Բաժիններ՝

Այսօր էլ Հայոց Եկեղեցին է այն կամուրջը, որ կապում է աշխարհասփյուռ հայությանը հայրենի հողին

Մատաղ սերնդի կրթության եւ քրիստոնեական դաստիարակության շնորհակալ գործը Ոգու Շինարար Հայրապետի տեսլականում չէր սահմնափակվում զուտ հայորդյաց տուն հաստատության առաքելությամբ: Դրա բնական շարունակությունը եղավ Ամենայն Հայոց Հայրապետի հանձնառությամբ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցի ծրագիր:

Այս նախաձեռնությունը միտված էր աճող սերնդի մեջ դաստիարակելու այն գիտակցությունը, որ դարերի հոլովույթում Հայոց Եկեղեցու անդուլ մաքառման շնորհիվ է պահպանվել հայի կենսունակության խորհուրդը, որ, հակառակ պատմության փոթորիկների, նա երբեք չի դադարել լինել հայ ժողովրդի ազատության հույսի սերմնացանն ու ցեղի ոգու հոգեշունչ ռազմիկը: Նրա խորանից է խրթին խավարում հնչել մեր ինքնության հիմնը, դարձել խոհ եւ պայքար՝ ճեղքելով լույսի ճանապարհը:

Այսօր էլ Հայոց Եկեղեցին է այն կամուրջը, որ կապում է աշխարհասփյուռ հայությանը հայրենի հողին, նա է ազգի եւ ազգայինի շարունակականության երաշխավորը, մեր լինելության վառ երազի արթուն պահապանը, մեր ինքնության անխորտակ սյունն ու հենարանը: Այս գիտակցությունն է մեր հաղթանակների գրավականը, սա է մեր ուղին, կամ ինչպես բանաստեղծն է ասում՝ Մրրիկով կերտուած վէպը մեր սրտի:

Տեր Գևորգ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս