«Մինչդեռ, միջև» նախագիծն օրինակ է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ պայմանները, օրենքը արվեստի գործի ստեղծման վրա
Երիտասարդ լուսանկարիչ Սոնա Անդրեասյանը, որը մի քանի ամիս է ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում, իր յուրահատուկ աշխատանքներն է ներկայացնում «T66 Kulturwerk» ցուցասրահում կազմակերպված «Մինչդեռ, միջև» անհատական ցուցահանդեսով:
«Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 ստեղծագործություն է ցուցադրվում:
Մի քանի տարի է՝ Անդրեասյանն աշխատում է լուսանկարչության ալտերնատիվ տպագրության տեխնիկաներից մեկով, որը հայտնի է «գումիարաբիկով տպագրություն» անվանմամբ: Սա արաբական խեժի, բիխրոմատի և թղթի մակերևույթին եղած գույնի համադրությամբ արվող տպագրություն է, որը ձևավորվել է 19-րդ դարում և համարվում է ամենահին տպագական տեխնիկաներից մեկն աշխարհում: Վերջին տարիներին այս յուրահատուկ տպագրական մեթոդն է կիրառել ու զարգացրել արվեստագետը:
Տպագրության այս եղանակը, սակայն, ընդունված չէ կիրառել Գերմանիայում, քանի որ բիխրոմատը խիստ թունավոր նյութերի շարքին է դասված: Բիխրոմատի օգտագործումն այս երկրում խստորեն սահմանափակված է, ինչի պատճառով արվեստագետը սեփական ստեղծագործական մեթոդով աշխատելու հնարավորություն չի ունեցել:
Անդրեասյանի աշխատանքը ներկերով, սննդի բաղադրիչներով, ջրով, ալկոհոլով, նատրիումի հիդրոկարբոնատով և ֆոտոնեգատիվներով արված որձարարություն է: Սկզբում այդ փորձարարությունները պարզապես խաղ էին, սակայն ժամանակի ընթացքում վերածվեցին նոր գույների, նոր պատկերների, որոնք իրենց հերթին նոր կառուցվածքներ բերեցին:
Պարզ չի եղել՝ արդյունքը լավն էր, թե ոչ: «Մինչդեռ, միջև» նախագիծն օրինակ է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ պայմանները, օրենքը արվեստի գործի ստեղծման վրա: