Ինչպե՞ս էր կքվում ժողովուրդը

Իհարկե, դիմակ կրելն անհրաժեշտ է համաճարակի ժամանակ։ Բայց այն անհեթեթ պայմանները, որով պարտադրվում է դիմակ կրելը, և այն հետևողական մտագարությունը, որով իրագործվում է այդ օպերացիան, վկայում են ավելի մեծ վտանգների մասին, քան համաճարակն է։

Դիմակների համար տուգանքները դարձել են հայ իշխանավորների հիմնական մտահոգությունը, և կառավարության նիստերին հիվանդների և մահացածների թվին զուգահեռ, որպես ձեռքբերում՝ նշվում է նաև տուգանվածների թիվը։

Ես վստահում եմ Միքայել Մինասյանին, երբ նա նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը ջղագրգիռ, անհավասարակշիռ վարք է դրսևորում այն իրավիճակներում, երբ ունի կոնկրետ բիզնես շահ կամ ստանում է մեծ քաղաքական դիվիդենտներ։ Նաև վստահում եմ կառավարության այն զեկույցին, որն ասում է, թե Հայաստանում կա դիմակների ավելցուկ։ Երևի կառավարության գաղտնի որոշումներում (իսկ հիմա որոշումների 80%-ը գաղտնի են) կամ պարզապես լռելյայն առաջարկվում է իրավիճակ ստեղծել, որպեսզի բնակչությանը ստիպեն սպառել Հայաստանում արտադրված դիմակները։ Իսկ դրանք, ըստ օդում կախված լուրերի, արտադրում է Նիկոլ Փաշինյանի բարեկամներին պատկանող ձեռնարկությունը։

Բայց այս ամենը բավարար հիմք չէ կորոնավիրուսի համաճարակը դիմակների համաճարակով փոխարինելու հիստերիայի համար։ Այստեղ կան ավելի կոնկրետ ու ավելի հզոր քաղաքական շահեր։

Նախ, դիմակների մտագարությունը հանեց սահմանադրական հեղաշրջման դիսկուրսը։ Շարքային քաղաքացին մոռացել է, որ իրեն ղեկավարում է սահմանադրական հեղաշրջում կատարած հանցագործը, որին ձայնակցում են սահմանադրական հեղաշրջում կատարած ևս 88 հանցագործ:

Դիմակների մտագարությունը նաև մոռացնել տվեց այն, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, արդեն 4-5 օր է, Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ չէ, սակայն ներդրումների հեղեղը դեռ չի սկսվել, իսկ շարքային քաղաքացու կյանքն էլ կտրուկ չի բարելավվել։

Պայքարը դիմակների համար մոռացության է տվել անգամ այն հանգամանքը, որ երկրում պետք է պայքար ընթանա համաճարակի դեմ, իսկ իրականում պայքարը դիմակների համար տուգանքների շուրջ է, որը շատ անուղղակի ազդեցություն ունի համաճարակի վրա։

Դիմակախաղը մոռացության է տվել, որ 1,5 ամսից սկսվելու են դասերը դպրոցներում և համալսարաններում, իսկ իշխանությունը դրան պատրաստվելու փոխարեն՝ Հայ եկեղեցու պատմության դասերն է արգելում և դիմակներ պարտադրում։

Կքեցման գործակիցը շատ ուշադիր չափվում է և կառավարվում է կառավարության կողմից։ Մեզ հաճախ ոչ պրոֆեսիոնալ ու հախուռն են թվում պարետատան նիստերը, իսկ այնտեղ ընդունված որոշումները՝ անտրամաբանական ու իրար հակասող, մինչդեռ դրանք կքման կառավարման գործողություններ են։

Սկզբում տուգանքը փակ տարածքների համար էր, աշխատեց, ավելացրեցին բաց տարածքները։ Ավելացրեցին ասֆալտին պառկեցնելը՝ չաշխատեց, ավելացրեցին անձնագրի համար տուգանքները՝ աշխատեց։ Սկզբում տուգանքը 100 հազար դրամ էր, չաշխատեց, իջեցրեցին 10 հազարի՝ աշխատեց, հիմա բարձրացնում են մինչև 20-50 հազար: Սրանք անիմաստ որոշումներ չեն, այլ ճկման այնպիսի գործողություններ, որ կարելի է գտնել պոլիտեխնիկի сопромат-ի՝ նյութերի դիմադրության, ցանկացած դասագրքում։

Ի լրումն դրան, կրկնակի խախտման դեպքում գումարը կրկնապատկվում է, այսինքն`արդեն հասնում ենք նախնական 100 հազարին, կրճատվում է բողոքարկման ժամկետը, կոշտացվում է բռնագանձման կարգը։ Սրանք բոլորը հայ ժողովրդի կքման աստիճանը որոշելու և կքման գործակիցը չափելու միջոցներ են։

Չգիտես ինչպես, այս պայմաններում, երբ Հայաստանի քաղաքացիները կարանտինի հետևանքով գտնվում են պատմականորեն ամենաաղքատ վիճակում, որոշում է ընդունվում ավելացնել գույքահարկը։ Հետո քննարկվում է ավտոմեքենաների կատալիզատորների համար 300 հազարանոց տուգանքը։ Հաշվի առնելով, որ Հայաստանի ճանապարհներին ավտոմեքենաների առնվազն 80%-ն առանց կատալիզատորի են, սա արդեն հարվածով ճկման փորձարկման գործիք է։ Կքման այս գործընթացը դառնում է հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կատարվող հիմնական քաղաքական պրոցեդուրան՝ կարևորությամբ իր ետևում թողնելով անգամ սահմանադրական հեղաշրջումը։

Առաջին հայացքից անհասկանալի է թվում Նիկոլ Փաշինյանի նման պոպուլիստ գործչի կողմից հակապոպուլիստական քայլերի այս մեծ փունջը։ Իհարկե, Հայաստանի քաղաքացիներին կքեցնելը չի կարող ծառայել իշխանության հավերժացման նպատակին, իրականում այն միայն հակառակին է ծառայում, քանի որ բավական է որևէ ընտրություն, հանրաքվե կամ հանրահավաք, և իշխանությունները կստանան ժողովրդի ուժգին հակազդեցությունը:

Ամենայն հավանականությամբ, կքված հայ ժողովուրդը ծառայելու է այլ նպատակի՝ թերևս, արտաքին քաղաքական, որը կատարվելու է շատ արագ և շատ շուտով։ Չի կարելի չնկատել, որ հիմա, ըստ էության, գաղտնի են ընթանում կառավարության նիստերը, հրապարակային չեն պարետատան նիստերը։ Կրկին խորը գաղտնիքով է պատվել ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Որքան էլ փորձես խուսափել դավադրապաշտությունից, չես կարող չկասկածել, որ մի դավադրություն է պատրաստվում, որի համար պետք է կքված ժողովուրդ։ Մասնավորապես, Նիկոլը կարծում է, որ կքված ժողովուրդը չի կարողանա, չի հասցնի ուղղվել, երբ հանկարծակի սեղանին դրվի ղարաբաղյան ոչ ցանկալի լուծումը։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս