Վիրջինիայում կործանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը
Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում օգոստոստի 31-ին աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի E-2C Hawkeye ինքնաթիռը, անձնակազմի բոլոր չորս անդամները հաջողությամբ կատապուլտվել են: Այդ մասին հաղորդել է ամերիկյան նավատորմի մամուլի ծառայությունը:
Ինքնաթիռը վարժական թռիչքի ընթացքում ընկել է Ուոլոփս կղզու մերձակայքում, որը գտնվում է Նորֆոլքի ռազմածովային ուժերի բազայից դեպի հյուսիս-արեւելք: Երկու օդաչուները եւ անձնակազմի մյուս երկու անդամները կատապուլտվել են «առանց լուրջ վնասվածքների»:
Ցամաքում վնասի կամ տուժածների մասին հաղորդագրություններ նույնպես չեն ստացվել:
Կործանման պատճառը պարզվում է:
E-2C Hawkeye-ը հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման տախտակամածային ինքնաթիռ է: Այն կարող է օգտագործվել հակառակորդի ինքնաթիռների մասին վաղ նախազգուշացման եւ թիրախի վրա ուղղորդելու համար, ինչպես նաեւ որպես հրամանատարական կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: