Վենեսուելան COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը կստանա սեպտեմբերին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին՝ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար։

«Սեպտեմբերին Ռուսաստանից կստացվի առաջին պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել է նրա Twitter-ում: Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայի առաջիկա ընտրություններում բոլոր թեկնածուների պատվաստում ստանալու հնարավորությունը՝ նախընտրական արշավը հանգիստ անցկացնելու համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս