Պատերազմում մարդ սպանելով՝ մարդասպան չեն դառնում

Երեկվանից Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրիչ գործողություններն է սկսել, և եթե երեկ դրանք հայկական  դիրքերի ուղղությամբ էին, ապա այսօր՝ նաև խաղաղ բնակավայրերի: Մեր թշնամին չի փոխվել. թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ապացուցել է, որ իր զինվորն իր համար որևէ արժեք չունի, բայց մեր երկրի ղեկավարությունը շարունակում է հավատալ, որ ադրբեջանցի մայրերի արցունքները կարող են հալեցնել Ադրբեջանի «սառցե թագավորի» կամ, ավելի ճիշտ՝ «սառցե թագուհու սիրտը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերթական անգամ խաղաղության կոչով է հանդես եկել, ընդ որում՝ ոչ միայն հայալեզու, նաև՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:

«Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր: Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:

Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը:

Կանայք, մայրերը և քույրերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:

Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը և մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետևելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների և ժողովուրդների համար: Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»,- կոչով դիմել է Աննա Հակոբյանը:

Ի դեպ, նկատենք, որ Աննա Հակոբյանն  իր հայտարարության մեջ չի օգտագործում «ագրեսիա», «սադրանք» բառերը: Տպավորություն է, թե սա միջազգային որևէ կառույցի տարածած անդեմ հայտարարություն է, ոչ ՀՀ երկրի ղեկավարի տիկնոջ, եթե անգամ ընդունենք, որ դա արտաքին լսարանի համար է: Եվ եթե ի սկզբանե չիմանանք՝ ո՞վ է տողերի հեղինակը, դժվար է գլխի ընկնել՝ արդյո՞ք այն գրել է Հայաստանի վարչապետի տիկինը:

Լարված ռազմական գիշերից հետո առավոտյան կառավարության արտահերթ նիստում ՀՀ  Պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը տիկնոջ ամուսնուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ներկաներին ներկայացնում է իրավիճակը: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմից զինվորները մեքենայով եկել են հայկական սահմանին մոտ, որից հետո հայ զինվորները դրա մասին տեղեկացրել են իրենց վերադասին, որից էլ հանձնարարություն են ստացել՝ նրանց կոչ անել լքել տարածքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորները, հնարավոր է՝ մոլորվել են։ Հայ զինվորների հորդորից հետո հակառակորդը լքել է տարածքը, սակայն այնտեղ թողել են «Ուազ» մեքենան և սկսել են կրակել դիրքերի ուղղությամբ։

Լսելով Պաշտպանության նախարարի ներկայացրած տեղեկատվությունը՝ Նիկոլ Փաշինյանը հարցնում է.

«Այսինքն՝ տպավորություն է, որ հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչո՞ւ, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել ու հեռացել են։ Հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված եղել, ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել»։

Պատահականությո՞ւն է, միամի՞տ հարց է: Թերևս՝ ոչ: Ընդ որում, թե վարչապետը, թե նրա տիկինը մեր զինվորներին և հրամկազմին ուղղված  քաջալերող որևէ խոսք չեն ասում:

Պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարը կառավարության նիստին կարո՞ղ է ասել՝  «…ինձ մոտ տպավորություն է…»:  Սա նշանակում է,  որ ոչ Գլխավոր Շտաբ, ոչ` ԱԱԾ, ոչ` ՊՆ, ոչ էլ այլ պետական մարմիններ պոտենցիալ Գերագույն գլխավոր հրամանատարին չեն զեկուցել իրադրությունը: Առնվազն` ինքը չի լսել, չի հետաքրքրվել, չի հարցրել:

Իսկ եթե նրան զեկուցել են, և այդպիսի հարց է տալիս, ուրեմն այստեղ գործ ունենք ոչ թե տգիտության, այլ ցնցող և անթաքույց հակահայկական դիրքորոշման հետ: Հարցի ենթատեքստը հետևյալն է` «…նրանք մոլորվել էին, իսկ դուք նրանց… (այսինքն՝ ադրբեջանցի զինվորականներին) սպանել եք…»:

Պետք է հաշվի առնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին միայն Հայաստանում չէ, որ լսում են, և ինքը դա գերազանց գիտի: Երկու դեպքում էլ գործ ունենք ծայրահեղ վտանգավոր իրողության հետ:

Աննա Հակոբյանն ինքն իրեն այդ գրառման մեջ ներկայացնում է՝ որպես «Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ». տպավորություն է՝ գիտական  աննախադեպ հայտնագործություն է արել և հեղինակային իրավունքներն է մատնանշում:

Ինչևէ:

Աննա Հակոբյանի խաղաղության կոչին, ինչպես միշտ, Ինստագրամի իր էջում Մեհրիբան Ալիևան արձագանքել է ագրեսիվ ոճով:

«Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է: Թշնամին հակահարված է ստացել, և միշտ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, ավելի միասնական: Ես իմ խորը վիշտն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանական ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները, ուղարկի շուտափույթ ապաքինում  մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին և մեր ժողովրդին»,- ասված է Ալիևայի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ անցած տարի Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախում մուղամի ներքո թեյախմության, ինչը դարձյալ հանդիպել էր ադրբեջանական «խանումի» ագրեսիվ պատասխանին:

Հայաստանը միշտ էլ խաղաղասեր է եղել, դրա մասին միջազգային հանրությունը շատ լավ գիտի, իսկ խաղաղության գինն ավելի շատ, քան պատերազմով անցածը,  որևէ մեկը չի կարող իմանալ: Նրանցից առավել  խաղաղասեր լինել չենք կարող, պարզ է՝  խաղաղության կոչով խաղաղություն պարտադրել հնարավոր չէ: Ոչ ոք  չի ասում՝ «դևի» դեմ կռվելով՝ «դև» դարձիր, պետք էլ չէ: Ի վերջո, Արցախյան ազատամարտով անցածները պատերազմում  մարդ սպանելով՝ մարդասպան չեն դարձել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԵՄ-ն ԱլԳ տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ փաստաթղթերում կարևորել էր կանանց դերը խաղաղաշինության ոլորտում:

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ, երբ այս տարվա մարտի վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը, 168.am-ը հարցում էր ուղարկել ԱՄՆ Պետքարտուղարություն, որով փորձել էինք պարզել` «արդյո՞ք ծրագրի դադարեցումը  չի ունենա ազդեցություն  բանակցային գործընթացի վրա, կամ սա  չի՞ վկայում ամերիկյան վերաբերմունքի մասին, հատկապես, երբ ավելի ուշ տեղեկություն հրապարակվեց, որ օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք. Պարկերը գրել են. «…մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ, որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում»»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից արձագանքել էին.

«Շուրջ 20 տարվա հաջող համագործակցության և ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման արդյունքում ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀԱԼՈ Թրասթ ընկերության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները վճռորոշ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի ականային աղտոտվածությունը կրճատելու հարցում։ ԱՄՆ կառավարությունը հպարտությամբ  փաստում է այս ձեռքբերումը և Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցությունը ՀԱԼՈ Թրասթի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներից վերաուղղորդում դեպի այնպիսի ծրագրերի, որոնք նախապատրաստում են բնակչությանը խաղաղության և առավել բարեկեցիկ ապագայի։

Միացյալ Նահանգները, որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական ու համապարփակ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր կուռ հանձնառությանը։  Աջակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության որոշումները կշարունակեն բխել այս հանձնառությունից, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական առաջնահերթություններից, որոնց շարքում է Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին աջակցելը»։

Այդ օրերին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել էր. «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հանձնառությունը հակամարտության կողմերի հանձնառությունն է, և պետք է կյանքի կոչվի ԵԱՀԿ համակարգմամբ և բոլոր երեք կողմերի՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան, անմիջական ներգրավմամբ»:

Այնպես որ, ամեն ինչ ծրագրված է: Ոչինչ պատահական չէ:

Տեսանյութեր

Լրահոս