«Երբ Գագիկ Ծառուկյանն իրենց համար ջուր էր մատակարարում, հուշագիր էր ստորագրում, նա հրաշալի մարդ էր, երբ ասաց՝ թագավորը մերկ է, պարզվեց՝ ինքը հանցագործն է». Ռուբեն Հակոբյան

«Մի քանի անգամ ընդդիմադիր գործունեության պատճառով հրավիրել են այս հիմնարկ, և գիտեմ իրենց ձեռագիրը, գիտեմ, որ իրենք, ի վերջո, միշտ քաղաքական ենթակայության տակ են գտնվում»,- ԱԱԾ-ի առջև լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն պետության անվտանգությանն անմիջապես հարվածող գործողություններով զբաղվելու փոխարեն՝ զբաղված է քաղաքական հարցերի պարզաբանմամբ.

«Սահմանադրական սողացող հեղաշրջումն այսօր իրենց աչքի առաջ է, իրենք այդ ամեն թողած, ծիծաղելի է, ասում են՝ ովքեր կարող են վկայություն տալ, թե 2017 թ. ինչպես են կեղծել ընտրությունները: Պետք է անմեղսունակ լինել, որ չհասկանալ, որ  բոլոր ընտրությունները 1995-ից սկսած՝ կեղծվել են բոլոր իշխանությունների օրոք:  Մինչև Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը, պարզվում էր՝ նա, երբ իրենց համար ջուր էր մատակարարում, որպեսզի հեղափոխությունը հաղթանակի, երբ իրենց հետ կոալիցիոն հուշագիր էր ստորագրում, նա հրաշալի, բարի մարդ էր, սեփականատեր էր լուրջ, բայց հանկարծ, երբ ասաց՝ թագավորը մերկ է, պարզվեց՝ ինքը հանցագործ է, ընտրակեղծարար է, բռնաբարիչ, չգիտեմ՝ ինչ է: Լուրջ ուղեղ պետք չի հասկանալու համար, որ իրենք զբաղված են քաղաքական պատվերներ իրականացնելով»:

Անդրադառնալով իրեն հարցաքննության հրավիրելու ԱԱԾ որոշմանը, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե փոխանակ ուրախ լինեն, որ քաղաքացին ասում է՝ պետք է Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը որդեգրենք, հրավիրում են բացատրություն տալու, թե ինչու են ընդօրինակում վարչապետին:

Հարցին՝ ինչո՞ւ հենց այս փուլում կանչեցին հարցաքննության՝ հաշվի առնելով, որ, ինչպես ինքն է նշել, նմանատիպ այլ հայտարարություններ բազմիցս արել է, նա պատասխանեց.

«Վերջին շրջանում զգացվում է, որ բավականին ընդգծված գրոհ է սկսվել քաղաքական շատ թե քիչ հայտնի ներկայացուցիչների նկատմամբ, և մի բան հստակ է, որ վախի մթնոլորտ են ուզում տարածել»:

Տեսանյութեր

Լրահոս