«Պետք է իմիտացիոն մի ռեժիմ ստեղծեն, և կարանտինը հենց այդ իմիտացիոն ռեժիմն է». Քաղտեխնոլոգ
Ուրբաթ օրը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը։
Ըստ այդ նախագծի, մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները, որոնցից մեկն էլ կարանտինի սահմանումն է։ Կարանտինը կարող է սահմանվել Առողջապահության նախարարության, մարզպետի, համայնքի ղեկավարի, կառավարության առաջարկով՝ վարակիչ հիվանդությունների` ՀՀ տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով արտակարգ դրությունը կարանտինով փոխելու վերաբերյալ նախագծի ընդունմանը, ասաց, որ արտակարգ դրության ժամանակ իշխանությունները միշտ փորձել են պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա, այսինքն՝ ժողովուրդն է մեղավոր, որ դիմակ չի կրում, որ վարակվածների թիվն օրեցօր ավելացնում է, և այլ խնդիրների համար։
«Միշտ վատ վիճակի համար մեղադրել են ժողովրդին, բայց երբ ինչ-որ տեղ իրավիճակում դրական միտումներ են նկատվում, բնականաբար, իշխանությունները դափնիները վերցնում են իրենց։ Երբ իշխանությունները պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն, բնականաբար, 1000-ից ավելի մահվան դեպքերը բերելու է դժգոհությունների, ինչը նրանց համար ձեռնտու չէ։ Այս երկու տարվա ընթացքում իշխանությունները ցույց տվեցին, որ նրանք ընդամենը վարկանիշի համար պայքարող ուժ են, հետևաբար՝ այս իրավիճակը նրանց վարկանիշը նվազեցնելու գործոններից մեկն էր, ինչի համար էլ նրանք պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա։
Այո, կարանտինի հայտարարմամբ կարող են պատասխանատվությունը դնել մարզպետների, գյուղապետերի վրա՝ նշելով, թե՝ եթե այդ վայրերում վիճակը վատն է, ուրեմն նրանք լավ չեն աշխատել։ Այսինքն՝ սա պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու քաղաքականություն է»,- նշեց Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ նորություն չէ, երբ իշխանություններն իրենց բաժին պատասխանատվությունն ուրիշի ուսերին են դնում։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին, մասնավորապես՝ հավաքների անցկացման մասով, Արմեն Բադալյանը նկատեց՝ այս ամենով չեն կարող ստիպել, որպեսզի հավաքներ չանցկացվեն, քանի որ, ինչպես արտակարգ դրության ժամանակ էր ժողովուրդն անհրաժեշտության դեպքում ակտիվ քաղաքական քայլեր իրականացնում, այնպես էլ կարող է անել կարանտինի ժամանակ։
«Երբ պետք լինի ժողովրդին ինչ-որ գործողություն իրականացնել, նա կիրականացնի։ Եթե պրոբլեմատիկ հարցեր առաջանան, ապա ժողովուրդը կարանտինին չի նայի, իր հարցը փողոցում կբարձրաձայնի։ Այստեղ պարզապես այն վիճակն է, որ իշխանությունը մի բան անում է՝ անելու համար։ Պետք է իմիտացիոն մի ռեժիմ ստեղծեն, և կարանտինը հենց այդ իմիտացիոն ռեժիմն է»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Ինչ վերաբերում է տույժ-տուգանքների խստացմանը, որը նախատեսված է նոր նախագծով, և արդյո՞ք դրանց կիրառումը չի առաջացնելու սոցիալական բունտ, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ դժվար է ասել բունտ կլինի՞, թե՞ ոչ, սակայն մեկ բան ակնհայտ է, որ այդ ամենն արդեն առաջացնում է սոցիալական դժգոհություն։
«Անհրաժեշտ է, որպեսզի այդ դժգոհություններն այս կամ այն քաղաքական ուժի կողմից օգտագործվեն իշխանությունների դեմ։ Այս պահին չկա այդ ուժը, որ փորձի դա օգտագործել, կան քաղաքական գործիչներ, որոնք իրավական ճանապարհով փորձում են այդ դժգոհություններն արտահայտել։ Մինչև այս պահն ընդդիմությունը չի կարողացել իրավիճակը գրագետ օգտագործել, սրանից հետո կկարողանա՞՝ չեմ կարող ասել»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։