Բաժիններ՝

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված Հայաստանում հաստատվել է բավականին ծանր իրավիճակ. Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված Հայաստանում հաստատվել է բավականին ծանր իրավիճակ։ Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը՝ թե ինչքանով է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշնակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրը այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը խնդիր է տեսնում պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման որակի հետ։

«Գիտեք, որ պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գործունեության ամենատարբեր ոլորտների և ընդհանրապես հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, բայց այդ բոլոր կանոններից կա մի համընդհանուր կանոն՝ ձեռքերի պարբերաբար ախտահանումը, դիմակի կրումը ամենուր, որտեղ հնարավոր է և սոցիալական հեռավորության պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը վստահ է, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին։

Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս