Բաժիններ՝

«Այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցներն ինչպե՞ս են բացվելու, քան՝ Հայաստանի». Փորձագետը՝ դպրոցների վերաբացման մասին

Պարետատան որոշման համաձայն՝ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է, որ այս մասին շատ քիչ տեղեկատվություն կա:

«Հարցականները շատ-շատ են, նորից անորոշության մեջ ենք: Այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցներն ինչպե՞ս են բացվելու, քան՝ Հայաստանի: Այդ իմաստով ունենք իսկապես ինֆորմացիայի պակաս, և մարդկանց համար այս պահին էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ են սեպտեմբերի 15-ից բացելու դպրոցները: Եթե պատճառը շոգն է, ապա որոշ մարզերում՝ Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, գուցե կարելի էր հենց օգոստոսի վերջից էլ սկսել՝ հաշվի առնելով որ եղանակն այնքան էլ շոգ չէ: Ամեն դեպքում ափսոս է այդ 15 օրը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Հակահամաճարակային կանոնները պահելու համար քննարկվում է 25-30 հոգանոց դասարանները կիսելու հարցը: Կրթության փորձագետի կարծիքով՝ սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է լինելու թե՛ ուսուցիչների, թե՛ առհասարակ դպրոցի համար:

«Եթե ուսուցիչը 20 ժամ ծանրաբեռնվածություն ունի, կամ 22 ժամ, և դասարանները կիսվում են, ապա ի՞նչ է լինում, ուսուցիչը պետք է շաբաթական 40 ժա՞մ պարապի, արդյոք վճարվելո՞ւ է լրացուցիչ այդ աշխատանքի համար: Սա նույնպես անհասկանալի է: Եթե դասասենյակներ չկան, ինչպե՞ս են դա անելու, ենթադրվում է, որ երկհերթ պետք է աշխատեն»,- ասաց փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը կողմնակից չէ, որ դպրոցներն ամբողջ ծավալով սկսեն գործել: Նա առաջարկում է, որ սկզբնական շրջանում դպրոցները բացվեն մինչև 5-րդ դասարանի աշակերտների համար:

«Կան հետազոտություններ, և դրանցից ամենավերջիններից մեկը հարավկորեացի գիտնականների հետազոտությունն էր, որը բավականին մասշտաբային էր, որտեղ տեսակետներ են հայտնում, որ մինչև 10 տարեկան երեխաները գրեթե չեն տարածում վիրուսը: Իհարկե, տարակարծություններ կան գիտնականների միջև, մի մասը կարծում է, որ ընդհանրապես տարածող չեն, մյուս մասը կարծում է, որ տարածող են, բայց ավելի թույլ տարածող են: Այդ պատճառով աշխարհը հակված է կրտսեր դպրոցները միանշանակ բացելուն, դա կարևոր է նաև այն առումով, որ այդ տարիքի երեխաները չեն կարող տանը մնալ և հեռավար սովորել, հատկապես այն դեպքում, երբ ծնողներն աշխատանքի են»,- ասաց Խաչատրյանը:

Կրթության փորձագետի խոսքով՝ կարելի է բացել գյուղերի դպրոցները, քանի որ գյուղերում իրավիճակն ավելի վերահսկելի է, ինչպես նաև մինչև 200 հոգանոց դպրոցները: Մնացածի պարագայում՝ Խաչատրյանն առաջարկում է փուլային տարբերակ, սկզբում բացել տարրական դպրոցը, ապա՝ միացնել նաև միջին դպրոցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ մինչև որոշում կայացնելը հարցը հստակ ուսումնասիրված չի եղել: Նրա խոսքով՝ խնդրահարույց է լինելու անգամ մինչև 200 հոգանոց դպրոցները բացելն ու այնտեղ հակահամաճարակային կանոնները պահելը:

«200 հոգանոց գրեթե բոլոր դպրոցները տարիների անուշադրության պատճառով ծանր ֆիզիկական պայմաններում են: Չունեն ֆինանսներ, որ կարողանան ապահովել ախտահանումը և մնացած պայմանները: Միջավայրի ախտահանման և հիգիենիկ պայմանների ստեղծման ու կայացման առումով էլ այս դպրոցներն են ռիսկային դառնում: Եթե պետությունն ամբողջությամբ չի վերցնելու այդ բեռն իր վրա, այն է՝  փոքր դպրոցներին ամբողջ պարագաներով հագեցվածությունը, երկու-երեք անգամ ախտահանումը և մնացած հարցերի լուծումը չի վերցնելու իր վրա, դպրոցը չի ունենալու այդ ֆինանսավորումը: Փոքր դպրոցները կա՛մ պետք է ուսուցչի գրպանի հաշվին այդ հարցը լուծեն, կա՛մ ծնողի, կա՛մ տնօրենի գրպանի հաշվին, քանի որ մենք պահանջում ենք, որ ծնողը չպետք է գումար վճարի, ծնողը դուրս է մնում, ուսուցիչը չպետք է վճարի, արդյունքում՝  ուսուցիչը կամ ներքին կարգով տնօրենի հետ, կամ բեռն ամբողջությամբ մնում է տնօրենի վրա»,- ասաց Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով՝ դպրոցների վերաբացման շրջաբերականը ստանալուց հետո մի շարք ահազանգեր են ստացվել, որ հասկանալի չէ, թե ի՞նչ պետք է անեն դպրոցները:

«Դպրոցը պետք է բերել մի վիճակի, որ սկսվի ուսումնական տարին, բայց չգիտեն, թե ինչպիսի՞ վիճակի պետք է բերեն: Ինչպե՞ս պետք է դասավորեն սեղանները, ինչպիսի՞ ախտահանող նյութեր պետք է առնեն, քանի՞ ախտահանող նյութ պետք է տեղադրվի մի դասարանում, ի՞նչ միջոցներով, որևէ ցանկ գոյություն չունի, թե ո՞րն է ավելի արդյունավետ երեխաների համար»,- ասաց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ռազմավարության մշակումը պետք էր ավելի շուտ սկսել, որովհետև եթե այսքան հարցեր առաջացել են այս ընթացքում, ապա ավելի շատ կարող էին առաջանալ, եթե քննարկումներն ավելի վաղ սկսվեին, այդ դեպքում նաև ժամանակ կունենային խնդիրներին լուծումներ գտնելու համար:

«Արագ-արագ, իմիջիայլոց կրթություն ենք կազմակերպելու, որն ավելի վատ հետևանք կունենա: Կարող էինք գոնե հեռավարի հնարավորությունը որակականության բերել, որոշ ժամանակ ունենայինք հեռավար կրթություն, որով միայն 1-ին և 2-րդ դասարանները լինեին ստացիոնար, մնացածը հեռավար լիներ»,- ասաց Հովսեփյանը:

Ուսուցիչների և երեխաների համար առաջին հերթին խնդիր է լինելու դպրոց հասնելը, նրանցից շատերն օգտվում են հանրային տրանսպորտից և կարող են դառնալ վարակ փոխանցող, իսկ ոչ հայկական դպրոցների ուսուցիչների զգալի մասը ռիսկային տարիքում գտնվող մարդիկ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս