«Արցախի ԱԽ-ի գործառույթներն ավելացվելու են. այսուհետ զբաղվելու է բոլոր ոլորտների ազգային անվտանգային հարցերով». Սամվել Բաբայանի խոսնակ

Մամուլի հրապարակումներն այն մասով, որ Արցախի Անվտանգության խորհուրդը վերակազմակերպվում է, համապատասխանում է իրականությանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը:

«Այլ հարց է, թե որ մասով: Այն, որ լիազորություններն ընդլայնվել են, չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ նույն լիազորությունը, ինչ ունեցել է խորհուրդը նախկինում, պահպանվել է, որևէ բան չի ավելացել կամ պակասել: Այլ բան է, որ նույն լիազորությամբ մի շարք այլ գործառույթներ են ավելացել: Մասնավորապես, եթե  նախկինում Անվտանգության խորհուրդը զբաղվում էր բացառապես ուժայիններով, այսօր գործառույթներն ընդլայնվել են, և ԱԽ-ն զբաղվելու է բոլոր ոլորտների ազգային անվտանգային հարցերով՝ լինի դա կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, տեղեկատվություն, արտադրական ենթակառուցվածքներ, ֆինանսներ, պետաիրավական համակարգ և այլն: Այսինքն՝ բոլոր ոլորտները: Կրկնում եմ՝ եթե նախկինում ԱԽ-ն առավելապես պաշտպանության հարցերով էր զբաղվում, այսօր, եթե ընդլայնվել են գործառույթները, և զբաղվելու է բոլոր ոլորտներով, կնշանակի, որ կառույցն աշխատակազմն ընդլայնելու խնդիր է ունենալու: Այո, մենք ունենալու ենք 30-40 հոգանոց աշխատակազմ, որը հիմնավորվում է գործառույթների ընդլայնմամբ:

Մյուս կողմից՝ նախկինում եղել է ԱԽ աշխատանքների ապահովման բաժին, ուշադրություն դարձրեք անվանը, բայց երբեք այդ բաժինը չի զբաղվել ազգային-անվտանգային հայեցակարգերի, ոլորտային ռազմավարության մշակմամբ կամ փորձագիտական աշխատանքներով, այլ բացառապես քարտուղարության դեր է կատարել՝ իրականացնելով գործարավարություն, ոչ ավելին: Բայց եթե այսօր ԱԽ-ի առջև դրվել են այլ խնդիրներ, հետևաբար՝ խորհուրդը խնդիր ունի ընդլայնել իր աշխատակազմը: Եվ, այո՛, որակական և քանակական փոփոխություն է լինելու: Քանակականը հիմնավորեցի, իսկ որակականը լինելու է այն, որ ներգրավելու ենք բացառապես բանիմաց և փորձառու մասնագետների՝ փորձագիտական աշխատանք կատարելու նպատակով: Այս պահին, սակայն, որևէ մեկը ներգրավված չէ»,- մանրամասնեց նա:

Դիտարկմանը՝ այն, որ բոլոր ոլորտներում ազգային անվտանգության հարցերով զբաղվելու է ԱԽ-ն, դա և լավ է, և մյուս կողմից, փաստորեն, չգրված օրենքներով վերահսկողության հետ ենք գործ ունենալու, այսինքն՝ ԱԽ քարտուղարի ձեռքը, կոպիտ ասած, հասնելու է բոլոր ոլորտներին, Սամվել Բաբայանի մամուլի խոսնակը պատասխանեց.

«Մենք գործ ունենք ոչ թե չգրված, այլ գրված, բայց ոչ հանրայնացման ենթակա օրենսդրության հետ, ինչը պայմանավորված է կառույցի առանձնահատկությամբ: Ուստի որևէ հակասության տեղիք չի տալիս: Եթե միջազգային փորձն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ կա այս փորձը: Այսինքն՝ ԱԽ-ն, որպես խորհրդակցական մարմին, դադարելու է լինել սոսկ ֆորմալ մարմին և ծավալելու է լիարժեք գործունեություն: Այսպիսի գործելոոճը, կարծում եմ, լիովին արդարացված է՝ հատկապես Արցախի քաղաքական կարգավիճակ ունեցող պես երկրի պարագայում»:

Հավելենք, որ ԱԽ գործունեությանն անդրադարձ է կատարվում ԼՂՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի հաստատման մասին ԼՂՀ նախագահի հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս