«Դիպուկահարային կրակոցներ Նախիջևանի ուղղությամբ կլինեն, գործողություններ՝ ոչ. թուրքերն այդքան անխելք դժվար գտնվեն և ևս մեկ ճակատ բացեն՝ թեկուզ անուղղակի». ռազմագետ
Ադրբեջանը ձգտում է հետ բերել այն, ինչի կորուստը խանգարում է իրենց շատ հանգամանքներում՝ դրա անունը կդնենք բարձունք, թե դիրք կամ դիրքեր: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ բնականաբար, չբացելով փակագծերը:
«Հարաբերական անդորրը դա դեռ մարտական գործողությունների ավարտ չէ, և դրա վառ ապացույցը երեկ գիշերը տեղի ունեցած դիվերսիոն հետախուզական հարձակումն էր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը գրառում կատարեց, որ «ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ»: Այսինքն՝ նրանք հայտնվել են աքցանի մեջ՝ շրջափակման, մարդիկ պատկերացնում են, որ տվյալ տեղում գտնվող հակառակորդը կամ պիտի ոչնչացվի, կամ գերի ընկնի: Իհարկե, միանշանակ չի կարելի ասել, նախ՝ տեղանքը լեռնային է՝ իր մեռյալ գոտիներով, եղանակային պայմանները, սահմանափակ տեսանելիությունը: Դա հատուկ նշանակության ստորաբաժանում է, լավ պատրաստված են, և որքան էլ ասենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները լավ չեն գործում, բայց, ամեն դեպքում, չպետք է թերագնահատել հակառակորդին, հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստվածությունը և նրանց ունեցած տեխնիկական միջոցները: Ի վերջո, ծուղակից կարելի է դուրս գալ: Սակայն դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սպասենք դրան»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է 2020-ի հուլիսյան և 2016-ի ապրիլյան գործողությունների նմանություններին, ռազմագետը նշեց, որ, իհարկե, հակառակորդը 2016-ի ապրիլյան գործողություններից դասեր քաղել էր:
«Ապրիլյանի դեպքում ավելի շատ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցում էր, հետո տանկային ստորաբաժանումները գործի դրվեցին, նոր միայն տեղի ունեցավ համազորային ստորաբաժանումների գործողություններ, ինչը չեղավ շամշադինյան գործողությունների դեպքում՝ ելնելով մի քանի պատճառներից. տեղանքը թույլ չէր տալիս, որ Ադրբեջանն իր զրահատեխնիկան առաջ քաշեր, այսինքն՝ միայն կրակելու համար էին դա օգտագործում, ոչ թե հարձակողական: Գուցե նմանություն կար նրանում, որ նրանք փորձեցին կիրառել կրակային ուժ՝ հրետանիով, ԱԹՍ-ներով հարվածներ, նոր հետո համազորային ստորաբաժանումների գործողություններ տեղի ունեցան, բայց տարբերությունն այն էր, որ համազորային ստորաբաժանումների գործողություններում նրանք հապաղեցին, թերևս, էլի տեղանքն էր խանգարում: Ըստ այդմ՝ սկզբից, իմ կարծիքով, Ադրբեջանի սահմանապահ ուժերն էին փորձում հարցին լուծում տալ, այնուհետ հաջողություն չունենալով, քանի որ տվյալ գոտին պատկանում էր 3-րդ բանակային կորպուսին, ապա շտաբի պետը, որպեսզի ծանոթանա իրադրությանը, միջամտություն կատարի իրենց ստորաբաժանումներում, և եղավ այն, ինչ եղավ: Մեր ուժերը լավագույնս ցուցադրեցին, այդ թվում՝ մեր անօդաչու թռչող սարքերը, իրենց հնարավորությունները: Ադրբեջանի խոցված ԱԹՍ-ներն էլ ՀՀ ԶՈւ-ի կողմից արձագանք ստացան միջազգային ռազմական տեսաբանների շրջանում: Ճիշտ է՝ Իսրայելը մի կողմից՝ ժխտում է որոշ հարցեր, մյուս կողմից՝ ընդունում է, որ եղել է, բայց ասում է՝ դա կախված է նրանից, թե ում ձեռքում են գտնվել ԱԹՍ-ները: Այսինքն՝ մեղքը գցում է Ադրբեջանի վրա, բայց մեր ՀՕՊ ստորաբաժանումները փայլուն աշխատեցին: Փայլուն գործեցին նաև մեր հրետանավորները՝ հակառակորդի մարտական հաշվարկին հասցնելով ճիշտ և կետային հարվածներ»,- նշեց ռազմական փորձագետը:
Պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով թուրքական գործոնը, արձագանքը, հնարավո՞ր է՝ ճակատային, թիրախային փոփոխություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, Արկադի Գրիգորյանն ասաց, որ անգամ 3 Դաշտային Բանակի որոշ ստորաբաժանումներ մարտական պատրաստականության համապատասխան մակարդակի բերվեցին:
«Երբ Թուրքիան ցույց տվեց իր «մկանները», ռուսական կողմը ևս Հարավային ռազմական օկրուգը բարձրացրեց տագնապով, զորավարժություններ սկսեց անցկացնել: Այսինքն՝ դիվանագիտական մակարդակով անուղղակի ձևով փորձել էին Թուրքիային զսպել, բայց նա չէր զսպվում, երբ Հարավային ռազմական օկրուգը տագնապով բարձրացավ, և հայտարարություն եղավ, որ ՀՀ-ում ռուսական 102-րդ բազան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հետ զորավարժություն է անելու, թուրքական կողմը, այսպես ասած, լռեց, այդ ոլորտում ակտիվությունը դադարեց: Ճակատի փոփոխություն սպասում էր Ադրբեջանը, եթե Թուրքիան ինչ-որ ձևով սադրանքի գնար, Ադրբեջանին, բնականաբար, օգուտ էր: Չմոռանանք, սակայն, Թուրքիայի կարգավիճակը ներկա պահին. նա մի քանի ուղղությամբ մխրճված է պատերազմների, մարտական գործողությունների մեջ:
Ի դեպ, Լիբիայի ուղղությանը եթե անդրադառնանք, ապա Եգիպտոսի ԱԺ-ն նախագահին լիազորություն տվեց երկրից դուրս զինված ուժեր կիրառելու վերաբերյալ: Թուրքիան, տարբեր աղբյուրների հավաստմամբ, իր արտադրության բազմակի օգտագործման հարվածային Bayraktar TB 2 ԱԹՍ-ներ է փոխանցել Ադրբեջանին, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան բարձրակարգ իսրայելական ԱԹՍ-ների կորստից հետո փորձ կատարի կիրառել նվազ հնարավորություններով թուրքական արտադրանքը: Չեմ կարծում, որ թուրքերն այդքան անխելք կգտնվեն և ևս մեկ ճակատ կբացեն՝ թեկուզ անուղղակի, միջնորդավորված: Բացառում եմ»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հնարավոր համարելով կրակոցները, դիպուկահարային պայքարը նախիջևանյան ուղղությամբ, քանի որ, երբ Ադրբեջանն ինչ-որ գործողություններում հաջողության չի հասնում, միշտ իր հին՝ դիպուկահարային մեթոդին է դիմում: