«Դուք իմ պատասխանը կկարդաք հիմնավորված, փաստարկված, թե հաղթանակը որտեղ էր, բացթողումները որտեղ էին, և վերջնամասում ամբողջն ինչ էր». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հանկարծ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարվա լռությունից հետո մամուլիս ասուլիս տվեց՝ նվիրված ապրիլյան պատերազմին։

«Ամենայն հավանականութամբ, Սերժ Սարգսյանը, երբ իմացել է, որ հիմա այս հարցերի շրջանակներում սկսվելու է աշխատանքներ ծավալվել… իմ կարծիքով՝ ինքն անիմաստ շտապեց, իր ասուլիսը՝ ասուլիս էր ոչնչի մասին, ես այդ տպավորությունը ստացա։ Ըստ էության ինքն ապրիլյան թեմայից ոչինչ չի խոսել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը փորձում էր այդ պատերազմը հերոսապատում ներկայացնել, Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ թողեք հերոսապատման, գնահատականների և վերլուծությունների մասին, քանի որ դրանից հետո ընդամենը մեկ թիվ է հրապարակել, թե հակառակորդը քանի դիրք է այդ ժամանակ տնօրինել, ինչը, Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ կարևոր փաստեր են։

«Սերժ Սարգսյանն այս հարցերին չի պատասխանել, որովհետև այդ հարցերն իր օրակարգում չի եղել։ Վերջին հաշվով, այդ բանակն այդ ժամանակ, ի՞նչ եք կարծում, ո՞նց էր կառավարվում, ավելին ձեզ ասեմ՝ ինչով սկսվեց, ինչով ավարտվեց, ավարտի մասին որևէ մեկը նրան հարց չի տվել»,- հավելեց նա։

Հաջորդ դիտարկմանը, որ պաշտպանության նախարարն ապրիլյան պատերազմը համարում է  հաղթանակ, Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց, թե Պաշտպանության ո՞ր նախարարը: «Պաշտպանության մեկ նախարար ունենք, որը գտնվում է  անհայտության մեջ՝ Վիգեն Սարգսյանը»,- նշեց Ա. Քոչարյանը։

Իսկ երբ լրագրողն ասաց, որ խոսքը գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ լրագրողը «խառնում» է, քանի որ Տոնոյանն ասել է, որ ապրիլյան գործողությունների ժամանակ զինվորները կերտել են հաղթանակ։

«Ես ասում եմ՝ վերջնամասում, ապրիլյան գործողություններն իրենց բնույթով ի՞նչ էին ներկայացնում, և մենք ինչ ունեցանք։ Եթե դա այդպես է, ապա բացեք ռազմական բառարանը և կարդացեք՝ ինչ է նշանակում՝ հաղթանակ։ Բացեք, կարդացեք, այնտեղ հստակ ձևակերպած է, թե ի՞նչ է նշանակում ռազմական հաղթանակ։ Դուք իմ պատասխանը կկարդաք հիմնավորված, փաստարկված, թե հաղթանակը որտեղ էր, բացթողումները որտեղ էին, և վերջնամասում ամբողջն ինչ էր։ Ադրբեջանն իր առջև դրված խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, մենք մեր առջև դրված խնդրի ո՞ր մասն ենք լուծել։ Եկեք ապրիլյանը հիմա թողեք իր եզրահանգմանը, ավարտական փուլում ենք։ Հանրապետական կուսակցության շատ անդամներ սպասում էին այն  տեսակետին՝ դիրքերում փամփուշտ լինել-չլինելուն, վառելիք լինել-չլինելուն։ Լավ կլիներ, որ այն ժամանակ իշխանություն իրականացնող  ընկերները 2016-2018 թվականին կամ իրենք նախաձեռնեին նման հանձնաժողով և ուսումնասիրեին, թե ինչ վիճակ է եղել, կամ գոնե կարդային այն վերլուծությունը, որն արված էր Գլխավոր շտաբի կողմից։ Ես այն տպավորությունն եմ ստացել, որ չեն կարդացել Սեյրան Օհանյանի հրամանով   իրականացրած վերլուծությունը, թե ինչ բացթողումներ են եղել, բայց մենք գոնե կարդացել ենք»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ նման հանձնաժողով Հայաստանում առաջին անգամ է, ԱՄՆ-ում նման հանձնաժողով ստեղծվել է Ջոն Քենեդու սպանությունից հետո, նաև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի  ահաբեկչությունից հետո։

Նա նաև վստահեցրեց, որ այս թեմայի հետ կապված ոչինչ չեն թաքցնելու, կարծում է՝ թեմայի հետ կապված որևէ մեկը չի կարող իր խիղճը ծախել: «Խիղճ ծախելու թեման մնացել է անցյալում։ Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելուց հետո, կարծում եմ՝ այն հնարավորություն է տալու նաև, եթե կան թերացումներ, իսկ դրանք կան, և կոնկրետ մարդիկ են, որոնք թերացել են, բնականաբար, կլինեն այլ մարմինների համար ուսումնասիրություններ անելու և որոշումներ կայացնելու առարկա»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս