Տպավորություն կա, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ դատավորը դժգոհ է խորհրդատվական կարծիքից. Արամ Վարդևանյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված խորհրդատվական կարծիքի շահառուն, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խոսքով, ՀՀ Սահմանադրական դատարանն է, որը 2019 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը կասեցրել էր և դիմել էր ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կասեցրել էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Քրեական գործը կասեցնելու և Ռ. Քոչարյանին ազատ արձակելու որոշումը մեղադրող կողմը բողոքարկել էր, ինչը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր: Դատավոր Արմեն Դանիելյանի որոշման վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք էին ներկայացրել, որը վարույթ էր ընդունվել:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը որոշակի նշանակություն չէր կարող ունենալ ՍԴ-ի համար՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վարույթը կարճելու տեսակետից, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ ՍԴ-ի որոշումներն են, որ պարտադիր են Ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների համար: Փաստաբանը նաև հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանից առաջ ՍԴ դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը:

«Եվրոպական դատարանն էլ գտավ, որ նույնիսկ Դանիելյան Արմենի նման առանցքային, ըստ իր ընկալման, երևի թե, կամ իր համախոհների, որոշման պայմաններում, միևնույն է, ծնվեց խորհրդատվական կարծիքը:

Տողերի արանքից նկատվում է, որ կարծես թե նման դիրքորոշում էր ներկայացվել երևի թե Եվրոպական դատարանին, որ պետք չէ խորհրդատվական կարծիք տալ, չէ՞ որ Դանիելյան Արմենը նման որոշում է կայացրել: Բայց փաստորեն, Դանիելյան Արմենը բավարար հեղինակություն չհանդիսացավ Եվրոպական դատարանի համար, ինչի համար, իհարկե, ուրախ եմ Եվրոպական դատարանի համար միգուցե, բայց ցավում եմ իրավունքի համար հերթական անգամ»,- ասաց փաստաբանը։

Ի դեպ, ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին կից հատուկ կարծիք էր ներկայացրել ՀՀ ներկայացուցիչ դատավոր Արման Սարվարյանը:

«Նա, ըստ էության, բավարար չի գնահատում Եվրոպական դատարանի այս որոշումը՝ ակնկալելով, որ, օրինակ, հետադարձ ուժի հետ կապված պետք է վերջնական լուծումը հենց տար Եվրոպական դատարանը: Իմ մոտ տպավորություն կա, որ առնվազն այդ անձը դժգոհ է, իսկ այդ անձի դժգոհությունը, առնվազն ինձ համար, գոհունակության առարկա է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Իրավաբան Սարգիս Գրիգորյանն անդրադառնալով  հարցին՝ նշեց, որ ՄԻԵԴ-ը գործել է իր իրավասության շրջանակներում՝ տրամադրելով այն իրավական ուղենիշները, որի շրջանակում դիմել էր ՍԴ-ն, և հստակ սահմանել է այն սկզբունքները, որով ՍԴ-ն պետք է առաջնորդվի: Անդրադառնալով դատավոր Արմեն Դանիելյանի որոշմանն էլ՝ ասաց.

«ՄԻԵԴ-ը, վարույթ ընդունելով և հրապարակելով իր կարծիքը, հաստատեց, որ Արմենը Դանիելյանը սխալվում էր իր որոշումը կայացնելուց: Եվ նույնը տեղի է ունենում Վենետիկի հանձնաժողովում, որը, համաձայն իրենց կայքի, հունիսի վերջին հրապարակելու է իր փորձագիտական կարծիքը»:

Տեսանյութեր

Լրահոս