Բաժիններ՝

«Լիդիանը» պատրաստ է երկխոսել բացառապես օրենքի շրջանակներում

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։

Երեկ Ամուլսարի շրջակայքում ապօրինություն իրականացնող խմբավորումը փորձել է խոչընդոտել նոր պահնորդական ծառայության աշխատակիցների մուտքն Ամուլսարի տարածք։ 10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական կազմակերպությանը` դիտավորյալ վնաս պատճառելով ընկերության գույքին՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր (կից՝ լուսանկարներ)։ Կարծում ենք նման խուլիգանության ու ապօրինության հուսահատ դրսևորումները լավագույն ապացույցն են առ այն, որ այս խմբավորումը չունի համայնքի աջակցությունը։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ապօրինություն իրականացնող խմբավորումը «արյունահեղության» սպառնալիքներ է տեղացել համայնքի այն հարյուրավոր բնակիչների հասցեին, որոնք ցանկանում են աշխատել ծրագրում։ Մեր գնահատմամբ, նման վարքագիծը հետևանք է ապօրինության ու ամենաթողության հանդեպ պատկան մարմինների ավելի քան երկու տարվա հանդուրժողականության։ Երեկ ևս ոստիկանությունը, մեր գնահատմամբ, պատշաճ չի իրականացրել իր գործառույթները՝ չվերացնելով ապօրինությունը։

Պահնորդական ծառայությունը, այդուհանադերձ, չի տրվել սադրանքներին և Ամուլսարի տարածք է մտել՝ խուսափելով բախումներից։ «Լիդիանը» օրենքի սահմաններում ներգրավելու է բոլոր միջոցները և համապատասխան ծառայությունները՝ տարածքում աշխատող համայնքի բնակիչների և «Լիդիանի» աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Կոչ ենք անում ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել ֆիզիկական բռնության կոչեր հնչեցնող և խուլիգանություն դրսևորող անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Միաժամանակ «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ հակառակ ակնկալիքներին, չի բանակցելու որևէ ապօրինության շուրջ, չի առաջարկելու օրենքից դուրս որևէ «լուծում» և չի տրվելու համայնքները վախի մթնոլորտի մեջ պահող անպատիժ խմբավորման շարունակական սադրանքներին։

Միակ բանը, որի շուրջ բոլորի հետ պատրաստ է երկխոսել ընկերությունը, դա Ամուլսարի շուրջ ու այս համայնքներում օրենքի վերականգնումն է, համայնքների անվտանգության ապահովումն ու խաղաղ բարեկեցությանն ու համայնքների բարորությանն ուղղված համագործակցությունը։

Լուսանկարներում` նոր պահնորդական ծառայության աշխատակիցներն Ամուլսարի տարածքում և սադրանքի հետքերը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս