Եթե չգիտեն, թե ինչպես են տեղի ունեցել այդ ոտնահարումները, չպետք է դառնային պաշտոնատար անձ. Ի՞նչ է՝ բյուջեից պետք է գումար տանք, որ նրանք իմանան՝ ինչ է տեղի ունեցե՞լ». Լարիսա Ալավերդյան

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը։

Գործող իշխանությունն այն դիտարկում է անցումային արդարադատության գործիքներից մեկը: Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները: Նշվում է.

«2. Սույն օրենքի իմաստով ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը և իրադարձությունները ներառում են՝

1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

6) վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալ»:

ԱԺ-ում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագծի մասին նոր մանրամասներ է ներկայացրել՝ մասնավորապես հայտնելով՝ փաստահավաք հանձնաժողովի անդամներն անկախ են լինելու գործող իշխանությունից:

Նկատենք՝ անկախ անդամները, ըստ նախագծի, ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից:

168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն անհիմն որակեց, իսկ հանձնաժողովի անդամների մասին տեղեկությանն էլ արձագանքեց, թե շատ քիչ են անկախ փորձագետները, որոնք բյուջեից են վարձատրվում:

«Նպատակը գրված է՝ ուսումնասիրել, որ կարողանան ճշգրիտ իրականացնել անհրաժեշտ ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ, որոնք կբացառեն այդպիսի երևույթները:

Ես, ճիշտն ասած՝ չգիտեի, որ մեր նախարարը և իր հետ այդ նախագիծն առաջադրողներն այլմոլորակային են: Իրենք չգիտե՞ն՝ ինչպես է դա եղել:

Եթե դրա համար պետք է 2 տարի բյուջեից 9 հոգու համար առանձնացնեն գումարներ, այդ դեպքում ես ավելի շատ հարցեր ունեմ՝ քան պատասխաններ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ բավարար է ուսումնասիրել նմանատիպ գործընթացները՝ սկսած 2017 թվականից, իսկ նշվող ժամանակահատվածի իրադարձություններին, նրա համոզմամբ՝ պարտավոր էին տեղյակ լինել.

«Ես համոզված եմ, որ, եթե ուսումնասիրեն մարդու իրավունքների ոտնահարումները, այդ թվում՝ ընտրական գործընթացները՝ սկսած 2017 թվականից, դա ամբողջովին բավարար է:

2017թ. ընտրությունները չեն արժանացել որևէ ընդդիմադիր ուժի քննադատությանը, որևէ մեկը դիմում չի ներկայացրել, չի բողոքարկել Սահմանադրական դատարան: Նույնը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերին:

Ես համոզված եմ, որ մնացածի մասին բոլորը պետք է տեղյակ լինեն, եթե տեղյակ չեն՝ չպետք է նախարար դառնան կամ այլ պաշտոնատար անձ:

Եթե նրանք չգիտեն, թե ինչպես են տեղի ունեցել այդ ոտնահարումները, այդ երևույթները, չպետք է դառնային պաշտոնատար անձ: Ի՞նչ է՝ բյուջեից պետք է գումար տանք, որ նրանք իմանան՝ ինչ է տեղի ունեցե՞լ»:

Դիտարկմանը, թե գուցե հասարակությանը ներկայացնելու խնդիր կա, իրավապաշտպանն արձագանքեց.

«Հասարակությունը քաջ տեղյակ է, հասարակությունը բազմիցս քննարկել է դա, կան նյութեր, և նրանք, ովքեր չեն ալարում, թող վերցնեն-ընթերցեն՝ առանց բյուջեից փող ստանալու»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ հատուկ հանձնաժողովներ ստեղծելու  անհրաժեշտություն չկա. «Այդ նյութերը կան, այդ նյութերը ոչնչացված չեն, դրա համար մենք ունենք պատկան մարմիններ, որոնք կարող են ուսումնասիրել և, եթե պետք է՝ գործ հարուցել:

Ես հույս ունեմ, որ հանրային քննարկումներն ավելի խելացի եզրակացության կգան:

Կրկնում եմ՝ 2017, 2018 թթ. ընտրությունները ծով են, որ, եթե բարեփոխումների համար հանձնաժողով են ուզում ստեղծել, այդ թարմ նյութերը նայեն: Իսկ մնացածը պատկան մարմինները թող ուսումնասիրեն և, եթե կարծում են, որ կան այնպիսի գործեր, որոնք պետք է արժանանան դատական ինչ-որ գործընթացների, թող անեն, բայց նոր մարմինը ո՞րն է: Ինչքա՞ն կարելի է օժանդակ մարմիններ ստեղծել ՝ անհասկանալի հիմքերով, թե՝ պիտի ուսումնասիրեն: Բա 30 տարի հասարակությունն ի՞նչ էր անում. ուսումնասիրում էր, դատապարտում էր, դիմում էր, դրանց մի մասն արդյունավետ էր, մյուսները՝ ոչ: Խնդրեմ՝ թող այդ նյութերն ուսումնասիրեն պատկան մարմինները»:

Տեսանյութեր

Լրահոս