«Շատ համբերեցի, այլևս չեմ լռելու». ՀՊՏՀ նախկին աշխատակից
168.am-ի խմբագրություն էր դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախկին աշխատակից Անի Ղազարյանը, ով պնդում է, որ իր նկատմամբ ապօրինություն է գործել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Իր պատմությունը նա ներկայացրել էր խմբագրությանն ուղղված նամակով:
«2019թ. դեկտեմբեր ամսից աշխատում եմ ՀՊՏՀ-ում՝ «Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնում»՝ որպես առաջատար մասնագետ: Բազմիցս արժանացել եմ գովասանքի խոսքերի, որոնց մասին վկայում են բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր: 2020 թ. ապրիլի 19-ին՝ ոչ աշխատանքային՝ կիրակի օր, երեկոյան ինձ է զանգահարում ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը և «հրամայում» գրել ազատման դիմում, քանի որ ֆեյսբուքյան էջում կիսվել էի հումորային քաղաքական տեսանյութով»,- ասում է Անի Ղազարյանը:
ՀՊՏՀ նախկին աշխատակցի խոսքով՝ «ռեկտորի ժ/պ-ն ինձ ասել է՝ քանի որ ինքը չի ցանկանում խնդիրներ ունենալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ով զանգով հրահանգել է ինձ հեռացնել աշխատանքից, ուրեմն ես պետք է աշխատանքից ազատման դիմում գրեմ»:
Անի Ղազարյանը նշում է, որ ի պատասխան իր հակադարձումների՝ ռեկտորի ժ/պ-ն իրեն խոսք է տվել 14 օր անց վերադարձնել աշխատանքի, խնդրել, որ ոչ ոք չիմանա իր՝ աշխատանքից դուրս գալու մասին, և կատարել աշխատանքային պարտականությունները:
«Իր սովորության համաձայն՝ նա չկատարեց իր խոստումը՝ ձգձգելով, պատճառաբանելով արտակարգ դրության փաստին հղում կատարելով, և վերջապես պատասխան ստանում եմ մայիսի 21-ին: Զավեշտալին որն է, որ ինձ է զանգահարում ոչ իմ բաժնի ղեկավարը, ոչ ռեկտորի ժ/պ-ն, քանի որ խուսափում էր ինձնից, այլ միջազգային դեպարտամենտի տնօրենը՝ ասելով, որ ինձ նման ակտիվ աշխատակից չեն ցանկանում տեսնել իրենց անձնակազմում, քանի որ այս անգամ էլ զանգ էին ստացել ԵՊԲՀ-ի ռեկտոր Մուրադյան Արմենից (նախօրեին էլ ֆեյսբուքյանս էջում նյութ էի հրապարակել ԵՊԲՀ ուսանողների վերաբերյալ ՝ աջակցությունս հայտնելով իրենց)»,- ասաց բուհի՝ արդեն նախկին աշխատակիցը:
Վերջինիս խոսքով՝ ինքը լիահույս էր, որ տիկին Գալոյանը, այնուամենայնիվ, կցուցաբերի ակադեմիական ազնվություն և չի առաջադրի իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնին, քանի որ ստացվում է, որ ՀՊՏՀ-ն կառավարում են այլք՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ակամայից հարց է առաջանում. եթե նա չի կարողանում պաշտպանել իր լավագույն աշխատողին, ապա ինչպե՞ս է պատրաստվում կառավարել 500 աշխատողից և 6000 ուսանողից բաղկացած կառույցը»,- ասում է մեզ դիմած Անի Ղազարյանը:
«Պարզվում է, որ Տնտեսագիտական համալսարանին ընդհանրապես պետք չեն բանիմաց, փորձառու, կրեատիվ, իրենց ոլորտում հզոր աշխատակիցներ, այլ պետք են բուհի անունից անգրագետ նամակներ ուղարկող ստորաբաժանման ղեկավարներ, գործին չտիրապետող ամբիոնի վարիչներ, ժամանակին կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված դասախոսներ և խորհրդականներ, իրենց ոլորտում ոչ բանիմաց և ուսանողի տետր կեղծող դասախոսներ: Կարծում եմ, որ տնտեսագիտական համալսարանին անսկզբունք ռեկտոր հարկավոր չէ»,- եզրափակեց ՀՊՏՀ նախկին աշխատակիցը: