«ՄԻԵԴ-ը փորձում է ասել, որ Քոչարյանի գործով պետք է կիրառվի «7-ի գործ»-ի պրակտիկան». Սարգիս Գրիգորյան
Այսօր կեսօրից մեկ ժամ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ՍԴ հարցման վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը։ Բարդ, իրավաբանական տերմիններով հարուստ փաստաթղթի մասին որոշ պարզաբանումներ ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ներկայացրած խորհրդատվական կարծիքում, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի), ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, տեղ են գտել նաև նախկինում հենց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հնչեցրած դիրքորոշումներում ու պնդումներում:
«Ես նկատեցի, որ որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը ՍԴ առաջին և երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել, մերժել է, և այլն: Նման ձևակերպումներից պետք է զերծ մնալ, որովհետև առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին, և ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է երրորդ կետում՝ խորհրդատվական կարծիքի եզրափակիչ մասում: Այսինքն՝ այդ հարցերն այնպես չէ, որ անպատասխան են մնացել»,- ասաց Արամ Վարդևանյանը:
ՄԻԵԴ-ը խորհրդատվական կարծիքում հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող է լինել իրավաչափ, երբ այն բավարար հստակ է և կանխատեսելի։ «Բլանկետային նորմ» հասկացությունը, ինչպես պարզաբանեց փաստաբան Արամ Վարդևանյանը, դա այն նորմն է, որը Քրեական օրենսգրքի մեջ չէ, այլ մեկ այլ փաստաթղթի մեջ է:
«Օրինակ, 300.1-րդ հոդվածը: Կարծում եմ՝ բոլորդ արդեն տեղյակ եք, որ 300.1 հոդվածի հիմնական նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ: Այսինքն, Սահմանադրությունն է «բլանկետային նորմը»:
Եվրոպական դատարանը, ինչպես նախկինում մենք բազմաթիվ անգամներ նշում էինք, հստակ սահմանել է, որ «բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող է լինել իրավաչափ միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի: Պարզ է, որ մենք տվյալ դեպքում հստակության և կանխատեսելիության պահանջները չունենք 300.1 հոդվածի դեպքում»:
Եվրոպական դատարանը մեկ այլ հանգամանք է նշել նաև, որ արարքի շրջանակը, այսինքն՝ հանցագործություն համարվող արարքը ևս պետք է լինի հստակ։ Ըստ Արամ Վարդևանյանի՝ 300.1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում։
ՄԻԵԴ-ը հրապարակած կարծիքում անդրադարձել է նաև Քրեական օրենսգրքում կատարված փոփոխության հետադարձ ուժին։
Ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, եթե Եվրոպական դատարանն այդ հարցում խնդիր չտեսներ, ապա պարզապես կնշեր, որ այդ մասով խնդիր չկա: Փաստաբանի խոսքով՝ որոշման մեջ նշված է, որ այն պատիժը, որն ավելի խստացնող է, չի կարող հետադարձ ուժ ունենալ, ու ՄԻԵԴ-ը նաև կանոն է նշել հետադարձ ուժի կիրառելիության վերաբերյալ. այն է՝ հետևել ներպետական պրակտիկային:
«Այս դեպքում մենք ունենք Հայաստանում ներպետական պրակտիկա: Մենք ունենք «7-ի գործ», մենք ունենք նաև նույն հատկանիշներով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում մեկ հիմքով պայմանավորված՝ հետադարձ ուժի: Եվ, ի դեպ, հայաստանյան դատարանները և դատախազությունը գտել էին, որ 300.1-ն ըստ էության իրենից ներկայացնում է նոր հանցակազմ, հետևաբար՝ նաև իր խստության հատկանիշներով: Իսկ Եվրոպական դատարանը հստակ պատասխանել է այս փաստաթղթում, որ, եթե արարքը խստացնող է, չի կարող ունենալ հետադարձ ուժ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ խորհրդատվական կարծիքում տեղ գտած այս արձանագրություններն օգտագործվելու են և՛ հասցեատիրոջ՝ ՍԴ-ի, և՛ պաշտպանական թիմի կողմից:
Իրավաբան Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ արձանագրության նպատակը հստակ է՝ օժանդակել ներպետական դատարաններին՝ մեկնաբանել և կիրառել Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները:
«Եվ դա արել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, տվել է այն նպատակները, շրջանակները, ինչի հիման վրա ՍԴ-ն պետք է առաջնորդվի:
Ներպետական դատարանները, մասնավորապես այս դեպքում՝ ՍԴ-ն, կարող է և պետք է կիրառի ներպետական օրենսդրությունը և այն պրակտիկան, որը ձևավորվել է տարիների ընթացքում՝ ես նկատի ունեմ 2009 թվականին կայացված «7-ի գործ»-ի վճիռները, որտեղ գործերը կարճվել են՝ ելնելով նոր հանցակազմի հիմքից: Եվ նույն սկզբունքը պետք է կիրառվի տվյալ գործով: Դա է փորձում ասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին իր լիազորությունները կասեցվելուց առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել էր Սահմանադրական դատարանին՝ խնդրելով ստուգել Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Գրիգորյանը նաև խնդրել էր ստուգել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել քննության առնել 300.1 հոդվածի մասով երկու դիմումները և միավորել դրանք մեկ վարույթում։ Հետո արդեն բարձր դատարանը որոշում էր կայացրել կասեցնել գործի քննությունն ու խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին: