Հուսահատության ճիչ՝ խորհրդարանից

Կորոնավիրուսային պայքարը ձախողած իշխանություններն արդեն սկսել են կախվել փրփուրներից և տարբեր հուսահատության ակցիաներ իրականացնել։

Այսօր, շատերի համար անակնկալ կերպով, խորհրդարանում ելույթով հանդես եկավ Ալեն Սիմոնյանը և մի առանձնահատուկ կոչով դիմեց ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, ի դեպ՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական, ինչպես նաև քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող բոլոր գործիչներին։

«Արցախի, պատերազմի, սահմանում կանգնած մեր զինվորի վերաբերյալ ոչ մեկը՝ ո՛չ այս դահլիճում, ո՛չ դահլիճից դուրս, չի կարող այլ կարծիք ունենալ, և այս պարագայում, նույնպես, մեր միասնականությունն է պետք, որովհետև մարդիկ են զոհվում, տվյալ դեպքում՝ մահանում»։

Սիմոնյանն ակնարկում է, որ պետք է ցուցաբերել միասնական մոտեցում, քաղաքական ուժերի միջև քննարկումներ անցկացնել, որովհետև կորոնավիրուսը միասնական աղետ է։

ԱԺ փոխնախագահի խոսքի պիկն այն էր, երբ նա ասաց՝ COVID-ի հետ կապված հարցերը «խաղից դուրս» թեմաներ են, և չի կարելի քաղաքական նպատակով օգտագործել, նա նաև այդ հարցի վերաբերյալ «ջենթլմենական» պայմանավորվածության մասին բարձրաձայնեց։

Դիտարկենք մի քանի առանցքային դրվագներ, որոնք ուղղակիորեն կապված են Ալեն Սիմոնյանի սրտաճմլիկ դիտարկումների հետ։ Վերջին երեք-չորս ամիսներին ողջ ընդդիմությունը, հանրային ողջ սեկտորը, քաղաքական դաշտի հիմնական եղանակ ստեղծող ուժերն ու անձինք բարձրաձայնում էին, որ պետք չէր համավարակի այս ռիսկային շրջանում դադարեցնել ՍԴ-ի նկատմամբ ակնհայտ քաղաքական պատճառներ ունեցող ապօրինի գործընթացը՝ քար անտարբերություն էր։ Պարբերաբար հանդես էին գալիս տարբեր փորձագիտական ու մասնագիտական վերլուծություններով ու խորհուրդներով, իշխանության կողմից՝ զրո արձագանք։ Այս ամենից բացի և զուգահեռ՝ շարունակվում է ընդդիմության տարբեր գործիչների նկատմամբ քրեական գործերի տեղատարափը։

Մի խումբ բժիշկներ, տարբեր մասնագետներ հայտարարությամբ հանդես եկան, որ կորոնավիրուսն է՛լ ավելի վտանգավոր է 60-ից բարձր տարիքային խմբի համար, ինչպես նաև՝ այն շատ արագ տարածվում է փակ տարածքներում, հորդորեցին, որպեսզի այս համավարակը հաշվի առնելով՝ ազատ արձակվի Ռոբերտ Քոչարյանը, ինչն անտեսվեց անգամ ՀՀ երեք վարչապետների և Արցախի վարչապետի միջնորդության պարագայում։ Իշխանություններն ամենուր ազատությունների ու տեղաշարժման սահմանափակումներ էին մտցնում, սրան հավելած՝ անցանկալի ընդդիմադիրների նկատմամբ․ այս փուլում արհեստական հերթական գործերը սկսվեցին «կարվել» Արմեն Աշոտյանի նկատմամբ, դեռևս չպարզաբանված մեղադրանք՝ Ռուբեն Հայրապետյանի որդու հանդեպ։

Տեղի ունեցածն ինքնին հասկանալի է, որ իշխանության կողմից կիրառվող հերթական քաղաքական մանիպուլյատիվ հնարքն է, որով փորձ է արվում քաղաքական դաշտում մի տեսակ համերաշխության ու միմյանց նկատմամբ փոխադարձ հանդուրժողականության ֆոն ապահովելու իմիտացիա ստեղծել՝ հետագա փուլերում սեփական քաղաքական նպատակների համար այդ հանգամանքն օգտագործելու համար։

Այս ոճը բնորոշ է պոպուլիստական կառավարություններին, որոնք հասկանալով, որ ամեն ինչ արդեն կորսված է՝ դիմում են նման մախինացիաների։ Փաստն այն է, որ Հայաստանում համավարակի տեմպերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և փաստացի անվերահսկելի իրավիճակ է ստեղծված։

Պարետատունն ու ողջ կառավարությունը պետք է հստակ արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարն իրենց մտցրել է փակուղի, և իզուր են փորձում շարքային քաղաքացիներին ներքաշել իրենց խաղերի մեջ։ Կառավարությունը և իշխանությունները չեն կարողացել համապատասխան գործիքակազմ և համապատասխան միջոցառումներ իրականացնել, այդ պատճառով այսօր կանգնած ենք նման աղետի առաջ։

Այսօր արդեն և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ կորոնավիրուսային պայքարի «պռավալի» մյուս բոլոր մեղավորները փաստում են, որ ի սկզբանե հենց իրենք չեն պահպանել համավարակի կանխարգելման նպատակով մասնագետների կողմից պարբերաբար հնչող համապատասխան միջոցները, ավելին՝ առողջապահության նախարարն ուղիղ եթերում հեգնում էր՝ պնդելով, որ կորոնավիրուսը ոչ մի դիմակով հնարավոր չէ պաշտպանել, իսկ սկզբնական փուլում հայտարարում էր, որ ինքը պատրաստվում է իր երեխաներին տանել դպրոց։

Տեղի ունեցած այս անհականալի տեղապտույտի մեջ կարևոր է միայն այն հանգամանքը, թե որ երկիրն ամենաքիչ վնասներով ու կորուստներով դուրս կգա, իսկ օրվա իշխանությունների կոչին դժվար թե որևէ ուժ արձագանքի՝ ոչ թե նրա համար, որ վիճակը ծայրահեղ է, այլ նրա համար, որ իշխանությունն անվստահելի է։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս