Իշխանությունը ծուղակում է, ձեռնարկում է գործողություններ, որ կարողանա դուրս գալ. Վլադիմիր Մարտիրոսյան
Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրն իշխանությունն այն ձևով բերեց օրակարգ, որ դա իր համար դարձավ մեծ ծուղակ։ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորվող օրակարգն այնպիսի որակական խոտաններ ուներ իր մեջ, որից ձերբազատվելը դարձել է շատ դժվար, իսկ իշխանությունը փաստացի ձեռնարկում է գործողություններ, որ կարողանա ծուղակից դուրս գալ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում արտակարգ իրավիճակը ևս մեկ խնդիր դարձավ իշխանության համար առ այն, որ Սահմանադրական դատարանի թնջուկն այլևս հնարավոր չի լուծել, որովհետև այն հասարակության համար գերակա, օրախնդիր չէ, իսկ պետության երկարաժամկետ շահի տեսանկյունից լուրջ իրավական խնդիրներ է պարունակում։ Ակնհայտ է նաև, որ իշխանությունն այդ թնջուկից դուրս գալու արդեն 4-րդ քայլն է անում»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ օրվա իշխանությունն ունի իրավագիտակցության և իրավական գիտելիքների լրջագույն խնդիր, ինչը փաստում են ՀՀ-ում գոյություն ունեցող իրավական համայնքի համարյա բոլոր ներկայացուցիչները, որովհետև ինչպես Սահմանադրական դատարանի հետ կապված, այնպես էլ՝ այլ հարցերում մշակվում են օրակարգեր՝ բացառապես սեփական քաղաքական շահի և այդ շահի վերարտադրման տեսանկյունից։
«Իշխանությունն իշխանություն է միայն սեփական շահի և երկարակեցության ապահովման համար. այլ քաղաքական կոնտենտ արտադրելու ունակություն այն չունի»,- ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին՝ Մարտիրոսյանը նկատեց, որ այդ հարցում չկան ո՛չ գերակայություններ, ո՛չ ռազմավարություն, իսկ ողջ պետական համակարգի կառավարման կայունությունն իրենց ուսերին կրում են համակարգի այն երկարակյացները, որոնք ունեն մասնագիտական բարձր կարողություններ, իսկ իշխանական վերնախավը ոչ միայն իր բարձրության վրա չէ, այլ իր կառավարման համակարգի կայունության համար մեծ վտանգ է ներկայացնում։
«Երբ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերի միջոցով սանիտարահիգիենիկ ինստրուկտաժ է անում, այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ պետական համակարգերն ի՞նչ են անում. Արդյո՞ք դա պետության լիդերի գործառույթն է։ Առհասարակ, խնդիր է նաև հետևյալը՝ որքանո՞վ է կարծիքների, հասարակության հետ շփման, տրվող տեղեկատվության կոռեկտությունը պահպանվում առողջապահության ոլորտի պատասխանատուի կողմից, և որքանո՞վ է դա համաձայնեցվում կառավարության ղեկավարի հետ։ Հետաքրքիր է՝ որքանո՞վ է նախարարը կրում պատասխանատվություն՝ տրվող տեղեկատվության, դրա որակի և չափաբաժինների համար, արդյո՞ք այս ամենը կառավարության կաբինետի հետ սինխրոնիզացված է արվում, թե՞ կատարվում է այնպես, ինչպես իրենց որոշումներն են կայացվում՝ հախուռն։ Իշխանությունը պետք է այս ամենի համար կրի պատասխանատվության, հակառակ դեպքում, եթե հանրությունը պետք է գնա բացարձակ ինքնակառավարման, ապա հանրությանն իշխանություն պետք չէ»,- ասաց «Մեկ Հայաստան»-ի փոխնախագահը։
Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի համավարակի հասցրած սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին զուգահեռ՝ նոր կառավարություն ձևավորելու հրամայականին, և նշեց, որ դրա պատճառը հասարակության պահանջմունքների բավարարման բացակայությունն է, սպասումների չիրականացումը, որը վերջնարդյունքում բերում է արդեն նոր քաղաքական պահանջներ։
«Բոլոր այն ուժերը, որոնք իրենց քաղաքական առաքելությամբ ունեն խնդիր՝ հասարակության պահանջները ձևակերպել՝ որպես քաղաքական պահանջ, պարտավոր են դա իրականացնել»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունն այդ քաղաքական պահանջն ու օրակարգը ձևակերպելու համար պատրաստ է գնալ համագործակցություն ոչ թե՝ ի դեմ, այլ՝ հանուն կարգախոսի ներքո։
Վլադիմիր Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ նոր քաղաքական օրակարգ առաջ բերելու համար «Մեկ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, սակայն առայժմ նման համագործակցություն չկա, և արտախորհրդարանական ընդդիմությունը բավարարվում է ցանցային ակտիվ պայքարով։
Մեր զրուցակցի խոսքով՝ նվազագույնը քաղաքական անգրագիտություն է արտախորհրդարանական ուժերի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ իշխանությունների՝ հաճախ ցուցաբերվող հեգնական վերաբերմունքը։
Մարտիրոսյանը վստահեցնում է՝ ներկայում ընդդիմության որակը շատ ավելի բարձր է, քանի իշխանությանը։
«Ընդդիմության որակը բարձր է իրավագիտակցության, մասնագիտական գործիքակազմի, ընդդիմության գործառույթները պատշաճ կատարելու առումով։ Իսկ ընդդիմության առաջ բերած օրակարգերին իշխանությունները կարողանում են հակադարձել պոպուլիզմով, մեղսագրումներով, ջրբաժաններով, սև ու սպիտակի բաժանումով, ֆեյքոկրատիայով, բայց միևնույն է՝ իշխանությունը թողնի, թե ոչ՝ ընդդիմությունը պետք է կայանա»,- ասաց նա։
Հարցին էլ՝ ի՞նչը կարող է ստիպել իշխանությանը գնալ նոր ազգային համաձայնության կառավարության ձևավորման, Մարտիրոսյանը պատասխանեց.
«Ազգային համաձայնության կառավարության օրակարգը պետք է լինի հստակ. կա՛մ ճգնաժամային կառավարություն, կա՛մ պետք է տեղի ունենա իշխանության տրանսֆորմացիա, կա՛մ պետք է լինի հերթական իշխանափոխության նախերգանք»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում