ԱԺ ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը չեն հանդիպել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մայիսի 8-ին ԱԺ-ում իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինիս հետ չի հանդիպել:
«Սասուն Միքայելյանին Արցախում եմ տեսել, դահլիճ մտնելուց և նստելուց հետո, տեսա, որ նա նույն դահլիճում է, դրանից հետո չեմ տեսել: Մեր միջև զանգ էլ չի եղել, ո՛չ զանգել եմ, ո՛չ էլ ես եմ զանգ ստացել: Թե ինչպե՞ս եմ պատկերացնում մեր հետագա շփումները, ասեմ՝ խորհրդարանն աշխատելու վայր է, և ես չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունն ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է օրենսդիր մեր լիազորություններն իրականացնելու հետ: Ով կփորձի խանգարել այդ լիազորությունների իրականացմանը, մենք դրա մասին պետք է բարձրաձայնենք և ժողովրդին ասենք, որ մեզ խանգարում են նրա ձայնն ԱԺ-ում հնչեցնելու համար»,- այս մասին խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն ասուլիսին հայտարարեց, որ վերադառնալու են խորհրդարանական աշխատանքներին, թեև միջադեպին չի տրվել քաղաքական և իրավական գնահատական, որին այսքան ժամանակ սպասում էին: