«ԱԱԾ-ն պետք է հենց այդ հարցերով զբաղվի, ոչ թե ինձ կամ մյուսներին հրավիրի, որպեսզի ծիծաղելի ինչ-որ բացատրություններ պահանջի». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն այսօր կրկին ներկայացել էր Ազգային անվտանգության ծառայություն:

Հիշեցնենք, հունիսի 26-ին ՍԴ-ի առջև ունեցած ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։

Ռ. Հակոբյանը ենթադրում էր, որ պատճառը հունիսի 26-ին ՍԴ-ի դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում արտահայտված մտքերն էին, թե Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

«Ինքը հասարակությանը, քաղաքական ընդդիմությանը պարտադրում է գործել ընդդիմության օրենքի դաշտում, բայց ինքը հակաօրինական անում է այն, ինչ անում է, այսինքն՝ թե՛ դատական, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացրել է իր ձեռքում և, միայն օրինական ճանապարհով պայքարել դրա դեմ՝ այսօր դժվար է, և երևի պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի գործիքակազմից, որով ինքը կարողացավ իշխանության գալ պետական հեղաշրջման միջոցով»,- հունիսի 27-ին՝ մինչև ԱԱԾ մտնելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել էր նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Հունիսի 26-ին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Ռ. Հակոբյանը տեղեկացրել էր, որ հիմնականում տեխնիկական հարցերի վերաբերյալ են զրուցել. «Ես առաջարկեցի, որ այս «զրույցը» ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք նաև երևի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին կառավարության 2019 թ․ ապրիլի ինչ-որ մի օրենք, որտեղ նշված չի, որ արգելվում է, բայց նշված է, թե ով կարող է ձայնագրել:

Մենք հետաձգեցինք. հաջորդ անգամ ես փաստաբանի հետ կներկայանամ, երևի չորեքշաբթի կլինի դա, որոշակի նյուանսներ կան, տեխնիկական հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն»:

Ռուբեն Հակոբյանն այսօր թեև փաստաբանների հետ էր ներկայացել ԱԱԾ, սակայն լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ որոշ փաստեր են ի հայտ եկել, ըստ որոնց՝ փաստաբանական թիմը հուշել է, որ ճիշտ է չներկայանալ Ազգային անվտանգության ծառայություն, իսկ այդ փաստն այն փաստաթուղթն է, որի հիմքով կասեցվել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ Ռադիոտուն գրավելու դեպքով քրեական գործի հարուցումը.

«Ես շատ զարմացա, որ արդեն կա այդ փաստաթուղթը, որ կարճվել է գործը և, հետևաբար, շատ տրամաբանական հարց առաջացավ, որ իմ թիմը երկար քննարկեց. էդ դեպքում՝ ես ինչի՞ եմ ներկայանում, եթե այն գործողությունը, որն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացկայաության պատճառով կարճվել է: Այդ դեպքում ինչո՞ւ են ինձ հրավիրում, որ ասել եմ, թե գործիքակազմից պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի այս հակասահմանադրական պահվածքի համար»:

ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով՝ այսօր ԱԱԾ-ն զբաղված է քաղաքական հետապնդում իրականացնելով.

«Խոսքն այն մասին է, որ իսկապես ԱԱԾ-ն այսօր քաղաքական հետապնդումներով է զբաղված, փորձում է վախ տարածել հասարակության մեջ և հատկապես նրանց մոտ, ովքեր շատ թե քիչ հանրային դեմքեր են և ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում:

Երկու փաստ արձանագրեմ՝ արդեն բացահայտ ճշմարտություն է, որ Նիկոլ Փաշինյանը բարտեր է առաջարկել Միքայել Մինասյանին, որպեսզի նա չգա Հայաստան (մոտավորապես հետևյալի մասին է՝ գիտեմ, որ դու հանցագործ ես, գիտեմ, որ դու քո կլանով Հայաստանում բավականին լուրջ դիրքեր ես զբաղեցնում, մեծ բաների ես հասել, գողացել ես, թալանել ես, կիսվել ես և այլն): Ինքն իր ԱԺ ծառայության ղեկավարի միջոցով նրան առաջարկում, է, որպեսզի չգա Հայաստան, հայտնի հիմնադրամին որոշակի գումար փոխանցի: Իսկ այդ հիմնադրամի ղեկավարը հայտնի է նրանով, որ ասել է՝ ոչինչ, որ գողացած փողեր են, փոխանցեք մեզ, ինդուլգենցիա կտանք: Նաև այստեղ ակտիվ քաղաքական գործիչներ կան, որոնք, այսպես ասած, նույն թիմի մեջ են, որտեղ Միքայել Մինասյանն էր, նրանց էլ արգելի, որ զբաղվեն քաղաքական գործունեությամբ: Սա բացահայատ հանցագործություն է, երբ պետության առաջին դեմքը պարտադրում է, հրահանգում է, շանտաժի է ենթարկում ՀՀ քաղաքացուն, որ ինքը չգա Հայաստան, դրա փոխարեն՝ ինչ է ասում՝ դու գնա քո վայելածդ վայելի Հայաստանից դուրս, թույլ տուր ես էլ վայելեմ այն, ինչ որ ունեմ: Առավել ևս, ինչպես հետագայում պարզվեց, բավականին երկար ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքն ապրել է Միքայել Մինասյանի փողերով:

Կամ, ասենք, հենց Ռադիոտան գրավումը, դրանից հետո դատարանների շրջափակումը. դա ԱԱԾ խնդիր չէ՞, կամ քիչ առաջ ինչ որ ասացի՝ ԱԱԾ խնդիր չի՞: Ի՞նչ է անում ԱԱԾ-ն, ժողովրդի հարկերի հաշվին ապրող ԱԱԾ-ն պետք է իսկապես հենց այդ հարցերով զբաղվի, ոչ թե Ռուբեն Հակոբյանին կամ մյուսներին հրավիրի, որպեսզի ծիծաղելի ինչ-որ բացատրություններ պահանջի»:

Տեսանյութեր

Լրահոս