Բաժիններ՝

«Եթե մեր այս տեմպը պահպանվի, ապա մի քանի օրից մենք ավելի շատ հիվանդ կունենանք 1 միլիոն բնակչի կտրվածքով, քան կարանտին չունեցող Շվեդիան». վիրուսաբան

ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան. սա աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թվեր ունեցող երկրների առաջին եռյակն է: Ամերիկայում 1 մլն բնակչի հաշվարկով այս պահին կորոնավիրուսով վարակված է 5346 մարդ, մահացել է 312-ը, Բրազիլիայում նույն հաշվարկով վարակված է 2066 մարդ՝ 126 մահվան դեպքով, Ռուսաստանում 1 մլն բնակչի հաշվարկով վարակակիր է 2656 մարդ՝ մահվան 30 դեպքով:

Հայաստանը կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում 56-րդն է, բայց 1 միլիոն բնակչի հաշվարկով վարակակիրների թվով (2928 դեպք) գերազանցում է առաջին եռյակին՝ և՛ Բրազիլիային, և՛ Ռուսաստանին, մահացածների թվով (41)՝ միայն Ռուսաստանին: Մեր երկրում ամեն օր հաստատվող դեպքերի թիվը մի քանի անգամ գերազանցում է բուժվողների թվին, վերջին օրերին շատացել են նաև մահվան դեպքերը: Օրինակ, այսօր վարակակիրների 460 դեպք է գրանցվել, առողջացել են 10-ը, մահացել՝ 7-ը, երեկ գրանցվել է վարակման 442 դեպք, 15 մահվան դեպք, առողջացել է 32 մարդ: Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց՝ իրավիճակը մտահոգիչ է:

«Ամեն օր ավելի շատ մարդ վարակվում է, քան լավանում։ Սա շատ կարևոր ցուցիչ է։ Եթե մենք կարողանանք հասնել հակառակին, այսինքն՝ ամեն օր ունենանք ավելի շատ լավացած մարդ, քան թե վարակված, այդ դեպքում ծանրաբեռնվածությունն առողջապահական համակարգի վրա կսկսի աստիճանաբար նվազել։ Մեկ միլիոն բնակչի հաշվարկով մենք ունենք 2928 հաստատված հիվանդ, իսկ Շվեդիան, որն ի սկզբանե խիստ կարանտինային ռեժիմ չի ունեցել, ունի 3561 հիվանդ։ Եթե մեր այս տեմպը պահպանվի, ապա մի քանի օրից մենք ավելի շատ հիվանդ կունենանք մեկ միլիոն բնակչի կտրվածքով, քան Շվեդիան։ Սա միայն մեկ բան է փաստում, որ կարանտինային միջոցառումները շատ վատ են կազմակերպվել։ Հակառակ դեպքում չի կարող կարանտինից դուրս եկող երկրում վարակի ցուցանիշները նույնը լինեն, ինչ կարանտին չունեցող Շվեդիայում»,- ասաց Զաքարյանը:

Մեր հարցին, թե մեր երկրի պարագայում ո՞ր երկրների փորձն է կիրառելի, վիրուսաբանը պատասխանեց.

«Արդեն շատ ուշ է խոսել որևէ երկրի փորձի կիրառման մասին։ Ամենասկզբում մենք ունեինք հիանալի հնարավորություն չկրկնելու մի շարք երկրների սխալ քայլերը, բայց դա չարեցինք։ Հիմա, թերևս, մնում է սեփական սխալներից որոշ դասեր քաղելը»։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մենք գործ ունենք կորոնավիրուսի արդեն երկրորդ ալիքի հետ։ Վիրուսաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դա այդպե՞ս է, եթե այո, ապա կա՞ առաջին ալիքի արդյունքների ամփոփումը։

«Գիտե՞ք, առաջին, երկրորդ կամ երրորդ ալիք ասածը շատ պայմանական բան է։ Նույնիսկ չկա որևէ միջազգային ընդունված ստանդարտ, որով հնարավոր կլինի որոշել՝ արդյոք սա երկրո՞րդ ալիքն է, թե՞ ոչ։ Հետևաբար՝ ինձ համար ավելի կարևոր է, որ ներկա իրավիճակում մենք ոչ թե խոսենք ալիքների մասին, այլ, թե ինչպե՞ս ապրենք մի իրավիճակում, երբ կա մշտական վտանգ համավարակի նոր բռնկում ունենալու։ Բնակչության հետ անընդհատ աշխատանքը, նոր սահմանափակումների կատարումը, տուգանքների խստացումը և, միևնույն ժամանակ, մեր ունեցած ենթակառուցվածքների մշտական բարելավումը կարող են բերել նրան, որ մենք կամ չունենանք նոր ալիքներ, կամ էլ ավելի լավ պատրաստ լինենք հաջորդ ալիքին»,- ասաց Զաքարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս