Ռուսաստանն այս լարված փուլում հակված է պահպանել հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Մալաշենկո
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը սպասելի էր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, աշխարհաքաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին։
Հիշեցնենք, որ արդեն 7 օր է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրված է։ Այսօր ՀՀ ՊՆ մամլո խոսնակը տեղեկացրել էր, որ գիշերվանից պահպանվել է սահմանին հարաբերական անդորր։
Մալաշենկոն նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, խիստ ցավալի է, սակայն՝ ոչ զարմանալի։
«Առանց պնդելու, թե որ կողմն է խախտել հրադադարը կամ սկսել լարվածություն, ես կասեմ, որ այս սրումը բնական էր և սպասելի, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում իշխանության փոփոխությունից հետո կային ակնկալիքներ, որ բանակցություններում գուցե ռազմավարություն փոխվի, մոտեցումներ փոխվեն՝ առանց գիտակցելու, որ հակամարտության լիարժեք քաղաքական լուծումը մեկն է՝ զիջումներ երկու կողմից, միակողմանի ցանկացած լուծում չի լուծելու հակամարտությունը, այլ ավելի է մեծացնելու մեկ կողմի առավելությունը մյուսի նկատմամբ, խորացնելով առճակատումը և կոնֆլիկտի հետագա սրումը։ Վերջին երկու տարիների ընթացքում կողմերից յուրաքանչյուրն իր օրակարգով մասնակցել է բանակցությունների․ Հայաստանը, որպեսզի շարունակվի քաղաքական գործընթացը, իսկ ընդհանուր առմամբ ստատուս-քվոն ձեռնտու է Հայաստանին, և որպեսզի Ղարաբաղը միանա բանակցություններին, իսկ Ադրբեջանն ուներ ակնկալիքներ, որ առանց ձևաչափի փոփոխման՝ հնարավոր է կարգավորում, բայց թե ինչ բովանդակության քայլերի միջոցով, այստեղ կարծում եմ՝ մոտեցումները կողմերի երբեք չեն համընկել և այստեղ որևէ նշանակություն չունի փուլային-փաթեթային քննարկումը, խոսքն այն մասին է, որ կողմերից մեկը պետք է անի որոշ քայլեր, և կողմերից մյուսը պետք է անի քայլեր համաչափ կերպով։ Այս հարցում պարզ է, որ չկա կոնսենսուս, ինչի պատճառով էլ ընդհանուր առմամբ հրադադարը խախտվում է և խախտվելու է։
Բնականաբար, որոշակիորեն ներքին բաղադրիչ ևս առկա է այս ամենում, քանի որ հասարակությունները քաղաքականացված են և այս ուղղությամբ ունեն հստակ կամք, նրանք ևս պատրաստ չեն զիջումների, տեսանք, որ կան նաև պատերազմ սկսելու պահանջներ։ Քաղաքական լուծման հեռանկարները շարունակում են չափազանց աղոտ մնալ, հատկապես այս սրացումից հետո մեծ է վտանգը, որ բանակցային գործընթացի շարունակականությունը կարող է ընդհատվել»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն՝ շարունակելով, որ այստեղ պետք է իրենց դերակատարությունն ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ փորձելով ազդել սրացումից հետո ստեղծվելիք բանակցային վակուումի վրա։
Նա նաև արձանագրեց, որ այս օրերի իր դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ հակամատող երկրները լայնածավալ պատերազմ չեն ցանկանում կամ պատրաստ չեն, քանի որ դրա հետևանքները նրանց համար կանխատեսելի չեն։
«Սակայն լոկալ իրավիճակն առկա լուրջ տարաձայնությունների ցուցիչն է, սրա հասցեատերը միջազգային հանրությունն է։ Կարծում եմ՝ այս ամենը լայնածավալ երկարատև պատերազմի չի վերածվի, բայց լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի գուցե այլ ուղղություններով ևս։ Կարծում եմ՝ համանախագահները կմիջնորդեն, և առաջիկայում որևէ մակարդակով հանդիպում տեղի կունենա, թե որքանով արդյունավետ կլինի՝ կդժվարանամ նշել, քանի որ Ադրբեջանում ԱԳ նախարար է փոխվել, բավականին սուր ելույթներ են եղել ղեկավարության կողմից, և այս պահին բարդ է ասել, թե քաղաքականությունն ինչպես պետք է տեղավորել այդ ամենի շրջանակում»,- ասաց Մալաշենկոն։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Թուրքիային, ապա Մալաշենկոն ասաց, որ Թուրքիայի միջամտության մասին շատ է խոսվում, Ադրբեջանն ակնկալում է աջակցություն իր ծրագրերին թե՛ Թուրքիայից, թե՛ Ռուսաստանից, և թե այլ երկրներից։
«Թուրքիան հայտարարություններով աջակցություն է հայտնում, սակայն միջամտությունը շատ լուրջ քայլ կլինի Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ նոր խնդիրների անհասկանալի հեռանկարով։ Այս օրերին Պուտին-Էրդողան շփումներ են եղել, կարծում եմ՝ թեման քննարկվել է, Ռուսաստանը Հարավային ռազմական օկրուգում վարժանքներ է իրականացնում, ինչը ուժի ցուցադրության նշան է, ՌԴ նախագահը նախօրեին անդրադարձել էր թեմային, և ասվել էր, որ ընթանում է աշխատանք կողմերի հետ։ Կարծում եմ՝ իրավիճակն այնքան էլ անվերահսկելի չէ, և բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիայի ներգրավումը լի է անկանխատեսելի վտանգավոր զարգացումներով, որը չի լինի»,- ասաց Մալաշենկոն։
Ռուսաստանին, նրա համոզմամբ, նման զարգացումներ հարկավոր չեն այս տարածաշրջանում, քանի որ Ռուսաստանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքում կան բազմաթիվ խնդիրներ։
«Ռուսաստանը ներկայումս, առավել ևս՝ այս լարված փուլում, հակված է պահպանել հավասարակշռություն կողմերի միջև, այս օրերին մենք դրա ականատեսն ենք»,- ասաց նա։
Անդրադառնալով նաև ՀԱՊԿ-ի հայտարարությանը, որը Հայաստանում մեծ հիասթափության պատճառ դարձավ, քանի որ ՀԱՊԿ-ը հավասարության նշան դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Մալաշենկոն ասաց․
«Նախ արձանագրենք, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով։ Եթե դիմի, կարծում եմ, այդ դեպքում կարելի է քննարկել կամ քննադատել վերջնական որոշումը։ Հայտարարությունը հավասարակշռված էր, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Հայաստանի հետ գործընկերությունից, ունեն սերտ առևտրատնետսական ու քաղաքական կապեր նաև Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ կազմակերպության կանոնադրությունը որևէ երկիր չի ցանկանում խախտել, ուստի, երբ լինի անհրաժեշտություն, և ՀԱՊԿ-ը մերժի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կարելի է դա քննարկել։ Կարելի է նաև ենթադրել, որ ողջ ՀԱՊԿ-ից գուցե չլինի աջակցություն Հայաստանին, բայց աջակցություն այնուամենայնիվ կլինի անհրաժեշտության և մեծ սպառնալիքի դեպքում, երբ Հայաստանի ռազմական ուժերը չբավարարեն դա ետ մղելու համար»։