Ինչու է կրճատվել Արցախին տրվող աջակցությունը

«Արցախին տրվող աջակցությունը կրճատելու ԱՄՆ Կառավարության որոշման հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ են»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։

Հիշեցնենք, որ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացրել է, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը, և Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը, այդ թվում՝ ծախսած գումարները ԱՄՆ Անվտանգության խորհրդում՝ իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

Նշենք, որ ԱՄՆ-ը Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Էդգար Էլբակյանն ասաց, որ այս որոշման կայացման հարցում դերակատարություն են ունեցել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գործոններ։ Օբյեկտիվը, նրա խոսքով, այն քաղաքականությունն է, որը Թրամփի Կառավարությունն է վարում՝ նոր իզոլյացիոնիստական, հակագլոբալիստական և ազգայնական քաղաքականություն, որի շրջանակներում աշխարհի տարբեր կետերում ամերիկյան պաշտոնական խողովակներով նյութական և այլևայլ աջակցությունները, այդ թվում՝ ժողովրդավարացման նպատակով տրվող աջակցությունը, որը 1990-ական թթ․ ակտիվորեն իրականացվում էր հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, դադարեցվում է աստիճանաբար։

«Կոնկրետ Արցախում խոսքն ականազերծման աշխատանքների մասին էր, որն իրականացնում էր «Հալո Թրաստ» ընկերությունը։ Ցավալի է, քանի որ նախ՝ կարիք չկա բացատրելու ականազերծման նշանակությունն Արցախի համար, երկրորդ՝ ծրագիրը սոցիալական խնդիր էր լուծում, աշխատակիցները հավաքագրվում էին տեղերում՝ գյուղերից, որտեղ աշխատաշուկան հիմնականում այդքան էլ զարգացած չէ»,- նշեց Էլբակյանը։

Վերլուծաբանը որպես սուբյեկտիվ որակեց հայաստանյան գործոնները։ «Ներքաղաքական այլևայլ բանավեճերի շրջանակում է այդ թեմային տրվելու մեծ գայթակղությունը, բայց առանց դաշտ մտնելու, ենթադրաբար, դեր կարող է ունեցած լինել նաև ադրբեջանական կողմի ակտիվ հակաքարոզչությունն այս պրոյեկտի դեմ։ Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ միշտ է տեղի ունեցել նման բան, և միամտություն կլինի կարծել, որ ադրբեջանցիները դրա դեմ սկսել են պայքարել միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Բայց կարող է դեր խաղացած լինել այդ գործոնի ուժեղացումը և, ի հակառակ դրան՝ հայկական կողմի ոչ այնքան արդյունավետ կոմունիկացիան ամերիկյան գործընկերների հետ»,- ասաց Էլբակյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, որպես փորձագետ՝ ավելի հակված է առաջնայնությունը տալ օբյեկտիվ գործոնին, որովհետև մեզ համար է մեր խնդիրը թվում մեծ կարևորություն ունեցող, բայց հասկանալի է, որ սա պետք է առաջին հերթին՝ դիտարկել ամերիկյան պրիզմայի ներքո։

Նրա որակմամբ, մեծ հաշվով, ժողովրդական լեզվով ասած՝ այդ գումարներն ԱՄՆ-ի համար կոպեկներ են, բայց որդեգրված արտաքին քաղաքական շատ կոշտ սկզբունքը և աստիճանաբար թևակոխելով նախընտրական շրջան, այն էլ՝ այս համաճարակային պանդեմիկ օրերին, Թրամփի ադմինիստրացիան շատ զգայուն է ընտրողների, նրանց կարծիքի առջև։

Մեր հարցին, թե Սիրիայում հայկական հումանիտար առաքելությունը, ինչպես նաև ՀՀ իշխանության պնդումը, թե սա ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած իշխանությունն է, ունեցե՞լ է դերակատարություն այս որոշման կայացման հարցում, Էլբակյանը պատասխանեց, որ միջազգային հարաբերություններում չի կարող լինել իրավիճակ, երբ քո վերաբերյալ որոշում կայացվի, և քեզնից որևէ բան կախված չլինի։

«Ես չէի համաձայնի, որ այս կառավարությունն ամենաշատն ԱՄՆ-ին է քննադատել, այդ թվում՝ երբ ընդդիմություն էին, ավելի շատ ՌԴ-ին են քննադատել։

Ինչ վերաբերում է Սիրիայում մարդասիրական առաքելությանը, ապա ինձ ևս ծանոթ են գնահատականներ, թե ամերիկյան գործընկերները դեմարշի են գնացել, որ, եթե Դուք այլ պետության տարածքում եք ականազերծում իրականացնում, ինչո՞ւ մենք պետք է ֆինանսավորենք արցախյան ծրագիրը, բայց սրանք դետալներ են, և անկախ նրանից՝ ճի՞շտ են դրանք, թե՞ սխալ, ես կվերադառնամ սուբյեկտիվ գործոնի շրջանակում իմ ընդհանրական գնահատականին, որը սահմանեցի՝ որպես անարդյունավետ հաղորդակցություն և բանակցություն ամերիկյան գործընկերների հետ։

Դա պետք է որ դեր ունեցած լինի, որովհետև որքան էլ օբյեկտիվ գործոնը գերակա լինի, միջազգային գործընկերության մեջ քեզ գոնե պետք է ծանուցեն, որ ֆինանսավորումը կրճատում են, և, եթե չես կարողանում դրա դեմն առնել, որքան էլ օբյեկտիվ գործոնը զորավոր է, ուրեմն ինչ-որ չափով թերանում ես նաև դու։ Պարզապես սա հավասարապես ճիշտ կլիներ բոլոր կառավարությունների և իշխանությունների օրոք դիտարկել, 2016 թվականի փետրվարին Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ բանաձևն ի վնաս մեզ ընդունվեց, և դա այն ժամանակվա իշխանությունների ձախողումն էր, բայց կրկին շատ դժվար է չափել՝ որքանով էր անհաղթահարելի դա»,- ասաց Էլբակյանը։

Տեսանյութեր

Լրահոս