«Այս անկման մեջ մեղքի վիթխարի չափաբաժին ունեն այսօրվա «ժող ջանի» ներկայացուցիչները և թավշապատ տղերքը». Սերժ Սրապիոնյան

Տևական ժամանակ է՝ «Կամք» հասարակական նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Նախաձեռնության անդամները հայտարարել են, որ իրենց պայքարն ազգային պայքար է և ուղղված է գալիք սերունդների պայծառ ապագայի կառուցմանը։

Հիշեցնենք, որ նախարարի հրաժարականի պահանջով այս և մյուս բողոքի ակցիաներից հետո Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ իր հրաժարականի հարցն առհասարակ չի քննարկվում, հրաժարականի պահանջին էլ ըմբռնումով է վերաբերվում։

«Կամքի» նախաձեռնությանը միացել են բազմաթիվ մտավորականներ, որոնց կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարի գործունեությունը որևէ կերպ չի նպաստում մշակույթի, գիտության և ազգային արժեքների զարգացմանը։

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը, ով  նույնպես միացել է նախաձեռնությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շարունակելու է պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։

– Իրատեսակա՞ն եք համարում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, քանի որ վերջերս նա հայտարարել էր, որ իր հրաժարականի հարցը չի քննարկվում։

– Եթե սա լիներ միայն նախարարի հայտարարությունը, ես հեռավոր հույս կարող էի ունենալ, որ մի օր Արայիկ Հարությունյանի մոտ կարթնանա տղամարդու ինքնասիրությունը, ինչի վրա, իհարկե, բավականին մեծ տոկոսով կասկածանք ունեմ, և ինքը հրաժարական կտա։ Բայց քանի որ երկրի առաջին դեմքը որոշ ժամանակ առաջ աննախադեպ հայտարարություն արեց, որ 10.000 մարդ էլ հավաքվի՝ Արայիկ Հարությունյանը մնալու է աշխատանքի, ինձ բերեց այն համոզմունքի, որ Արայիկ Հարությունյանը մի այնպիսի գործիք է, թող ներվի, հարմար բառը չեմ գտնում, որն իր տված հանձնարարությունները մինչև վերջ պետք է կատարի, ավարտի իր առաքելությունը, նոր միայն հեռանա։

Սա էր պատճառը, որ մամուլում սպրդեցին լուրեր, որ իբրև Ա. Հարությունյանին կտանեն փոխվարչապետ։ Այն մարդիկ, որոնք այսօր առնչվում են կրթության, մշակույթի հետ, որոնք հնարավոր թեկնածուներ են համարվում, բոլորովին ավելի լավը չեն, քան Արայիկ Հարությունյանը։ Ավելին՝ նրանք շատ ավելի վատն են, որովհետև կարծր մտածողություն ունեն։ Ես հույս չեմ կապում Արայիկ Հարությունյանի հետ, թե նրան կփոխարինի մեկ ուրիշը՝ ժողովրդական մանկական լեզվով ասած՝ ավելի պուպուշը։ Այս մարդկանց մեջ ում տրված է մշակույթի և լեզվի խնդիրը լուծելու դժվարին գործը՝ չկա այդ պուպուշը։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը ցույց է տալու այն խոցելի կետը, որից պետք է սկսել, որպեսզի այս իշխանությունն ունենա ընտրության հնարավորություն՝ կա՛մ ամբողջությամբ հրաժարական տա գնա, կա՛մ ոտքից գլուխ վերանայի իր գործելակերպը։ Հետևաբար՝ կապերը խզի օտարամուտ կազմակերպությունների հետ, ամբողջությամբ մերժի ազգակործան գաղափարաբանությունը և դրանով պայմանավորված՝ իր գործունեության ձևերը, և անցնի շատ ավելի լուրջ գործողության։

Դժբախտաբար, այս երկիրը բազում խնդիրներ ունի, և յուրաքանչյուր խնդրի լուծումը պետք է տրվի այդ խնդրին գիտակ մարդկանց։ Օգտագործվի այն վիթխարի ներուժը, որն այսօր հասարակության մեջ կա, և որը, դժբախտաբար, քողածածկված է։ Այդ մարդիկ կա՛մ ասպարեզ գալու հնարավորություն չունեն, կա՛մ պարզապես հուսահատ ձեռքերը թափ են տվել, և այդ մարդկանց կենսափորձի և գիտելիքների հիման վրա պետք է երկիրը հանվի անդունդից։ Այս անկման մեջ մեղքի վիթխարի չափաբաժին ունեն այսօրվա «ժող ջանի» ներկայացուցիչները և թավշապատ տղերքը․ սա է իմ կարծիքը։

– Ժամանակին Դուք Արայիկ Հարությունյանի հետ դասավանդում էիք նույն բուհում՝ ԵՊՀ-ում։ Երբևէ փորձե՞լ եք՝ որպես Ձեր նախկին գործընկեր, մտերմիկ զրուցել նրա հետ և ներկայացնել առկա խնդիրները։

– Ձեր ասածի մեջ մի թեթև իմ ինքնասիրությունը վիրավորող միտք կար, որովհետև նույն բուհում Արայիկ Հարությունյանի հետ ես չէի կարող գոյատևել։

Բարեբախտաբար, մեր դասավանդման կենտրոններն իրարից գտնվում են շուրջ 1 կմ հեռավորության վրա, և ես այնքան բախտավոր եմ եղել, որ Արայիկ Հարությունյան չեմ էլ ճանաչել։ Այդ անուն-ազգանունն ինձ ոչինչ չասաց նույնիսկ այն ժամանակ, երբ կեղծ պայքար էր մղվում օտարալեզու դպրոցների դեմ, այդ պայքարի ժամանակ առաջիններից մեկը ես եմ հայտարարել, որ դա օտար լեզվի խորացմամբ ուսուցման դպրոց է և հայկականությանը որևէ վտանգ չի սպառնում, որովհետև ժողովուրդը վաղուց գիտի՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Արայիկհարությունյանները սարսափում էին ոչ թե նրանից, որ ազգային դպրոցը վերջանում է և տեղը հիմնվում է  օտար լեզուների դպրոց, այլ վախենում էին, որ կավելանա տարբեր լեզուների իմացությամբ, խորը գիտելիքներ ունեցող հայերի թիվը, և իրենք իրենց սատանայական ծրագրերը շատ դժվար կներմուծեն։ Եթե մարդը, գոնե ինձ հասած տվյալներով՝ 2013 թվականից, իսկ ուրիշների վկայությամբ՝ ավելի վաղ, կապված է կասկածելի բաց գրասենյակների հետ և վիթխարի գումարներ է ստանում իր գործունեությունը կարգավորելու համար, ուրեմն՝ այդ մարդը պարզապես չի կարող լինել ո՛չ իմ միջավայրում, ո՛չ այն մթնոլորտում, որտեղ ես շնչում կամ գոյատևում եմ։

Շուրջ 2 տարի առաջ, երբ Արայիկ Հարությունյանն առաջին ծակոցը բերեց հայ գրականությանը և հայոց լեզվին՝ բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում այն վերածելով կամընտրականի, առաջիններից մեկը ես խոսեցի նրա դեմ, և առաջիններից մեկին, ում փորձեց բերման ենթարկել՝ ես էի։ Նա ուղղակի հասկացավ, որ ես այն մարդը չեմ, որին կարելի է բերել կամ տանել, իրեն կարող են բերել և տանել, և Արայիկ Հարությունյանը իմ նախարարը չէ։ Նա կարող է ցանկացած քայլի դիմել՝ ինձ այդ ոլորտից հեռացնելու համար, բայց նրա ուժերը չեն պատի՝ սա պարզ հայտարարում եմ, որովհետև մի մարդ, որը չի հասկանում գիտության արժեքը և չի հասկանում գրագետ ու կիրթ մարդուն՝ նրանց համարելով խավարամիտ, մի մարդ, որն այդ մարդկանց պարզապես մերժում է՝ նա իրավունք չունի լինելու այդ մթնոլորտում։ Ես ունեմ, ինքը չունի այդ իրավունքը, ես այդ իրավունքը ձեռք եմ բերել, նա դեռ ձեռք չի բերել և չի էլ բերելու։

Տեսանյութեր

Լրահոս