկ փաստացի չկա: Որևէ տուգանք, պատժաչափ նշանակելու համար պետք է փորձագիտական քննություններ անցկացնել, հետո նոր տուգանք նշանակել։ Այս պահին պարզ է դառնում, որ դա քաղաքական է և ինքնանպատակ, մեծ հաշվով»,- ասաց Խաչատրյանը:
Երկրորդ հանգամանքը, որը գրավել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամի ուշադրությունը, այն է, որ տուգանքի չափը բարձր է, ինչն էլ ենթադրում է, որ այն դառնում է Քրեական օրենսգրքով հետաքննվող և հետապնդվող գործ:
«Իշխանությունները փաստացի մոռացել են, որ ժամանակին, երբ իրենք ընդդիմություն էին, ունեին խնդիր՝ կապված վիրավորանքի հետ։ Իշխանափոխական շրջանում, երբ փողոցում մարդիկ էին հավաքված, հնչում էին բազմաթիվ վիրավորանքներ, կատարվում էին բազմաթիվ վիրավորական գործողություններ, որոնց այդպես էլ համարժեք պատասխան չտրվեց։ Եթե խոսենք «Պանդորայի արկղի» մասին, ապա այն փաստացի բացվել է 2018թ․-ին, երբ վիրավորանքները ծայրաստիճան շատ էին, հոկտեմբերի 2-ին, երբ շրջափակվել էր ԱԺ-ն, վիրավորանքները ծայրաստիճան շատ էին»,- ասաց Խաչատրյանը։
Նա նկատեց, որ, երբ խոսվում է վիրավորանքի և զրպարտության մասին, իշխանության ներկայացուցիչները հիշում են միայն իրենց վերաբերող դեպքերը և չեն խոսում այն մասին, որ օրենքը գործելու է նաև իրենց քաղաքական հակառակորդների հասցեին հնչած վիրավորանքների և զրպարտությունների նկատմամբ:
«Երբ որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ որևէ գործողություն է իրականացնում, կամ որևէ քաղաքական հայտարարություն է անում, զուտ քաղաքական օպոնենտ լինելով, թե՛ ֆեյսբուքյան հարթակում, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ տարբեր հարթակներում, հնչում են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ՝ ուղղված այդ քաղաքական գործիչներին: Այստեղ իշխանությունները ջանք չեն թափել բացատրելու, որ՝ գիտե՞ք, օրենքը կգործի հավասարապես, կլինի երկկողմանի: Երբ անդրադառնում են վիրավորանքներին, միշտ հիշում են այն վիրավորանքները, որոնք ուղղված են եղել սեփական անձի դեմ, իսկ ո՞ւր մնաց այս դեպքում ընդդիմադիրների նկատմամբ հնչող վիրավորական արտահայտությունների պատասխանը: Եթե փորձում ես պատասխանել, նույն վիրավորական արտահայտությամբ, կասեն՝ «թալանչի», որը դեռևս ապացուցված չէ օրենքով, որևէ հիմք չունի այդ արտահայտությունը հնչելու: Արդյոք սա վիրավորա՞նք չէ»,- ասաց Խաչատրյանը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքով սահմանված չէ, թե ի՞նչ է զրպարտությունը, հետևաբար՝ դատավորներն են որոշելու՝ տվյալ մարդը զրպարտե՞լ է, թե՞ ոչ։
«ՀՀ օրենքով կա «զրպարտություն» բառը, բայց չկա, թե ո՞րն է զրպարտությունը, կամ ո՞վ է որոշելու, որ դա զրպարտություն է։ Եթե, ենթադրենք՝ որևէ ԶԼՄ որևէ հայտարարություն է անում, որ տվյալ քաղաքական գործիչն ունի 10 մլն դոլար իր հաշվին, որտե՞ղ է ապացուցողական բազան, որ նա չունի կամ ունի։ Այս դեպքում դատավորները, փաստացի, միանձնյա որոշելու են տվյալ քաղաքացու, լրատվամիջոցի կամ լրագրողի ապագան, և նա գուցե դատապարտվի իր մեկ հոդվածի համար։ Սա խոսքի ազատության դեմ ուղղված ամենաուղիղ քայլն է՝ ըստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և բազմաթիվ լրագրողների: Անընդունելի ենք համարում»,- եզրափակեց Էդգար Խաչատրյանը։