
Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն հանքավայրը

Իսպանիայի Կաստիլիա-Լեոն ինքնավար մարզում անտառային հրդեհը վնաս է հասցրել Լաս Մեդուլաս բնական գոտու մի մասին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ անվտանգության նկատառումներով՝ մոտ 800 մարդ է տարհանվել: Հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, իսկ հաջորդ օրը հասել Լաս Մեդուլաս, որտեղ գտնվում են հին հռոմեական ոսկու հանքարանի մնացորդները: Առայժմ ստույգ տվյալներ չկան, թե որքան են հասցված վնասի չափերը:
Ինչպես հաղորդել է ABC թերթը, Բորենես բնակավայրի քաղաքապետ Էդուարդո Պրադան հայտարարել է «լիակատար աղետի» մասին:
Կաստիլիա-Լեոնի ներկայացուցիչ Էդուարդո Դիեգոն պարզաբանել է, որ հրդեհի տարածումն անակնկալի է բերել հրշեջ խմբերին. քամին եղել է շատ փոփոխական, դրա պոռթկումները հասել են 50 կմ/ժ-ի, իսկ օդի հարաբերական խոնավությունը կազմել է ընդամենը 3%: