Ալեն Սիմոնյանն առաջարկում է ավելացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքների չափը
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Պետաիրավական հանձնաժողովին օրենքի նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում էր փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։
Առաջարկվող նախագիծը վիրաբերում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։
Քաղաքացիական գործող օրենքով նախատեսված է նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկ փոխհատուցում վիրավորանքի դեպքում, իսկ զրպարտության համար՝ նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի փոխհատուցում: ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 1000-ապատիկը դարձնել 5000-ապատիկ, 2000-ը՝ 10.000-ապատիկ, եթե դրամայինի վերածենք, ապա 1 մլն դրամը դառնում է 5 մլն, իսկ 2 մլնը՝ 10 մլն դրամ։ Նախագծի հեղինակն ընդգծեց, սակայն, գումարի չափի վերջնական որոշումը թողնվում է դատարանին:
Ալեն Սիմոնյանի մեկնաբանությամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն՝ ֆիզիկական անձի, այլև՝ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:
Հեղինակի կարծիքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական և վիրավորական արտահայտություններից:
«Մենք բոլորս գիտենք, որ այսօր տեղեկատվական դաշտում տիրում է մի իրավիճակ, երբ վիրավորանքին և զրպարտությանը կարելի է հանդիպել գրեթե ամեն օր, յուրաքանչյուր գործընկերոջս է վերաբերում սա, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության։ Այն պարագայում, երբ համացանցն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում է գրանցել կայքեր, էջեր, որոնք իբր հանդիսանում են լրատվական կայքեր, բայց հաճախ մենք տեսնում ենք, որ ո՛չ գրանցված իրավաբանական անձ է լինում, ո՛չ պատասխանատուին է հնարավոր լինում գտնել, կարծում եմ՝ այս փոփոխությունով մենք կկարողանանք հնարավորինս կանխել ու նվազեցնել սուտն ու զրպարտությունը»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ ծանոթացել է նաև Կառավարության առաջարկին. «Եթե չեմ սխալվում, Կառավարության մեր գործընկերներն ընդհանուր առմամբ կողմ են այս կարգավորմանը և չափի հետ կապված առաջարկում են 2000-ապատիկ և 3000-ապատիկ սահմանել։ Սրա հետ կապված՝ ես առաջարկում եմ նախագիծն ընդունենք այնպես, ինչպես որ ներկայացված է հանձնաժողովի քննարկմանը, և արդեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների հետ նույնպես քննարկենք տուգանքների չափի հետ կապված որոշում կայացնելու հարցը»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադառնալով նախագծին, նշեց՝ թեև ամբողջովին կիսում է Ալեն Սիմոնյանի մտահոգությունները, այդուամենայնիվ կան հարցեր՝ արդյո՞ք նախագծում զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների շատ բարձր չափ չի սահմանվում։
«Կարծում եմ՝ Կառավարության առաջարկը բավականին խելամիտ է, քանի որ վիրավորանքի և զրպարտության գործերը բավականին լայն պրակտիկա ունեն թե՛ ՀՀ-ում, թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, այդ թվում՝ փոխհատուցման հետ կապված։ Ես հիշում եմ, թե ինչպես է ծավալվել այդ պրակտիկան, եթե չեմ սխալվում՝ 2010 թվականին ապաքրեականացվեց վիրավորանքը և զրպարտությունը։ Սկսեցին ամենաբարձր չափով տուգանքները՝ հենց 1-2 մլն դրամներով պատժել լրատվամիջոցներին, և դա դարձել էր լրատվամիջոցներին պատժելու ֆինանսական գործիք, որով փորձ էին անում լռեցնել լրատվամիջոցներին։ Բավականին վատ պրակտիկա էր, մինչև Սահմանադրական դատարանը չկայացրեց որոշում՝ ՄԻՊ դիմումի հիման վրա, և փորձեց կարգավորել այդ ամենը»,- նշեց Ա. Ջուլհակյանը։
Արձագանքելով իր գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այսօր կա մի իրավիճակ՝ բավականին մեծ գումար է ներդրվում կոնկրետ տեղեկատվական պատերազմ իրականացնելու համար։
«Իհարկե, կարևորում եմ, որ ՀՀ-ում մամուլի խոսքի ազատությունը բարձրագույն արժեքներից մեկն է, որի հետ կապված շատ զգույշ պետք է լինենք։ Բայց միևնույն ժամանակ՝ սուտը, զրպարտությունը, ուղղորդված պատվերով իրականացվող գործողությունները և լրատվությունը տարբեր բաներ են»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը։