«2020-ի հուլիսյան և 2016-ի ապրիլյան ռազմական իրավիճակները չեն կարող համեմատվել. ապրիլյանի դեպքում գործողության ծավալներն ու ճակատն անհամեմատ մեծ էին». Մհեր Հակոբյան

Ի՞նչ «տվեցին» ՀՀ զինված ուժերին հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունները, ի՞նչ ցույց տվեցին, ի՞նչ հետևություններ արվեցին:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am հետ զրույցում նշեց՝ մենք ցույց տվեցինք, որ մեր բանակաշինությունը ճիշտ ուղու վրա է:

«Վերջին մոտ 10 տարում, եթե ոչ ավելի, մենք բանակաշինությունը ճիշտ ողղությամբ ենք տանում: Այսինքն՝ դեռևս Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներից զարգացման մի հերթական փուլ մտանք, երբ լինելով սովետական ոճի կայացած բանակ, սկսեցինք այն հավասարեցնել ժամանակակից պատերազմի կանոններին՝ գերճշգրիտ զենքեր, օդային գերակայություն, ռադիոէլեկտրոնային պայքար և այլ մակարդակներում: Հետևողական այս ուղղությամբ աշխատանք տարվեց, և այս օրերին մենք տեսանք այդ աշխատանքի արդյունքը, որ, կրկնում եմ, մեր բանակաշինությունն ավելի քան ճիշտ ուղու վրա է դրված: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը, որ հասած խնձորի նման թափվում էին գետնին, 4 օրում՝ 14 հատ, հավատացեք, պատահականություն չի, հեշտ արդյունք չի, և ամեն երկիր չի կարող նման արդյունքով գլուխ գովալ: Սա մեր բանակի գլխավոր ձեռքբերումն էր»,- շարունակեց վերլուծաբանը՝ հավելելով, որ ունեցանք նաև միասնականության և համախմբման հերթական օրինակը, հաստատումը, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին:

Անդրադառնալով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած գործողությունների, իրավիճակի համեմատությանը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ՝ Մհեր Հակոբյանն ասաց, որ այդ երկու կոնֆլիկտային կամ ռազմական իրավիճակները մի քանի պատճառներով չեն կարող համեմատվել:

«Առաջին. եթե վերցնենք միջազգային բաղադրիչը, սա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքի դեմ էր ոտնձգությունը, մյուսը՝ Արցախում, որը թեպետ պատմականորեն մերն է և, անկասկած, Հայաստանի մի մասն է, սակայն ՀՀ իրավական տարածքը չի դիտարկվում: Այսինքն՝ այս հուլիսյան դեպքերում մեր միջազգային-իրավական դիրքերն ավելի ամուր էին: Ապրիլյանի հետ այս իրադարձությունը չի կարող համեմատվել նաև իր ծավալներով, ամեն դեպքում, ցամաքային հարձակողական գործողություններից, ըստ էության, մենք տեսանք միայն գիշերային «Յաշմա» բրիգադի հարձակումը, որն անփառունակ ավարտ ունեցավ Ադրբեջանի համար, իսկ ապրիլյանի դեպքում ընդհուպ մինչև տանկային զորքեր էին գործարկվում, և ծավալներն անհամեմատ մեծ էին, գրեթե ամբողջ ղարաբաղյան ճակատն էր՝ Մատաղիսից մինչև Վարանդա, գումարած Լելե Թեփե, իսկ այստեղ ճակատը փոքր էր: Ապրիլյանի հետ, իմ կարծիքով, այս գործողությունները չեն կարող համեմատվել նաև կողմերի հարձակողական գործողությունների առումով, երբ անհամեմատ լոկալ խնդիրներ էին դրված՝ պահել կամ հետ գրավել դիրք: Մինչդեռ ապրիլյանի դեպքում ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռում առկա փաստաթղթերից պարզ դարձավ, որ ավելի մեծ խնդիր էր դրված, և Բաքուն նպատակ ուներ վերջնականապես գրավել Արցախի Հանրապետության տարածքը: Այսինքն՝ մասշտաբների առումով ևս անհամեմատելի են այդ երկու գործողությունները: Դեռ էլի կարելի է տարբերություններ գտնել, ավելի շատ տարբերություններ կան, քան նմանություններ: Միակ սկզբունքային նմանությունն այն էր, որ մեր պայքարը մեր հայրենիքի և հողի համար էր»,- մանրամասնեց վերլուծաբանը:

Իսկ թե որքան կտևի այս, այսպես ասած, հրադադարային վիճակը, ինչ սպասել դրանից հետո, գուցե Ադրբեջանը փոխի՞ սադրանքների ճակատը, օրինակ, նախիջևանյան թև՝ հաշվի առնելով թուրքական գործոնը, և, ինչո՞ւ չէ՝ Արցախ, Մհեր Հակոբյանը նշեց, որ վերադարձել ենք մի վիճակի, որն առկա էր տասն օր առաջ՝ լարված սպասողական վիճակ, և բանակը պետք է իր մարտական խնդիրները կատարի, հատկապես գիշերային մարտական հերթապահության ժամանակ լինի զգոն:

«Բնական է՝ թուրքերն իրենց եղբայրների հետ միասին «ոռնում» են ցավից, ուստի, այո՛, պետք է զգույշ լինենք սահմաններում: Նախիջևանի հատվածում, ամեն դեպքում, էսկալացիան քիչ հավանական է, քան ՀՀ այլ հատվածներում: Միաժամանակ արցախյան ճակատում էսկալացիան ավելի հավանական է, քան ՀՀ սահմաններում: Կոնկրետ Նախիջևանի պարագայում իրենք ռազմավարական անբարենպաստ վիճակում են գտնվում, քանի որ այստեղ կա նաև ՌԴ-ի գործոնը: Առանձին դիվերսիոն հարվածներ, դիպուկահարների մենամարտեր, անկասկած, կլինեն, չեն կարող չլինել: Ւսկ Տավուշի դեպքում մի քանի օր առաջ արված կանխատեսումս ճիշտ էր, որ մարտական գործողությունները երկարատև չեն կարող լինել, և այն իր հատկանիշներով չմոտեցավ պատերազմի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս