Բաժիններ՝

«Այն, որ հայտարարել են, թե օժանդակություն է լինելու՝ լավ է, բայց երեք հարց ունեմ՝ ե՞րբ, ի՞նչ օգնություն, ի՞նչ չափով». Ռեստորատոր

Հուլիսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռեստորանային ոլորտի տնտեսվարողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները.

«Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների և, ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:

168.am-ի հետ զրույցում ռեստորատոր, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանն ասաց, որ իրենք հանդիպմանը ներկա չեն եղել, այն կազմակերպել է Ռեստորանների հայկական միությունը, որի հետ ընդհանրապես իրենք կապ չունեն։

«Հիմա կարող եմ այդ հանդիպմանը գնահատական տալ հետևյալ կերպ՝ կսպասեմ կոնկրետ արդյունքների։ Այն, որ հայտարարել են, թե օժանդակություն է լինելու՝ լավ է, բայց երեք հարց ունեմ՝ ե՞րբ, ի՞նչ օգնություն, ի՞նչ չափով։ Երբ այս հարցերի հետ կապված պատասխան ստանանք, այդ ժամանակ միայն կլինի կոնկրետություն։ Մենք շարունակելու ենք պահանջել արտակարգ դրության և միջոցառումների արգելքի վերացում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ իրենց և Ռեստորանների հայկական միությունը պահանջները չեն համընկնում, վերջիններս խոսում են միայն ռեստորանների աջակցության մասին, ինչին իրենք առհասարակ դեմ չեն, սակայն չեն ուզում, որ այդ ամենը կրի դեկլարատիվ բնույթ՝ ամեն ինչ պետք է լինի հստակ, ի՞նչ օգնություն է, ի՞նչ չափի է և ե՞րբ է տրամադրվելու։

«Սպասելու են՝ բոլորը «վարի» գնա՞ն, որ օգնությունը տրամադրե՞ն, ամեն դեպքում այս օգնությունն ուշացած է։ Ճգնաժամի հինգերորդ ամիսն է, և այդ ընթացքում Կառավարությունը հանդիպում է այն տնտեսվարողների հետ, որոնք չունեին բողոք։ Ստացվում է ինչ-որ անտրամաբանական բան՝ այն մարդիկ, որոնք բողոքում են՝ շարունակում են մնալ իրենց բողոքի պահանջատերը, իսկ մարդիկ, որոնք հանդիպել են վարչապետին՝ բազմիցս հայտարարել են, որ խնդիրներ չեն տեսնում։ Հանդիպման հաղորդագրության մեջ նշված է, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների մասով։ Մենք ունենք հակառակ կարծիքը՝ օժանդակությունը զրոյական էր, հասցեական չէր և ռեալ օժանդակություն չկար։ Ավելին՝ կարող է օժանդակություն առհասարակ չտալ, թող տնտեսությունն ազատականացնեն՝ հանեն արտակարգ դրությունը, սա է անհրաժեշտ բիզնեսին»,- հավելեց Աշոտ Բարսեղյանը։

Նրա բնորոշմամբ՝ տրամաբանական չէ շարունակել արտակարգ դրությունը, և տեսնելով, թե Երևանից դուրս ինչ է կատարվում՝ կապված դիմակների և արտակարգ դրության հետ, կարող է հետևյալ հետևությունն անել՝ Երևանի կենտրոնում ահաբեկման գործընթաց կազմակերպելով և ոստիկանության կողմից մարդկանց տուգանքների ենթարկելը՝ զուտ առողջապահության կազմակերպման իմիտացիա է, որին զոհարբերում են տնտեսությունը։ Արտակարգ դրության երկարաձգումն ուղիղ հարված է տնտեսությանը, որը որևէ կերպ փաստարկված չէ։ Ավելին՝ ամբողջ իրավիճակն արդեն վերահսկողությունից դուրս է եկել։

«Երբ մենք արժանանանք Կառավարության ընդունելությանը, իմ հարցերը լինելու են շատ կոնկրետ, դրա համար էլ, որպեսզի կոնկրետություն մտցնենք, ես նախաձեռնել եմ շատ կոնկրետ ոլորտի տուժած մասի գույքագրում։ Հավատացեք, ոլորտը միլիոնավոր դոլարներ է կորցրել, և մենք չենք կիսում Կառավարության արած քայլերի գոհունակությունը։ Ես հասկանում եմ, որ մեզ «իգնորի» մեջ են պահում, բայց ինչքան կարող են «իգնոր» անել։ 300 բիզնեսմեն էր հավաքվել, 5 բիզնեսմեն ընդունելու և 300-ին անտեսելու Կառավարության քաղաքականությունը չեմ ընդունում»,- շեշտեց նա։

Աշոտ Բարսեղյանը նաև փոխանցեց, որ վնասների գույքագրման գործընթացում ներգրավելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Էկոնոմիկայի նախարարությանը, Ազգային ժողովը։ Նա հույս հայտնեց, որ ԱԺ-ում կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի կորոնավիրուսի դեմ պայքարի և արտակարգ դրության ընթացքում Կառավարության արած քայլերի ուսումնասիրությամբ, որին կավելացնեն նաև ոլորտի գույքագրման արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս