«Իշխանությունն ամբողջ ոստիկանական համակարգին լարում է քաղաքացիների դեմ, որպեսզի նրանց պահի բռնության, վախի մթնոլորտում». Դիանա Գրիգորյան

«Այս 2 տարվա ընթացքում դատական համակարգում փոփոխություններ եղել են, բայց դժվար թե դրանք հնարավոր լինի որակել՝ դրական: Մասնավորապես՝ մենք տեսնում ենք դատական համակարգի նկատմամբ իշխանության կողմից բացահայտ ճնշումներ, վիրավորանքներ և իշխանությանը բացահայտ ենթարկելու փորձեր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:

«Եթե նախորդ տարիներին երբևէ չենք նկատել դատական իշխանությանը բացահայտ ենթարկեցնելու դեպքեր, վնգստացող շներ անվանելու դեպքեր, ապա ներկայիս իշխանության պարագայում, այո, մենք տեսնում ենք, որ երկրի ղեկավարը դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղակի անվանում է պատի տակ վնգստացող շներ»,- նկատեց նա:

Փաստաբանի խոսքով՝ այն բոլոր դատավորները, որոնք քաղաքական իշխանության համար ոչ հաճո դատական ակտեր են իրականացնում և չեն ենթարկվում իշխանության ցանկություններին, ենթարկվում են ճնշումների. «Այն դատավորները, որոնք կատարում են իշխանության ներկայացուցիչների կամքը և առնվազն հնազանդ վերաբերմունք են դրսևորում, որևէ ճնշում նրանց նկատմամբ չի լինում: Մենք տեսնում ենք, որ երկրի իշխանությունների կողմից իրականացվում է ճնշում արդարամիտ դատավորների նկատմամբ, մյուս կողմից՝ բարձիթողի վիճակ է: Դատավորներն «անկախության» ֆոնի ներքո կայացնում են որոշումներ, որոնք օրենքի, իրավակարգավորման, արդարադատության հետ կապ չունեն»:

Խոսելով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու իշխանության նախաձեռնության մասին, նա ասաց, որ երկու տարբեր գործառույթներ մեկ մարմնի կազմում միավորելը նպատակահարմար չէ. «Այս գաղափարի կողմնակիցները հիմնականում վիճարկում են, որ արդարադատությունն ավելի մատչելի է լինում, դատավարական ժամկետները կրճատվում են, առաջ են քաշում այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն Ընդհանուր իրավասության դատարանների կողմից չեն իրականացվում: Սրանք այն հանգամանքները չէին, որ երկու իրարից տարբեր գործառույթներ իրականացնող մարմինները միավորեին: Դատական գործընթացների երկարատևությունը ոչ թե միավորելու միջոցով պետք է կարգավորել, այլ պետք է ավելացնել դատավորների թվաքանակը, ստեղծել այլ մարմիններ, որոնք կքննեն ավելի պարզագույն իրավահարաբերություններ, և դրանով բեռնաթափել դատական իշխանությունը: Իսկ Սահմանադրական դատարանի դատական ակտերի չկատարման պատճառները պետք է հասկանալ և վերացնել դրանք, ոչ թե պատճառները վերացնելու փոխարեն՝ արհեստականորեն ստեղծել մի կառույց, որտեղ կխմբավորեն բոլորովին տարբեր գործառույթներ և կստեղծեն մի մարմին, որին կտրվի շատ ավելի լայն լիազորություններ՝ դրանով իսպառ բացառելով նաև վերահսկողական մեխանիզմները»:

Անդրադառնալով դիմակներ չկրելու կամ սխալ կրելու դեպքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողություններին՝ նա նշեց, որ դիմակներ կրելու պարտավորությունը պետությունը որդեգրեց, որպեսզի հնազանդության մեջ պահի քաղաքացիներին. «Ես հեռու եմ այն կանխավարկածից, որ դիմակ կրելը միտված է վիրուսի տարածման կանխարգելմանը, որովհետև բոլորիս է հայտնի՝ Հայաստանում եզակի թվով անհատներ են պահում դիմակի կրման կարգը, կամ միգուցե այդ եզակի թվով անհատները չկան: Այսինքն՝ դիմակ կրելն ուղղակիորեն քաղաքացիներին հնազանդության մեջ պահելու և Ոստիկանությանը քաղաքացիների վրա հարձակում իրականացնելու, ճնշելու գործիք տվեց: Եթե քաղաքացին չի կրում դիմակ, ապա Ոստիկանությունն առավելագույնը, որ պետք է անի, պետք է արձանագրություն կազմի կամ տուգանքի որոշում, որևէ այլ գործառույթ Ոստիկանությունը չունի: Բայց մամուլով շրջանառվեցին բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկաններն անհարկի ուժ էին կիրառում քաղաքացիների նկատմամբ, խոշտանգում են, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝ բերման են ենթարկում, որի գործառույթը չունեն: Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞ց»:

Նա նշեց, որ ինքն էլ է ապօրինի բերման ենթարկվել և ձերբակալվել. «Ես՝ լինելով փաստաբան, Ոստիկանության ապօրինությունների կանխարգելման գործում չունեի որևէ մեխանիզմ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսել է, թե որ պահանջի չկատարման համար ոստիկանը կարող է քաղաքացիներին բերման ենթարկել: Այդ մասին հաղորդում եմ ներկայացրել Դատախազություն, բայց մինչ օրս որևէ դրական ելքով ավարտ չունենք, չնայած՝ բողոքարկման գործընթացն իրականացվում է: Այսինքն՝ կա հստակ օրենք, որ ոստիկանությունը կարող է բերման ենթարկել միայն որոշակի իրավախախտումների դեպքում, որի մեջ չի դիտարկվում արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժման իրավական ռեժիմի պայմաններն ու պահանջները չկատարելը, բայց այնուամենայնիվ, տեսնում ենք Ոստիկանության կողմից մասսայական քաղաքացիների նվաստացման, բռնության, ճնշում գործադրելու երևույթներ, բայց որևէ ոստիկան չենթարկվեց պատասխանատվության: Սա նշանակում է, որ իշխանությունը դիմակը պարզապես օգտագործում է և ամբողջ ոստիկանական համակարգին լարում է քաղաքացիների դեմ, որպեսզի նրանց պահի բռնության, վախի մթնոլորտում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս