Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանին պետական մարմինների հաստիքացուցակների կազմման սկզբունքների վերաբերյալ առաջարկություններ է անելու

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նախագահությամբ ստեղծվել է պետական բյուջեի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի անդրանիկ նիստում հաստատվել է հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը:

168.am-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը հայտնեց, որ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նախագահությամբ ստեղծված պետական բյուջեի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկված է նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից տասներեք ներկայացուցիչ:

«Հանձնաժողովի հիմնական խնդիրը պետական բյուջեի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման նպատակով պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի հաշվարկման գործող նորմատիվների վերանայման, հաստիքացուցակների կազմման սկզբունքների վերաբերյալ ԱՀ նախագահին առաջարկություններ ներկայացնելն է»,- նշեց նա:

Հարցին՝ պետական մարմինների հաստիքացուցակի և այդ մարմինների պահպանման ծախսերի հետ կապված կոնկրետ ի՞նչ առաջարկության մասին է խոսքը՝ կրճատմա՞ն, թե՞…, Անուշ Դոլուխանյանը պատասխանեց.

«Պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերի հաշվարկման նորմատիվների և հաստիքացուցակների կազմման սկզբունքների վերաբերյալ ԱՀ նախագահին ներկայացվելիք առաջարկները մշակման փուլում են, ուստի նպատակահարմար չենք գտնում այս պահին անդրադառնալ դրան: ԱԽ գրասենյակն ապահովելու է հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունը և պատրաստ է մեկնաբանել դրանք առաջարկությունների փաթեթը պատրաստ լինելուն պես»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Արցախի Անվտանգության խորհուրդը, որը զբաղվում էր բացառապես ուժայիններով, այսօր գործառույթներն ընդլայնվել են, և ԱԽ-ն զբաղվելու է բոլոր ոլորտների ազգային անվտանգային հարցերով՝ լինի դա կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, տեղեկատվություն, արտադրական ենթակառուցվածքներ, ֆինանսներ, պետաիրավական համակարգ և այլն:

Տեսանյութեր

Լրահոս