«Էդ մարդն իր կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչ օրս չի կարողանում մոռանա, ների․․․». Կամո Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի մասին
«Էդ մարդն իրա կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչև օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ շահումյանցիներին ուղղված մեղադրանքին:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը երիտասարդության հետ հանդիպմանն ավելի վաղ ասել էր, որ Շահումյանի շրջանը հետ վերցնելը շահեկան չէ:
«Վաղը, որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի, թե հետագայում սահման պահելու համար, թե տնտեսական շահերից, թե էդ հողերի բերքատվության, թե մի շարք այլ հարցերով, թե նավթ ունենալու»,- նշել էր նա:
Սակայն օրեր առաջ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը փորձեց «մեղմել» Շահումյանը վերադարձնել-չվերադարձնելու հետ կապված ավելի վաղ արված հայտարարությունը, սակայն, ինչպես ասում են՝ «хотели как лучше, а получилось как всегда», և Բաբայանը հիմա էլ շահումյանցիներին մեղադրեց իրենց շրջանն «անտեր» թողնելու մեջ:
«Ինձ հարց են ուղղել ռազմական, ես ասել եմ՝ եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լանքյարանը (Լենքոր) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Սա էր ամբողջ իմաստը: Ասեցի՝ ռազմական սահման չենք մեծացնում, եթե գնում ենք այս ուղղությամբ, սահման չի մեծանում, դա՝ մեկ, երկրորդ՝ էս, երրորդ՝ էն… բայց դա երիտասարդների հետ խոսակցության թեմա էր, ոչ թե հրապարակայնացնել, թե Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: 1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիք հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին: Այնպես որ, այդ հարցը ճիշտ չեն ձևակերպում, էդ միտքը չենք ունեցել, մենք ունեցել ենք այն, ինչի մասին խոսեցինք»,- վստահեցրել է ԱԽ քարտուղարը։
Ազատամարտիկ Կամո Հարությունյանը, ով արձագանքել էր Արցախի ԱԽ քարտուղարի առաջին հայտարարությանը՝ նշելով, որ «Շահումյանի շրջանը միակն է, որից Ադրբեջանի հիմնական հարթավայրային կենտրոնների վրա կարելի է հսկողություն վերցնել, նույն Գանձակի, Մինգեչաուրի վրա», 168.am-ի հետ զրույցում որոշ հիշեցումներ արեց:
«Առաջին՝ 1993-ից Շահումյանն արդեն հակառակորդի ձեռքում էր, երկրորդ՝ 1992-ի ամռանից Շահեն Մեղրյանի գլխավորությամբ ստեղծված է եղել «Եղնիկներ» ջոկատը: Շահումյանցիները սփռված են եղել ամբողջ Հայաստանով մեկ՝ գիշերօթիկ դպրոցներով, և այլն, ո՞ւմ են տեսել դրանք, որտե՞ղ են փետով ծեծել, ո՞նց են գնացել էդ մարդկանց ճարել:
Մենք ենք մեր ուժերով հնարավորինս հավաքել շահումյանցիներին և կամավոր, ու համալրել մեր ջոկատը: Ընդ որում, այն համալրվել է ոչ միայն շահումյանցիներով, այլև կամավորական տղերքով, որոնց մեջ կային և՛ երևանցիներ, և՛ էջմիածնեցիներ, աշտարակցիներ, թալինցիներ և այլն: Մի խոսքով, շատ տեղերից կամավոր տղերք կային, որոնք պատրաստ էին մեզ հետ Շահումյանի ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնել, մեզ մոտ մոտ 700 հոգի մարդ կար գրանցված: Թե դրանք ում են տեսել, որտեղ են շահումյանցի ծեծել, ուր էին ուղարկում, հատկապես, որ մեր ջոկատը պարտիզանական էր, իսկ պարտիզանական նշանակում է՝ հակառակորդի թիկունքում լինել: Էդ ձևի պաշտոնի մարդը կարելի՞ է, որ մի ամբողջ շրջանի մարդկանց մասին էդ ձևի հայտարարություն անի: Ոնց որ ՀՀ ԱԽ քարտուղարը կանգնի-ասի՝ արծվաշենցիներին փետով ծեծելով չենք կարողացել տանել-հասցնել Կրասնոսելսկ: Հնարավո՞ր է նման հայտարարություն: Դա պաշտոնական մարդուն վայել մտածելակերպ կամ արտահայտման ձև՞ է: Այնպես չի, որ փետ բռնել մենակ իրանք գիտեն, որ ուրիշ մարդիկ չկան, որ կարող են փետ բռնել և համապատասխան նպատակով օգտագործել: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Կիրովաբադը գրավելու տեղ Լանքյարանն են գրավելու, նախ՝ Լանքյարանում ադրբեջանցիները չեն, թալիշներն են այդտեղ ապրում:
Ես ինչքան գիտեմ՝ թալիշները մի քանի անգամ հանդես են եկել հայտարարությամբ, որ հայերի հետ խնդիր չունեն, որ իրենց ադրբեջանական իշխանությունն է զոռով տանում ճակատ, նույնիսկ այդ ժողովրդի ներկայացուցիչներից Հայաստան են փախել ու եկել, հիմա, եթե դու Լանքյարանն ես գրավում, վաղը-մյուս օրը թալիշներն ասելու են՝ ադրբեջանցիներից վերջացրել, մե՞զ եք հասել: Նման արտահայտությունը ճիշտ չի, Կասպից ծով ես գրավում, լավ ես անում, պարտադիր չի Լանքյարան գրավես: Գուցե մարդիկ ուրիշ անուն չգիտեն այդ տարածքում և դրա համար Լանքյարան են ասում: Ես հիշեցնեմ՝ թող Ապշերոն ասեն, էլի, թող Ապշերոն ասեն, թող դա գրավեն: Հետո՝ ներկա պահին գոյություն ունի Արցախի Սահմանադրություն, որի հիմքում մեր Արցախի Հանրապետության քարտեզն է: Իսկ Արցախի Հանրապետության քարտեզի մեջ չի մտնում ո՛չ Լանքյարանը, ո՛չ Ապշերոնը, այլ մտնում է Շահումյանը, Գետաշենը: Դրա համար եմ ասում, որ պիտի պատմություն ուսումնասիրեն, մեր նորագույն պատմությունը, երբ ասում եմ՝ աշխարհագրություն թող ուսումնասիրեն, նկատի ունեմ, որ տեսնեն, թե մեր քարտեզը որտե՞ղ է, Կասպից ծովը որտե՞ղ է. Կասպից ծով գնալու համար պիտի Քուռ գետը պարտադիր անցնես, իսկ Քուռ գետն անցնելու համար էլի Շահումյանն է պետք: Իմ բոլոր ասածները «ժելեզնի» հիմքեր ունեն, կարող են դնել և նայել: Մարդիկ բաներ են ասում, հետո սկսում իբր խոսքերը փոխել, էդ մարդն իր կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչ օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների, և ցանկացած պահ չի կորցնում՝ մի վատ բան ասի, կպնի, «կծի»»:
Հիշատակված միջադեպի արմատները տանում են դեպի 1991 թվական՝ Գյուլիստան, որի մանրամասնները ներկայացնելու կարիք չկա, քանի որ թեման Շահումյանը վերադարձնելու կարևորությունն է, ոչ թե անձնական խնդիրների ներկայացումը:
Սամվել Բաբայանի վերջին հայտարարությանն արձագանքել է նաև Շահեն Մեղրյանի որդին՝ փաստաբան, Շահումյան-Գետաշեն միության ներկայացուցիչ Զինավոր Մեղրյանը:
Ըստ նրա, շահումյանցիների վրդովմունքը բնական է, հասկանալի և արդարացված, բայց դա հարցի միայն էմոցիոնալ կողմն է:
«Խնդիրը շատ ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Այստեղ կան նաև քաղաքական, և, ամենակարևորն է՝ բարոյական բաղկացուցիչներ։ Փաստորեն, Արցախի ԱԽ քարտուղարը խոստովանում է, որ Բաքվի նավթն ու Կասպից ծովի ավազն իր համար ավելի նախընտրելի են, քան Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները։ Նա խոստովանում է, որ առաջնորդվում է ոչ թե պատմական արդարության, այլ նեղ անձնային շահերով։ Եվ ուրեմն՝ ի՞նչ սպասել նման մարդուց։ Բնականաբար, ոչինչ։ Պարզապես ջնջել է պետք նրան մեր մտքից»,- մասնավորապես, գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: