
Արթուր Պողոսյանն ազատեց Գևորգ Բաղդասարյանին. ինչ առնչություն է ունեցել նա «հրթիռների գործի» հետ

168.am-ը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը նշել էր, որ օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի:
Այսօր ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ նախագահ Արթուր Պողոսյանը հրաման է ստորագրել Գևորգ Բաղդասարյանին օգոստոսի 11-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին՝ նրա իսկ դիմումի հիման վրա:
Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ժամանակին եղել է նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալը և ի պաշտոնե Հ1-ի եթերում պնդել է, որ հրթիռների տեխնիկական անբավարար վիճակն արձանագրված է։ Նշենք, որ փորձաքննություն տեղի չի ունեցել:
«Եթե նույնիսկ փորձարկման արդյունքում առանձին հրթիռներ կլինեն պիտանի և, օրինակ, կպայթեն, դա դեռ չի նշանակում, որ մնացածը ևս կպայթի: Բնականաբար, այդ պայմաններում նաև տրամաբանական չի, որ բոլոր 4232 հրթիռները պետք է պայթեցվեն՝ պարզելու համար՝ դրանք պիտանի՞ էին, թե՞ պիտանի չէին»,- նշել էր նա:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Բաղդասարյանը, ներկա է եղել նաև հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտ քաղաքական որոշում կայացնելու խորհրդակցությանը։
Հավելենք, որ այդ ժամանակ էլ Քննչական կոմիտեի գործող նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետն էր (2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 28-ը):
Իսկ 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․ ձեռնամուխ ենք եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռքբերմանը։
ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել»:
Նշենք, որ այս ընթացքում մի քանի անգամ մերժվել են նոր կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարների պաշտպանների միջնորդությունները:
Այսինքն, մինչ այս պահը, մեծ հաշվով, ապացուցված չէ այդ հրթիռների անպիտան լինելը:
Այս տարվա մայիսին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դատաքննությունը գնում է դեպի վերջնական փուլ: