Եթե Ղարաբաղյան կարգավորման  բազմաթիվ փաստաթղթերի շարքից որևէ մեկն ընդունելի չէ կողմերի համար, ուրեմն ապագա առաջարկն էլ ընդունելի չի լինելու․ Եվսեև

Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Արցախի իշխանությունների՝ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վերջին հայտարարությունները լայնորեն քննարկվում, անգամ քննադատվում  են հակամարտության վերլուծությամբ մասնագիտացված փորձագետների շրջանում։ Նշենք, որ Արցախի իշխանություններն ընդգծել էին, որ Արցախյան  բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն այլևս չկան, և նոր մոտեցումներ, նոր առաջարկներ են պետք։

«Ընդհանրապես որևէ առաջարկ չկա, նաև չկան այդ առաջարկները: Այս առումով, կարծում եմ` քանի որ չկան այդ առաջարկները, նաև քննարկելու անհրաժեշտություն չկա, այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց որն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որ մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը»,- վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` հավելելով, որ ավելի շատ հիմա արդիական է մեր տարածաշրջանի կայունության ապահովումը, ռիսկերի նվազեցումը, զինադադարի միջազգային մեխանիզմների կիրառումը և այլն: Ըստ նրա, այսինքն` սկզբից պետք է ստեղծվի նորմալ մթնոլորտ, պետք է փակվեն ռազմական հեռանկարները, որը թույլ կտա արդեն բովանդակային ինչ-որ քննարկումներ սկսել:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  չէր ողջունել բանակցային գործընթացը զրոյից, մաքուր էջից սկսելու նախաձեռնությունը՝ նշելով, որ կան այնպիսի փաստաթղթեր, որոնք ապահովում են կարգավորման արդարացի լուծում։ Սրան զուգահեռ՝ ՌԴ ԱԳ նախարարը լավատեսություն էր հայտնել, որ տավուշյան սրացումից հետո կա մթնոլորտի փոփոխություն կողմերի միջև դեպի դրականը։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ տավուշյան սրացումից հետո ռուսական դիվանագիտության համար խնդիրներ են ստեղծվել։ Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ ՌԴ-ի համար նորություն չէ, որ կողմերից մեկի առաջնահերթությունը  հրադադարի պահպանումն է, մյուսի համար՝ բովանդակային բանակցությունները։

Ըստ նրա, մյուս խնդիրը ներկայումս  հանդիպումների բովանդակությունն է, այսինքն՝ առկա ողջ բազայի ուղղությամբ հետագա աշխատանքը հարցականի տակ է։

«Սրան Մոսկվան դեմ է, բայց տրամադրված է ակտիվորեն շարունակել միջնորդական ջանքերը, քանի որ Թուրքիան նոր ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, և Ռուսաստանը չի կարող թուլացնել զգոնությունը։ Ռուսական դիվանագիտությունը, ի հակադրություն թուրքական ջանքերի, պետք է փորձի որոշակի արդյունք ապահովել՝ թույլ չտալու համար թուրքական ակտիվություն և թույլ չտալու համար, որպեսզի իրավիճակը դուրս գա իր վերահսկողությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից, որտեղ իր դիրքերը բավականին ամուր են հատկապես ներկայումս, երբ Արևմուտքը կենտրոնացած է իր խնդիրների վրա և կարծես առաջնորդությունը զիջել է ՌԴ ԱԳ նախարարին։ Ուստի Ռուսաստանին մնում է վերացնել պատերազմական վտանգը և կողմերի հետ աշխատել կառուցողականորեն բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ։ Բուն բովանդակության հետ կապված խնդիրներ, կարծում եմ, կլինեն, թուրք-ադրբեջանական ակտիվ համագործակցությունը շարունակվում է այս օրերին ևս, քանի որ տեղի են ունենում երկկողմ մարտավարական վարժանքներ, Թուրքիան և Ադրբեջանը խորացնում են նաև տեղեկատվական ոլորտում  համագործակցությունը՝ միացյալ ճակատ ձևավորելով, փորձելով առաջ տանել թուրք-ադրբեջանական շահերը, որի նպատակով օրերս Թուրքիայում էր ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը։ Սա որակապես նոր համագործակցություն է, որին Ռուսաստանը փորձում է դիմագրավել»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է նոր առաջարկներին, ապա Եվսեևը գտնում է, որ ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, այլ առաջարկներ չունի, եթե աննպատակահարմար է համարում բանակցությունների վերսկսումը նոր էջից։

«Պետք է Ռուսաստանի համար պարզ լինի, թե ինչ են ցանկանում կողմերը։ Եթե բազմաթիվ փաստաթղթերի շարքից որևէ մեկն ընդունելի չէ, ուրեմն ապագա առաջարկն էլ ընդունելի չի լինելու, քանի որ հակամարտող երկրները պատրաստ չեն կարգավորման՝  համատեղ զիջումների  վրա հիմնված։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և սպասում հարմար պահի, այս վտանգը մշտապես կախված է տարածաշրջանի վրա։ Ուստի հարկավոր է թե դիվանագիտական ակտիվ ջանքերով, թե ռազմական քաղաքականությամբ՝ պահպանելով տարածաշրջանում կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը, թույլ չտալ նոր սրացումներ։ Ռուսաստանն իր դերն իրականացնում է,  կողմերը ևս պետք է խելամիտ լինեն։ Ժամանակ շահելով, իրավիճակը երկարաձգելով՝ վտանգները չեն վերանում հակամարտության գոտում, ավելին, նոր խնդիրներ են ի հայտ գալիս ու սրվում, մարտահրավերների առջև կանգնեցնելով թե կողմերին, թե նաև համանախագահ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս