Բաժիններ՝

Երևանում թափառող խուժանները․ Ի՞նչ մշակույթ էր ձևավորվել Երևանում 20-րդ դարասկզբին

20-րդ դարասկիզբն ամբողջ աշխարհի համար ողբերգական ստացվեց։ Դարասկզբին և հետագայում գրեթե ամբողջ աշխարհում մոլեգնում էին համաճարակները, պատերազմներն ու սովը։ Սրանք այն գլխավոր խնդիրներից էին, որ դարաշրջանը ներկեցին կարմիր գույնով։ Բնականաբար, այդ ամենից զերծ չէր մնալու Հայաստանը։ Այդ ինտրիգային շրջանում ինտրիգային էր նաև մեր պատմության հարցը․ լինել, թե չլինել։ Ցեղասպանությունից հետո մեր գոյությունը կախված էր մազից։ Արևելյան Հայաստանում կենտրոնացած ժողովուրդը պետք է պայքարեր արդեն իսկ հայրենիքը վերջնականապես պահելու հարցի շուրջ։ Մեզ հաջողվեց պահպանել, ստեղծել պետություն, սակայն հետագայում այն ևս իր վտանգներն ուներ։ Սովն ու համաճարակները մոլեգնում էին ամբողջ Արևելյան Հայաստանում։ Երևանի փողոցներում մարդիկ մահանում էին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ երկրի առաջ ծառացած էր նաև որբ ու անտուն երեխաների հարցը։ Հայ մտավորականները կարողացան միավորվել և այս հարցում օգնել պետությանը։ Թումանյանն Էջմիածնում էր գործում, Տերյանն իր աշխատանքն էր կատարում։ Իր հուշերում հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը հիշում է դարասկզբի Հայաստանը․ հիվանդություններ, քաոս, մահեր և ծանր վիճակ․

«1916 թվի օգոստոսին ես Էջմիածին եկա և միանգամից ընկա Թյուրքական Հայաստանից այստեղ ճողոպրած փախստական զանգվածների ժխորի մեջ։ Փոքր Վաղարշապատն ու Էջմիածինը կարճ միջոցում դարձան դժոխք։ Սով, տիֆը, խոլերան փորահարիքն և ուրիշ հիվանդությունները հարյուրավոր զոհեր էին կորզում։ Օրեր էին լինում,երբ մահացությունը հասնում էր 7-8 հարյուրի։ Ամենուրեք թափված էին չթաղված մարդկանց դիակներ, իսկ դրանց կողքին հիվանդներ և դեռ առողջներ, որոնց գլխին պայթել էր սոսկալի անբախտությունների մի ամբողջ շարան։ Եվ ահա կոշմարային այս ֆոնի վրա առաջին անգամ Երևան եկան անապաստան երեխաները՝ իմպերիալիստական պատերազմի այս պտուղները։

Այդ երեխաներից տասնյակ հազարներ մինչև օրս էլ խնամվում են մեր պետական կազմակերպությունների և Ամերկոմի միջոցով։ Եվ ահա հինգ տարիների մեր վայելած խաղաղությունը և շինարար-ստեղծագործական աշխատանքները ցույց տվին, որ հեռու չէ այն օրը, երբ անապաստան երեխաների հարցը վերջապես կգտնի իր նպաստավոր լուծումը։ Հանցավոր անցյալից մնացած մեր ժառանգությունից իսպառ ազատվելու համար մեզ անհրաժեշտ է թափել մեր վերջին ճիգերը։ Պետության և հասարակության պարտքն է դուրս կորզել այդ անմեղ երեխաներին փողոցի քայքայիչ ազդեցությունից, դարձնելով ապագա հանցավորներից օգտակար քաղաքացիներ»։ (Մարսիրոս Սարյանի հուշը։ 1926 թվական, Երևան, հունիսի 29)։

Հատկանշական է, որ Երևանում թափառող որբ ու անտուն երեխաները ձևավորում էին մի ուրույն մշակույթ։ Այդ տարիներին Երևանում թափառող երեխաներին ժողովուրդն անվանում էր խուժան։ Նրանք վտանգավոր էին, քանի որ գոյությունը պահպանելու համար ստիպված էին զբաղվել գողությամբ։ Հետաքրքրական է, որ երեխաների այդ խմբերը իրենք իրենց ևս խուժան էին անվանում։ Ալեքսանդր Սպենդիարյանի հուշերից տեղեկանում ենք, որ խուժան երեխաների խմբերը Երևանում հայտնի էին գրեթե բոլորին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Սպենդիարյանն առաջարկում էր նաև հարցի լուծում։

«Ամեն նորեկ Երևանում կնկատի ցնցոտիների մեջ, կեղտոտ, ուսերին գցած մեշոկ, անապաստան երեխաներ թափառելիս փողոցներում։ Անապաստան երեխաներին ժղովուրդը կնքել է խուժան անունով և արհամարհանքով է վերաբերվում դեպի նրանց։ Պետք է նկատել, երբ դիտում ենք և զրուցում նրանց հետ, մեր այս խուժան երեխաները վերին աստիճանի մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանք փողոցի բացասական կողմերի հետ միասին ունեն մի շարք գնահատելի գծեր․- ինքնուրույնություն, վստահություն, վերին աստիճանի ճարպիկ ու հնարագետ են, ընկերասեր, ուժեղ, հաստատակամ բնազդով։ Երեխաները, միամտաբար իրանք էլ իրանց խուժան են անվանում և խոստովանում, որ ապրում են խուժանությամբ, այսինքն թալանով ու գողությամբ։ Նրանք հարձակվում են խմբերով մասնավոր ապրանքների վրա, բայց պատմում են, որ ձեռք չեն տալիս Հայկոոպի, բանկոոպի և այլ հասարակական հիմնարկների սայլերին, այլ ընդհակառակը, կազմակերպված ուժերով պաշտպանում են այդ հիմնարկների գույքը փողոցում։ Նրանց չպետք է նայել արհամարհանքով, այլ պետք է ազատել փողոցից և դնել նպաստավոր պայմանների մեջ։ Տվեք նրանց արհեստ, աշխատանք, գեղարվեստ, գիտություն, կրթություն և նրանք միանգամայն կփոխվեն։ Դուրս կգան նրանցից ապագայում պիտանի քաղաքացիներ»։ (Ալեքսանդր Սպենդիարյանի հոդվածն «Անապաստան երեխա» թերթում, Երևան, 1926)

Հետաքրքրական է, որ երեխաներին փողոցային-խուժան անվանելու մշակույթը հասել է մինչև մեր օրեր։ Առաջին հայացքից այդ ամենի հիմքում ոչինչ էլ չպետք է լիներ, սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ քաղաքային մշակույթում ամրապնդվեց այդ ամենը։ Արդյունք՝ում այդ երեխաներից ոմանք կատարելագործվեցին իրենց «մասնագիտության մեջ», իսկ ոմանք կարողացան դուրս գալ այդ համակարգից ու դառնալ ազգին, պետությանը պիտանի մարդ։ Մեղավոր չէին ո՛չ երեխաները, ո՛չ էլ պետությունը։ Ժամանակներն էին բարդ ու ծանր։ Պարզապես պետք է ընդգծել, որ բարդ ժամանակներում պետությունն ու մարդիկ դարձել էին մեկ բռունցք ու կարողացան դուրս գալ այդ բարդ ու սարսափելի իրավիճակից։ Նրանք հաղթեցին ու մեզ փոխանցեցին այս հայրենիքը, քանի որ միավորվեցին։ Սա բանաձև է, որը պետք է կիրառել բոլոր բարդ ու սահմանային իրավիճակներում։

Զ․ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս