Բաժիններ՝

«Եթե հարցին լուծում չտրվի՝ պատրաստ եմ հացադուլի նստել կամ գալ ԱԺ-ում քնելու, էլ մնալու տեղ չկա». Ցուցարար

Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին Ազգային ժողովի դարպասների դիմաց, որպեսզի իրենց խնդիրների մասին տեղեկացնեն նաև ԱԺ պատգամավորներին:

Քաղաքացիների խոսքով՝  իրենք տարբեր հարցերով եկել են Հայաստան, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չեն կարողացել վերադառնալ ՌԴ, ինչի հետևանքով լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ ընտանիքի անդամների մի մասը Ռուսաստանում են, մյուս մասը՝ Հայաստանում, աշխատանքը Ռուսաստանում է, երեխաներն այնտեղ են դպրոց հաճախում, և այլն:

Ակցիայի մասնակիցներից մի կին լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստաթղթային գործերի համար է եկել Հայաստան, այստեղ տուն չունի, և  շուրջ 7 ամիս է՝ ծանոթների տանն է ապրում.

«Ամսի 24-ին կլինի 7 ամիս, որ եկել եմ Հայաստան, եկել էի թղթերի գործերով, տեղեկանքներ պատրաստելու ու մինչև այսօր այստեղ եմ, չեմ կարողանում գնալ: Ընտանիքս, աշխատանքս, ինչ ունեմ՝ այնտեղ է, այստեղ ոչինչ չունեմ, որտեղ մութը տալիս է՝ այնտեղ քնում եմ, չգիտեմ՝ էլ ոնց կարելի է ապրել, ոչ էլ աշխատանքի են ընդունում: Երեխաներս են այնտեղից փող ուղարկում, մի օր՝ 1000 ռուբլի, մի օր՝ 2000, ոնց կարողանում են: Ծանոթների տանն եմ ապրում՝ մի շաբաթ՝ մեկի տանը, մի ամիս՝ մյուսի տանը: 25 տարի է՝ ես այնտեղ եմ ապրում ու այստեղ ապրելու ցանկություն չունեմ, այստեղ ոչինչ չունեմ, իմ ամբողջ ազգն այնտեղ է»:

Քանի որ ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտարարում են, որ տարբեր գերատեսչությունների են դիմում, և դրական արձագանք չկա, իսկ այսօր էլ Ազգային ժողով էին եկել, հարցրեցինք, թե արդյոք մինչ այս պահն ԱԺ պատգամավորներին դիմե՞լ են, արձագանք եղե՞լ է:

«Այո, պատգամավորներին ինտերնետ կապով ենք դիմել, բոլորն էլ գրել են այն պատճառները, որ հիմա այսպիսի իրավիճակ է: Պարոն Փաշինյանին էլ ենք գրել՝ ընդհանրապես չի պատասխանել, Տիգրան Ավինյանին գրել ենք, ընդհանրապես չի պատասխանել: Եթե այս հարցին լուծում չտրվի՝ պատրաստ եմ հացադուլի նստել կամ էլ գամ այստեղ քնելու, էլ մնալու տեղ չկա: Ինչքան հարազատ, ծանոթ ունեմ, բոլորի տները գնացել մնացել եմ, ոչ մեկն էլ պարտական չի ինձ պահելու, բոլորն էլ այնպիսի վիճակում են, որ ի վիճակի չեն ուրիշ մեկին պահելու»,- ասաց մի քաղաքացի:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե   ՀՀ բոլոր  քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան:

«Ես թոշակառու եմ, իսկ թոշակառուն այստեղ ո՞նց պետք է ապրի: Ենթադրենք՝ ընտանիքը վերադառնա, ո՞նց ապրեմ 35.000 դրամ թոշակով, եթե տան վարձը 100.000-120.000 դրամ է: Ես այդ 35.000-ը նույնիսկ չեմ կարողացել դեղորայքին հերիքացնեմ: Մենք անդունդի եզրին կանգնած մարդիկ ենք,  ոչ առաջ կարող ենք գնալ, ոչ էլ հետ, թող կառավարությունն օգնի, ճանապարհ բացի, գնանք հասնենք մեր ընտանիքներին: Այսօր իրենք պետք է կանգնեն մեր ժողովրդի կողքին, մենք ենք ընտրել իրենց, թող բարի լինեն իջնեն և զբաղվեն մեր գործով»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Լրագրողի դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո վարչապետը հորդորում էր, որ բոլոր հայերը վերադառնան հայրենիք, այստեղ աշխատեն, տարեց կինն ասաց.

«Հայրենիքում ի՞նչ աշխատեն, ասում են՝ թող կարտոլ մշակեն, կարտոլով տղամարդը կարո՞ղ է ընտանիք պահել: Հողի աշխատանքով ժողովուրդն այսօր ի՞նչ է ստանում, կամ ջերմոց են դնում, ի՞նչ են օգտվում, հարկ ու տուրքը մուծում են, տակը ոչ մի բան չի մնում, ո՞նց ապրեն Հայաստանում»:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ ավելի ուշ՝ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նրանք քաղաքացիներին ասացին, որ խնդրին ծանոթ են, և, որ խորհրդարանում այս հարցը կբարձրացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս